Մենք հաճախ համոզված ենք, որ կարողանում ենք սթափ գնահատել այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջը։ Բայց իրականում մտածողության ուժը մեծապես ազդում է այն բանի վրա, թե ինչ ենք նկատում և ինչպես ենք ընկալում տեղի ունեցողը։ Մեր ուղեղը պարզապես չի արձանագրում իրադարձությունները։ Այն անընդհատ ընտրում է, թե որ տեղեկություններին ուշադրություն դարձնի, ինչպես մեկնաբանի դրանք և ինչ պատկերացում կազմի աշխարհի մասին։ Ընդ որում, այդ ամենի վրա մեծ ազդեցություն ունեն մեր սպասումները։
Եթե սովոր ենք ամեն ինչից վատը սպասել, շարունակ նկատել սեփական սխալներն ու կասկածել մեր ուժերին, կարող ենք աչքաթող անել նույնիսկ այն լավ հնարավորությունները, որոնք հենց մեր առջև են։
Հենց այս երևույթի վրա է հիմնված Ջոն Կեհոյի՝ մտածողության հետ աշխատելու հիմնական մոտեցումներից մեկը։ Կեհոն, որը հայտնի է մարդու գիտակցության հնարավորություններին նվիրված իր գրքերով ու մեթոդներով, առաջարկում է փոխել ոչ թե իրականությունը, այլ այն, թե ինչպես ենք մենք նայում այդ իրականությանը։
Ինչո՞ւ չենք նկատում այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջը
Մեր ուղեղը չի կարող միաժամանակ մշակել այն ամբողջ տեղեկությունը, որը ստանում է զգայարանների միջոցով։ Ուստի այն առանձնացնում է այն, ինչն առավել կարևոր է համարում։ Իսկ թե հատկապես ինչն է գրավում մեր ուշադրությունը, կախված է մեր փորձից, սովորություններից, սպասումներից, տրամադրությունից ու համոզմունքներից։
Օրինակ՝ եթե մարդն անընդհատ մտածում է, թե իր մոտ ոչինչ չի ստացվի, ժամանակի ընթացքում սկսում է ամեն ինչում այդ մտքի հաստատումը տեսնել։ Անհաջողությունը նրա համար դառնում է սեփական անկարողության ապացույց, ուրիշի հաջողությունը՝ իրեն նրա հետ համեմատելու առիթ, իսկ նոր հնարավորությունը՝ անհանգստանալու և կասկածելու ևս մեկ պատճառ։
Ջոն Կեհոն առաջարկում է գիտակցաբար փոխել այն, ինչի վրա կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը։ Սա չի նշանակում աչք փակել դժվարությունների վրա կամ ինքներս մեզ համոզել, թե ամեն ինչ հրաշալի է։ Պարզապես պետք է սովորել ցանկացած իրավիճակում չսպասել միայն վատագույնին և չմտածել, թե իրադարձությունները կարող են զարգանալ միայն մեկ՝ բացասական ուղղությամբ։
Ինչպե՞ս ազատվել մտածողության հին սովորություններից
Մտածողության վրա աշխատելը չի նշանակում իրականությունը փոխարինել գեղեցիկ երևակայություններով։ Դա նշանակում է սովորել նկատել այն հնարավորությունները, որոնք նախկինում չէինք տեսնում մեր իսկ պատկերացումների ու սահմանափակումների պատճառով։
01. Մի՛ հավատացեք ձեր գլխում ծագած ամեն մի մտքի
Երբ ձեր գլխում հայտնվում են «Ես չեմ կարողանա», «Ես ոչ մի շանս չունեմ», «Նորից ամեն ինչ վատ է ավարտվելու» մտքերը, մի՛ շտապեք դրանք ընդունել որպես անառարկելի ճշմարտություն։ Հնարավոր է՝ դա ընդամենը ձեր սովորական արձագանքն է, որը ձևավորվել է տարիների ընթացքում։
«Ի՞նչ փաստերի վրա եմ հիմնվում, երբ այդպես եմ մտածում։ Իսկ կա՞ն փաստեր, որոնք այս պահին անտեսում եմ»։
Նման հարցերն օգնում են դուրս գալ սովորական մտածելակերպի շրջանակներից և իրավիճակին նայել նաև այլ տեսանկյունից։
02. Սովորեք ինքներդ ձեզ ճիշտ հարցեր տալ
Նույն խնդրի շուրջ անվերջ մտորելու փոխարեն փորձեք մտածել, թե ինչպես կարելի է այն լուծել։
«Ինչո՞ւ ինձ մոտ ոչինչ չի ստացվում» հարցնելու փոխարեն հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կարող եմ փոխել հենց հիմա»։
Իսկ «Ինչո՞ւ իմ բախտը երբեք չի բերում» հարցի փոխարեն մտածեք. «Գուցե կա՞ն հնարավորություններ, որոնք դեռ չեմ նկատել»։
Իհարկե, միայն հարցը փոխելով խնդիրը չի լուծվի։ Բայց այդպես փոխվում է ձեր մտածելու ուղղությունը։ Դուք այլևս չեք պտտվում նույն մտքերի շուրջ և աստիճանաբար սկսում եք լուծումներ փնտրել։
03. Սովորեք նկատել նաև լավը
Օրվա վերջում փորձեք հիշել ոչ միայն այն, ինչ չի ստացվել, այլև այն պահերը, երբ կարողացել եք որևէ դժվարություն հաղթահարել, ինչ-որ մեկից աջակցություն եք ստացել, նոր բան եք սովորել կամ թեկուզ մի փոքր առաջ եք շարժվել ձեր նպատակին հասնելու ճանապարհին։
Պարտադիր չէ մեծ հաջողություններ փնտրել։ Երբեմն բավական է պարզապես հասկանալ, որ ձեր օրը միայն խնդիրներից ու անհաջողություններից չի բաղկացած եղել։
Եթե սա սովորություն դարձնեք, ժամանակի ընթացքում կսկսեք ավելի ամբողջական պատկերացում կազմել տեղի ունեցողի մասին։ Կնկատեք ոչ միայն անհաջողությունները, այլև այն ամենը, ինչ լավ է ստացվել, և թույլ չեք տա, որ խնդիրները ստվերեն մնացած ամեն ինչ։
04. Պատկերացրեք ոչ միայն հաջողությունը, այլև դրան հասնելու ճանապարհը
Ջոն Կեհոն մեծ տեղ է հատկացնում վիզուալիզացիային՝ մտքում ցանկալի իրավիճակները պատկերացնելուն։ Սակայն այս մեթոդը կարող է իսկապես օգտակար լինել, եթե պարզապես չերազեք, թե որքան լավ է ամեն ինչ դասավորվելու։
Փորձեք պատկերացնել նաև, թե ինչ եք անում այդ ընթացքում։ Օրինակ՝ ինչպես եք կարևոր զրույց վարում, դժվար որոշում կայացնում, հաղթահարում խոչընդոտը կամ շարունակում գործել, նույնիսկ երբ ինչ-որ բան չի ստացվում։
Այսպիսի մտավոր փորձը կարող է օգնել նախապես հասկանալ, թե ինչպես եք գործելու իրական իրավիճակում, և ձեզ ավելի պատրաստ զգալ։
Բայց ամենակարևորը հաջորդ քայլն է՝ մտքում պատկերացրածը իրականություն դարձնելը։ Դրա համար պարտադիր չէ միանգամից մեծ փոփոխություններ անել։ Սկսեք թեկուզ մեկ փոքր քայլից։
Մենք չենք կարող վերահսկել մեր կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները։ Բայց կարող ենք աստիճանաբար փոխել այն, թե ինչպես ենք ընկալում դրանք։
Եվ երբեմն հենց այդ փոքր փոփոխությունից էլ ամեն ինչ սկսվում է։
Ոչ թե այն պատճառով, որ մեր մտքերն ինչ-որ կախարդական ուժով հաջողություն են բերում, այլ որովհետև մենք սկսում ենք նկատել այն, ինչ նախկինում աչքաթող էինք անում, տեսնել նոր հնարավորություններ, այլ որոշումներ կայացնել և համարձակվել անել այն, ինչին նախկինում չէինք համարձակվում ձեռնամուխ լինել։








