Վերջին շրջանում ամերիկյան լրատվամիջոցներում «կարմա» բառն ավելի հաճախ է շրջանառվում։ Դրա առիթ դարձավ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի մահը, որին գնդակահարել էին Յուտայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Կենդանության օրոք նա բացահայտ պնդում էր, որ հրազենի պատճառով գրանցվող ամենամյա զոհերն այն անխուսափելի գինն են, որը պետք է վճարել Սահմանադրության երկրորդ փոփոխությունը պահպանելու համար։ «Տարեկան մի քանի մահը զենք կրելու իրավունքի համար խելամիտ գին է», – ասել էր նա դեռ 2023 թվականին։ Նրա մահից հետո շատ մեկնաբաններ սկսեցին խոսել այն մասին, որ ճակատագիրն ինքն է պատասխանել նրա այդ խոսքերին։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ի՞նչ է կարման
Կարման (սանսկրիտից թարգմանաբար՝ «գործողություն» կամ «արարք») արևելյան կրոններում և փիլիսոփայություններում, ինչպիսիք են հինդուիզմը և բուդդիզմը, հիմնարար հասկացություն է։ Պարզ ասած, կարման պատճառի և հետևանքի օրենքն է. այն ամենը, ինչ մենք անում ենք՝ արարքներից մինչև մտքեր, թողնում է իր «կարմայական հետքը», այսինքն՝ ունենում է իր արդյունքը՝ պտուղները, որոնք մենք ի վերջո քաղում ենք։
Ընդ որում, խոսքը բնավ «բարություն արա՝ փոխարենը բարություն ստացիր» բանաձևի մասին չէ, այլ մարդու ներքին վիճակի, ինչը բավականին տրամաբանական է։ Երբ մարդն ազնիվ է, լավատեսորեն է տրամադրված և ապրում է իր խղճի հետ ներդաշնակ, նա հանգստություն է գտնում, և նրա տառապանքները նվազում են։ Հակառակ դեպքում՝ վատ արարքները ծնում են ներքին լարվածություն, որը հանգեցնում է նոր սխալների։
Այսպես ձևավորվում է մի շղթա, որը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ մարդն ինքը չի որոշում կոտրել այն՝ փոխելով իր գործողությունների ուղղությունը։
Էզոթերիկների շրջանում տարածված է այն կարծիքը, թե իբր «կարմայական հետքը» մեզ ուղեկցում է ընդմիշտ և ազդում մեր ողջ ճակատագրի վրա։ Պարզունակ մեկնաբանությամբ դա հաճախ բառացի է ընկալվում. եթե վատ բան ես արել, տարիներ անց անպայման կպատժվես։
Սակայն ավելի խորքային բացատրության մեջ որևէ գերբնականություն չկա։ Տրամաբանությունը պարզ է. յուրաքանչյուր գործողություն և միտք ձևավորում է սովորություն, իսկ սովորությունները կերտում են բնավորություն և կենսակերպ։ Եթե մարդը մշտապես սխալ ընտրություն է կատարում, նա ամրապնդում է այդ վարքագիծը, և բնականաբար, նրա ճակատագիրը սկսում է դասավորվել համապատասխան սցենարով։ Ոչ ոք ոչ ոքի չի պատժում։
Այս տրամաբանությամբ, կարելի է ասել, որ կարման իրոք նման է բումերանգի։ Եվ այս սկզբունքն իր արտացոլումն է գտնում նաև ժողովրդական ասացվածքներում՝ «Ինչ ցանես, այն էլ կհնձես» կամ «Արածդ քեզ առաջ կգա»։
Այնուամենայնիվ, հասարակության մեջ և սոցիալական ցանցերում, որպես կանոն, առավել տարածված է կարմայի պարզունակ մեկնաբանությունը։ Երբ որևէ «տհաճ» մարդու հետ վատ բան է պատահում, սոցցանցերում մեծ տարածում են գտնում այն գրառումները, որոնցում խոսվում է «հատուցման» և «արդարության հաղթանակի» մասին։ «Պատժի» կամ «պարգևի» գաղափարը շարունակում է ապրել մարդկանց մտքում։ Եկեք պարզենք, թե ինչու։
Կարմա և հոգեբանություն
Ըստ հոգեբանի՝ երբ մարդը խոսում է կարմայի մասին, նա հաճախ նկատի ունի որոշակի ակնկալիքներ։ Դրանք վերաբերում են այն պատճառահետևանքային կապերին, որոնք, իր կարծիքով, պետք է գոյություն ունենան իր արարքների և կյանքի հետագա իրադարձությունների միջև։ Հոգեբանական տեսանկյունից սա մարդուն մի քանի առավելություն է տալիս, օրինակ՝ սեփական կյանքը վերահսկելու զգացողություն է հաղորդում և օգնում է հաղթահարել անօգնականության զգացումը։
«Եթե մենք առաջնորդվում ենք կարմայի գաղափարով, դա մեզ հենարանի զգացում է տալիս, այն գիտակցումը, որ կարող ենք մեր գործողություններով ինչ-որ կերպ ուղղորդել կյանքի իրադարձությունները, – ասում է հոգեբանը։ – Ինչ-որ իմաստով դա իրոք այդպես է. այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում աշխարհին և շփվում շրջապատի հետ, կարող է պայմանավորել նրանց վերաբերմունքը։
«Պայմանականորեն ասած, եթե ես մարդուն բարությամբ եմ վերաբերվում, մեծանում է հավանականությունը, որ նա էլ ինձ այդպես կվերաբերվի։ Թեև, իհարկե, դա երաշխավորված չէ»։
Բացի այդ, մարդու ուղեղը հակված է օրինաչափություններ փնտրելու նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չկան կամ ակնհայտ չեն։ «Օրինակ, երբ մենք ամպերի մեջ կենդանիներ ենք տեսնում կամ գորգի նախշերի մեջ՝ ուրվագծեր, – բացատրում է հոգեբանը։ – Մեր հոգեկանին բնորոշ է ամբողջական պատկերներ տեսնելը։ Եվ եթե մենք սպասում ենք վատ կամ լավ իրադարձության և կենտրոնացած ենք դրա վրա, ապա շատ ավելի հավանական է, որ որևէ օրինաչափություն կնկատենք։ Եթե մենք ինչ-որ բանի սպասում ենք, կարող ենք դա կապել մեր նախորդ արարքների հետ և հանգել այն եզրակացության, որ մենք ենք ազդում մեր կյանքի վրա»։
Կարդացեք նաև՝ Կարմայի օրենքները, որոնք ազդում են մեր կյանքի վրա. Ինչպես փոխել ամեն ինչ դեպի լավը
Կարո՞ղ է արդյոք կարման օգնել մեզ
Հոգեբանը կարծում է, որ եթե մարդն իր կյանքում առաջնորդվում է կարմայի գաղափարով, դա կարող է թերապևտիկ ազդեցություն ունենալ։ «Այն կարող է բարձրացնել կյանքից մեր բավարարվածության մակարդակը, և այս առումով դա դրական երևույթ է, – ասում է հոգեբանը։ – Հաճախ կարմայի հասկացությունը որպես հենարան է ծառայում։ Օրինակ, երբ տեսնում ենք, որ ինչ-որ մեկը վատ արարք է գործում, այն միտքը, որ արդարությունն ու հատուցումն անխուսափելի են, օգնում է հաղթահարել ցավալի զգացումները և վերացնել անպաշտպանության զգացումը, հատկապես եթե տուժել ենք մենք ինքներս»։
Եվս մեկ կարևոր հանգամանք. կարման կարող է օգնել մարդուն՝ գործել իր արժեքներին համապատասխան և ավելի հստակ ձևակերպել դրանք։ «Կարմայի գաղափարը մարդուն օգնում է ոչ միայն հասկանալ, թե որ արարքներն է ճիշտ համարում տվյալ իրավիճակում, այլև հավատարիմ մնալ իր արժեքներին, քանի որ մենք ենթադրում ենք, որ դրա արդյունքում կստանանք ցանկալի, դրական արդյունք», – ասում է հոգեբանը։
Վերջապես, հոգեբանական տեսանկյունից կարման կարող է քավության զգացում հաղորդել։ Այն իրավիճակներում, երբ մարդն իր տեսանկյունից վատ կամ «սխալ» բան է անում, դրա «հետևանքները» կրելը նրան հնարավորություն է տալիս «ամեն ինչ զրոյից սկսել» և հետայսու ավելի հետևողական լինել իր արժեքներին՝ վարվելով այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում։
Բայց այստեղ էլ պետք է զգույշ լինել. եթե մարդը մշտապես սպասում է ինչ-որ վատ և բացասական բանի, նա կարող է դրա համար նախադրյալներ փնտրել իր իսկ գործողություններում և իրականությունն ընկալել ոչ այնպիսին, ինչպիսին այն կա իրականում։








