Տղամարդիկ կանանց համեմատ ավելի հազվադեպ են խոսում իրենց զգացմունքների մասին։ Նրանց չեն սովորեցրել բացահայտ արտահայտել հույզերը, փոխարենը սովորեցրել են լինել զուսպ, կառավարել դրանք և խոցելի չթվալ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Սակայն սիրահարվածությունը փոխում է տղամարդուն։ Եվ նույնիսկ եթե նա բառերով չի խոստովանում, նրա մարմինը, վարքագիծն ու ձայնի հնչերանգը մատնում են այն, ինչն անհնար է թաքցնել։ Եթե ուշադիր լինես՝ կտեսնես, եթե զգայուն լինես՝ կզգաս։
Ահա 6 նշան, որոնց միջոցով կարելի է մեծ հավանականությամբ պարզել՝ նա սիրահարված է։
1. Հայացք, որը սովորականից երկար է հապաղում քեզ վրա
Նա քեզ «հենց այնպես» չի նայում, ոչ էլ որպես շրջապատի մաս։ Նա քեզ ուսումնասիրում է։ Երբեմն՝ գաղտագողի, երբեմն՝ զարմանքով, երբեմն էլ՝ թեթև շփոթմամբ։ Նրա հայացքում կարծես հարց է թաքնված․ «Մի՞թե դու էլ ես նույնը զգում»։ Եվ սրանից էլ ավելին՝ մի խոստովանություն առանց բառերի։
Նա կարող է փախցնել հայացքը, երբ ձեր հայացքները բախվեն։ Կարող է կարմրել կամ, հակառակը, ձևացնել, թե անտարբեր է։ Բայց դու կնկատես այդ հապաղած վայրկյանները, այդ դադարները։ Սա պարզ հետաքրքրություն չէ։ Սա սիրահարվածություն է, որը նա, հնարավոր է, դեռ ինքն էլ չի գիտակցում։
2. Նա հիշում է այն, ինչը դու ինքդ ես մոռացել
Դու նշել էիր, որ գիշերը սուրճ չես խմում, որ երկուշաբթի օրերին դժվարությամբ ես արթնանում, որ քո նվագացանկը սկսվում է Ludovico Einaudi-ի ստեղծագործությամբ։ Եվ նա այդ ամենը հիշում է։ Սիրահարված տղամարդը դառնում է ուշադիր մանրուքների նկատմամբ, քանի որ դու նրա ուշադրության կենտրոնում ես։
Նա մտապահում է անգամ այն, ինչ դու ասում ես ի միջի այլոց։ Եվ այդ մանրուքները հետագայում ի հայտ են գալիս նրա հաղորդագրություններում, հարցերում կամ հոգատարության փոքրիկ դրսևորումներում։ Նա դրանք հատուկ չի գրառում կամ սերտում։ Պարզապես այն ամենը, ինչը կապված է քեզ հետ, նրա համար կարևոր է։ Նույնիսկ ամենաչնչին բաները։ Հատկապես դրանք։
3. Նա առիթներ է փնտրում քեզ հետ լինելու համար
Երբ տղամարդը սիրահարված է, նրան պաշտոնական առիթ պետք չէ։ Նա կարող է անպատրույգ հաղորդագրություն գրել՝ պարզապես զրույց սկսելու համար, առաջարկել հանդիպել «ճանապարհին» կամ այցելել «հինգ րոպեով»։ Երբեմն նա փորձում է դա անել աննկատ՝ իր ձգտումը քողարկելով հարմար պատրվակով։ Բայց կինը զգում է՝ նա իր կողքին է ոչ թե որովհետև հարմար է, այլ որովհետև այդպես է ցանկանում։ Քո կողքին նա ավելի հեշտ է շնչում, ավելի լավ է զգում իրեն։
Նույնիսկ քո ներկայությամբ լռությունը ծանր չէ, այլ բնական։ Նա ձգվում է դեպի քեզ, ինչպես բույսը դեպի լույսը՝ երբեմն ինքն էլ չգիտակցելով դա։
4. Նա բացում է իր հոգին՝ դանդաղ, բայց անկեղծ
Տղամարդիկ հազվադեպ են կիսվում անձնականով, հատկապես նրանով, ինչը նրանց խոցելի է դարձնում։ Բայց եթե նա սկսում է պատմել քեզ իր մասին՝ ոչ միայն աշխատանքից ու նախասիրություններից, այլև իր ներաշխարհից, սա կարևոր ազդանշան է։ Նա խոսում է իր ծնողների, վախերի, իրեն փոխած իրադարձությունների մասին։ Նա կիսվում է նրանով, ինչը թաքցնում է շատերից։ Ոչ թե որովհետև դու նրա հոգեբանն ես, այլ որովհետև քեզ հետ իրեն ապահով է զգում։
Երբ տղամարդը կնոջն է վստահում իր ներաշխարհը, նշանակում է՝ նա արդեն թույլ է տալիս նրան մտնել այնտեղ։ Եվ սիրահարվածությունը, որպես կանոն, հենց դրա մասն է։
Կարդացեք նաև՝ Տղամարդու հոգեբանություն. 5 նշան, որ նա գաղտնի սիրահարված է ձեզ (բայց թաքցնում է)
5. Նա հարգում է քո անձնական սահմանները
Սիրահարված տղամարդը քո հոգու խորքը չի մտնում։ Նա զգուշանում է քեզ նեղացնելուց։ Նա ինտուիտիվ զգում է, թե երբ քեզ անձնական տարածք է հարկավոր, և հարգում է դա։ Նա չի շտապեցնում, եթե դու պատրաստ չես։ Խուսափում է քեզ համար ցավոտ թեմաներով կատակելուց։ Չի պարտադրում իր կարծիքը, նույնիսկ եթե ցանկանում է տպավորություն գործել։ Նա սկսում է լսել, քանի որ նրա համար կարևոր է ոչ միայն քո կողքին լինել, այլև լինել ցանկալի։
Երբեմն դա դրսևորվում է նրանով, թե ինչպես է նա թույլտվություն հարցնում, նախքան քեզ դիպչելը, կամ ինչպես է մի կողմ դնում հեռախոսը՝ ձեր զրույցին չխանգարելու համար։ Նա վախենում է քեզ ցավ պատճառել, և սա տղամարդու սիրահարվածության ամենանուրբ նշաններից մեկն է։
6. Նա անգիտակցաբար փոխվում է քո ներկայությամբ
Դու կարող ես նկատել, որ նա այլ կերպ է խոսում, այլ կերպ կատակում, մի փոքր ավելի խնամքով հագնվում կամ նույնիսկ փոխում է քայլվածքը։ Այս ամենը խաղ չէ։ Այդպես նրա մարմինն ու ենթագիտակցությունն են հարմարվում ձեր հանդիպման կարևորությանը։ Սիրահարված տղամարդը փոխվում է։ Նա կարող է դառնալ ավելի կենտրոնացած կամ, ընդհակառակը, թեթևակի շփոթված։
Նա ցանկանում է դուր գալ քեզ։ Գոնե մի փոքր։ Նա ուզում է համապատասխանել ոչ թե ինչ-որ իդեալի, այլ քո հայացքին։
Նա կարող է չասել. «Ես սիրահարված եմ», կարող է նույնիսկ ինքն էլ դա չհասկանալ։ Սակայն մարմինը, ուշադրությունը, հոգատարությունը, հայացքը, դադարներն ու մանրուքներն իր փոխարեն շատ ավելին կասեն։
Գլխավորը՝ մի՛ շտապիր հետևություններ անել, ցանկալին իրականության տեղ մի՛ ընդունիր և սովորի՛ր լսել ոչ միայն ականջներով, այլև սրտով։ Չէ՞ որ սերը հաճախ շշուկով է խոսում, բայց նրանց համար, ովքեր կարողանում են լսել, այն հնչում է երաժշտության պես։







