Ծնողների տան նկուղում տեսախաղեր խաղացող միայնակ երիտասարդի կերպարն արդեն կլիշե է, բայց դա այն կլիշեներից է, որի մեջ կա որոշակի ճշմարտություն։ Կանայք գնալով ավելի հաճախ են դժգոհում, որ տղամարդիկ, այսպես ասած, «հորիզոնում չեն երևում»՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
«Սակայն այս պարալիզը բնորոշ է ոչ միայն կարծրատիպային անգործին։ Նույնիսկ հաջողակ տղամարդիկ, որոնց մոտ, առաջին հայացքից, ամեն ինչ կարգին է, շփոթվում են ժամանակակից հարաբերությունների բարդությունների առջև», – իր հոդվածում գրում է The Washington Post-ի սյունակագիր Շադի Համիդը։
70-80-ական թվականներին մինչև 40 տարեկան չամուսնացած տղամարդկանց տոկոսը միանիշ թիվ էր կազմում։ Նրա խոսքով՝ 2021 թվականին այն հասել է 28%-ի։
«Հետերոֆատալիզմի» ֆենոմենը
Թեման նորից արդիական է դարձել ժամանակակից դեյթինգի բարդությունների մասին վիրուսային դարձած էսսեների ալիքի շնորհիվ։ New York Times-ի շատ հեղինակների կարծիքով՝ տղամարդկանց խնդիրը գնալով խորանում է։ Երեկույթներից մեկի ժամանակ Համիդը երկար բանավեճի մեջ է մտել «հետերոֆատալիզմի» ֆենոմենի շուրջ։ Սա գրող Ջին Գարնեթի հոդվածից մի հայեցակարգ է, որը լայն արձագանք է գտել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում։
Գարնեթը նկարագրում է մի հաջող առաջին ժամադրություն, որից մեկ շաբաթ անց տղամարդը սկսում է հեռավորություն պահպանել՝ պատճառաբանելով «սուր տագնապայնություն» և «մի որոշ ժամանակով առանձնանալու» ցանկություն։
Նա գրում է․ «Տղամարդը պետք է ինձ կամ հուսահատորեն ցանկանա, կամ ընդհանրապես չցանկանա», սակայն, թվում է, ժամանակակից շատ միայնակ տղամարդկանց պակասում է այդ կիրքը։ Նույնիսկ միջին տարիքում նրանք չգիտեն, թե ինչ են ուզում, կամ գիտեն, բայց չեն կարողանում վճռականություն դրսևորել։
Համավարակից հետո գնալով ավելի շատ կանայք են խոստովանում, որ հիասթափված են արժանի տղամարդ գտնելու փորձերից, իսկ ոմանք էլ պարզապես «դուրս են գալիս խաղից»։
Նոր իրականություն․ #MeToo շարժումը և ծանոթությունների հավելվածները
Պատճառներից մեկը #MeToo շարժման հետևանքներն են․ տղամարդիկ սկսել են ավելի զգուշավոր լինել և հազվադեպ են կանանց հետ ծանոթանում իրական կյանքում՝ վախենալով հնարավոր հետևանքներից։ Ի հավելումն, ծանոթությունների հավելվածները ստեղծում են անսահման ընտրության պատրանք, որն իրականում խաբուսիկ է։ Տղամարդկանց «լայքերը» հաճախ անպատասխան են մնում, մինչդեռ կանայք ուղղակի խեղդվում են հազարավոր հաղորդագրությունների հոսքում։ Սա հարաբերությունների մի յուրօրինակ շուկա է, և, ինչպես ցանկացած շուկա, այն ունի իր հաղթողներն ու պարտվողները։
Կարդացեք նաև՝ Ինչի մասին են լռում տղամարդիկ. տղամարդկանց 12 գաղտնիք, որոնք կարող են զարմացնել ձեզ
Հոդվածում նշվում է, որ այսպես միշտ է եղել, սակայն նախկինում տղամարդիկ ավելի հեշտ էին տանում մերժումները՝ դրանք սրտին մոտ չընդունելով։ Այսօր, սակայն, երիտասարդները փոդքաստներում և Reddit-ում քննարկում են «80/20-ի կանոնը», որի համաձայն՝ կանանց 80%-ը նախընտրում է տղամարդկանց միայն 20%-ին։ «Մենք ապրում ենք մասնատված մշակույթում, որտեղ դժվար է գտնել զուգընկերոջ, ով ներդաշնակ կլինի մեր բազմաթիվ ներքին «աշխարհներին»», – գրում է հեղինակը։
«Ես ինքս միայնակ եմ և ցանկանում եմ ամուսնանալ, ուստի սա ինձ համար ոչ միայն տեսական, այլև անձնական հարց է։ Ափսոսում եմ, որ նախկինում զուգընկերուհու որոնումներն առաջնահերթություն չեմ դարձրել։ Տարիքի հետ մարդ դառնում է ավելի բծախնդիր ու համառ։ Իմ պարագան առանձնահատուկ է․ ես ցանկանում եմ երեխաներիս դաստիարակել որպես մուսուլմաններ, այդ պատճառով իմ փնտրտուքների շրջանակը սահմանափակվում է մուսուլման կանանցով կամ նրանցով, ովքեր կընդունեն դա», – ընդգծում է նա։








