Ամառային շոգին, երբ հասունանում են ձմերուկները, հաճույքից մի՛ զրկեք ձեզ և անպայման համտեսեք մի քանի կտոր։ Ձմերուկն օգնում է պահպանել օրգանիզմի ջրային բալանսը, օգտակար է սրտի և մաշկի առողջության համար։ Ինչպես marthastewart.com կայքի համար նշել են փորձագետները, ձմերուկը կարելի է վայելել տարբեր ձևերով՝ ուտել առանձին, ավելացնել աղցաններին կամ դրա հիման վրա պատրաստել ամառային զովացուցիչ սմուզիներ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ձմերուկ՝ ջրային բալանսի և քաշի կորստի համար
Դիետոլոգ և խոհարարական գրքի հեղինակ Միկա Սիվան նշում է, որ ձմերուկը հիանալի կերպով պայքարում է ջրազրկման վտանգի դեմ, որը ամառային ամիսների գլխավոր խնդիրներից է։ Ի վերջո, ձմերուկը մոտ 92%-ով բաղկացած է ջրից և հեղուկի հիանալի աղբյուր է։ Իսկ դիետոլոգ և խոհարարական արվեստի դասախոս Սյուզան Գրիլին հավելում է, որ ջրի զգալի քանակի հետ մեկտեղ ձմերուկը պարունակում է նաև այնպիսի կարևոր հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, ֆոսֆորը և մագնեզիումը։
Ձմերուկի մեջ պարունակվող ջուրը հագեցվածության զգացում է տալիս և կարող է դառնալ քաշի կորստի և վերահսկման գաղտնի զենքը։
«Նրանց համար, ովքեր փնտրում են ծարավը հագեցնելու ավելի հետաքրքիր ու զովացուցիչ տարբերակներ՝ առանց մեծ քանակությամբ կալորիաներ ավելացնելու, ձմերուկն ու ձմերուկի հյութը հիանալի ընտրություն են»
Մեկ բաժակ կտրատված ձմերուկը պարունակում է ընդամենը 46 կալորիա։ Սիվան հավելում է, որ այլ մրգերի համեմատ, ձմերուկը ցածր կալորիականությամբ մթերք է, որը ջրի բարձր պարունակության շնորհիվ կօգնի ձեզ ավելի երկար հագեցած զգալ։
Նա նաև նշել է, որ ձմերուկը հարուստ է վիտամիններ A-ով և C-ով՝ հակաօքսիդանտներով, որոնք կարևոր դեր են խաղում մաշկի առողջության և իմունիտետի ամրապնդման գործում։ Այս վիտամինները, լինելով ջրում լուծված, նպաստում են մաշկի առողջությանը և մարսողության բարելավմանը, ինչը հաստատված է մաշկի առողջության վրա վիտամինների ազդեցության վերաբերյալ հետազոտությամբ։
Սրտի առողջության համար կարևոր օգուտները
Թեև ձմերուկի մեջ մանրաթելերի պարունակությունը համեմատաբար ցածր է (մոտ 0,4 գրամ 2/3 բաժակում), մյուս սննդարար նյութերն այն դարձնում են արժեքավոր սննդի աղբյուր։
«Ձմերուկի հյութը այնպիսի միացությունների լավ աղբյուր է, ինչպիսիք են արգինինը, ցիտրուլինը և լիկոպինը։ Դրանք ունեն սրտապաշտպան հատկություններ»
L-ցիտրուլին ամինաթթուն, որը հիմնականում պարունակվում է ձմերուկի մեջ, ապացուցված կերպով բարելավում է սպորտային արդյունքները։ Ըստ Գրիլիի՝ դրա ամենաբարձր խտությունը գտնվում է ձմերուկի սպիտակ կեղևի մեջ։ Օրգանիզմում ցիտրուլինը վերածվում է անփոխարինելի ամինաթթու արգինինի, որը, ըստ Գրիլիի, կրիտիկական նշանակություն ունի ազոտի օքսիդի սինթեզի համար՝ մոլեկուլ, որը կարգավորում է անոթային տոնուսը։
Կարդացեք նաև՝ Անվանվել են մթերքներ, որոնք օրգանիզմին երկար ժամանակով կապահովեն էներգիայի լիցքով
Բացի այդ, ձմերուկը պարունակում է լիկոպին՝ հզոր հակաօքսիդանտ։ Այս բնական կարմիր պիգմենտի այլ աղբյուրներ են լոլիկը, վարդագույն ու կարմիր գրեյպֆրուտը և գուավան։ Սակայն ձմերուկի մեջ այս ֆիտոքիմիական նյութը մոտ 40 տոկոսով ավելի շատ է, քան կարմիր լոլիկի մեջ։
«Լիկոպինը կարող է բարելավել լիպիդների մակարդակը և զարկերակային ճնշումը, ինչպես նաև պաշտպանել քաղցկեղի որոշ տեսակներից», — ասում է Գրիլին։
Ինչպե՞ս ճիշտ ուտել ձմերուկը
Թեև ձմերուկը հարուստ է սննդարար նյութերով, հյութ քամելիս դրա մանրաթելերի մի մասը կորչում է։ Գրիլին պնդում է, որ հյութի մեջ պահպանվում են բավարար քանակությամբ ամինաթթուներ և հակաօքսիդանտներ՝ օգտակար լինելու համար։ Սակայն հյութն ավելի խիտ և քաղցր է դառնում, քան նույն քանակությամբ ամբողջական ձմերուկը։
Ամենաօգտակարը ձմերուկն ամբողջական վիճակում ուտելն է՝ կտոր առ կտոր։ Ուտելի են նաև կեղևն ու սերմերը։ Կեղևը կարելի է մարինացնել կամ դրանից չիր պատրաստել, իսկ սերմերը՝ բովել։
Զգուշացում․ ինչու՞ չի կարելի միայն ձմերուկով սնվել
Սոցիալական ցանցերում նոր թրենդ է տարածվել, որի շրջանակներում մարդիկ մի քանի օր շարունակ սնվում են բացառապես ձմերուկով և կիսվում իրենց զգացողություններով՝ նպատակ ունենալով արագ նիհարել։ Սակայն դիետոլոգները զգուշացնում են, որ նման արագ նիհարելու արդյունքը երկար չի պահպանվի և օրգանիզմին ավելի շատ վնաս կհասցնի, քան օգուտ։
Այսպիսով, ձմերուկը ամառային սննդակարգի հիանալի բաղադրիչ է, եթե այն օգտագործվի չափավոր և որպես բազմազան ու հավասարակշռված սննդակարգի մաս։








