Բոլորս էլ գիտենք, որ տղամարդկանց համար երբեմն շատ դժվար է արտահայտել իրենց իսկական զգացմունքները։ Երբեմն ուժեղ սեռի ներկայացուցիչները պարզապես համր են դառնում, երբ փորձում են պատմել, թե ինչ են զգում։ Սակայն այն, ինչ տղամարդը չի կարող բառերով ասել, կարող է արտահայտել մարմնի լեզվով։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Մենք չենք կարող ապրել առանց շփման: Երբեմն մենք դրա համար օգտագործում ենք բառեր, երբեմն էլ գտնում ենք ինքնաարտահայտելու այլ ձևեր: Ճշմարտությունն այն է, որ մարմնի լեզուն հաճախ ավելին է ասում մեր մասին, քան այն բառերը, որոնք մենք արտասանում ենք:
Ոչ բանավոր հաղորդակցությունն ամենաանկեղծն է։ Ավելին, սերն այն զգացմունքներից է, որն իր ինտենսիվության պատճառով հաճախ արգելափակում է մեր բանավոր հաղորդակցությունը՝ ստիպելով ապավինել սեփական մարմնի լեզվին։
Ստորև կնկարագրենք սիրահարված տղամարդու մարմնի լեզվի որոշ նշաններ։
«Ամենահին լեզուն մարմնի լեզուն էր, և, հետևաբար, եթե ուշադրություն դարձնենք միայն մտքերի և զգացմունքների բանավոր կամ գրավոր արտահայտմանը, ապա մենք մեզ զրկում ենք մարդկային լեզվի մեծ մասից» – Պաուլո Ֆրեյրե:
Մեր մարմինը միշտ «խոսում է» շատ պերճախոս։ Սիրահարված տղամարդկանց (նաև կանանց) կարելի է ճանաչել նրանց աչքերի հատուկ փայլով։ Նորմալ է, երբ տեսնում ենք մեկին, ում սիրում ենք և մեր աչքերը սկսում են փայլել: Բոլոր մտքերը զբաղված են միայն մեկ մարդով, ուստի արցունքագեղձերը սովորականից ավելի են գրգռվում։ Ահա թե ինչով է բացատրվում նման իրավիճակներում աչքերի բացառիկ պայծառությունը։
Սակայն սա միակ բանը չէ, որ արժե նշել։ Սիրահարված տղամարդու մարմնի լեզվի ամենախոսուն նշաններից մեկը նրա սևեռուն հայացքն է։ Այս հայացքը հետևում է ձեզ, որտեղ էլ որ գնաք և հեշտությամբ գտնում է ձեզ ամբոխի մեջ: Նա բաց չի թողնի ձեզ, քանի դեռ տեսադաշտից դուրս չեք եկել:
Ավելին, այդ հայացքը սովորաբար կենտրոնանում է ձեր շուրթերի վրա։ Եվ կապ չունի՝ խոսո՞ւմ եք, թե՞ լռում։ Այս հայացքը խոսում է սիրահարված տղամարդու փոխարեն։ Նման իրավիճակում խոսքեր պետք չեն։
Բացի հայացքից, արժե ուշադրություն դարձնել դեմքի այլ ժեստերի, որոնցով տղամարդիկ առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերում։ Օրինակ՝ բարձրացրած հոնքերը։ Եթե տղամարդը սկսում է թեթևակի «շարժել» հոնքերը ձեզ հետ հանդիպելիս, դա նշանակում է, որ նա հետաքրքրված է ձեզանով:
Նույնը վերաբերում է նրա ժպիտին: Սերը ստիպում է մեզ ժպտալ ամբողջ օրը: Հետևաբար, ժպիտը տղամարդու բարձր հոգեվիճակի արտահայտությունն է, որը նա ապրում է, երբ ձեր կողքին է։
Բացի այդ, սիրահարված տղամարդու համար սովորական է ընդօրինակել այն կնոջ դեմքի արտահայտությունները, ումով գրավված է։ Եվ նա չի էլ գիտակցում դա: Նա անգիտակցաբար ընդօրինակում է նրան, ումով հիանում է։ Նա չի նկատում, որ «պատճենում» է ձեր դեմքի արտահայտությունները, քանի որ նրա բոլոր մտքերը զբաղված են նրանով, թե ինչպես գրավել ձեր ուշադրությունը։
Եթե տղամարդը հակում է զգում, նա իրեն կմատնի տարբեր անգիտակից ժեստերով։ Օրինակ՝ սենյակ մտնելուն պես նա անընդհատ կդիպչի իր մազերին կամ կսկսի ուղղել փողկապը, բաճկոնը կամ ցանկացած այլ հագուստ։ Դրանով նա ցանկանում է համոզվել, որ լավագույնս է պատրաստ ձեզ հետ հանդիպմանը։
Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս հասկանալ, որ մարդը սիրահարված է քեզ. հնարքներ ՀԴԲ գործակալից
Նա կարող է ժամանակ առ ժամանակ դիպչել իր ընտրյալի մեջքին, ասես առաջնորդում է նրան։ Շատերն այս ժեստը համարում են հնաոճ և սեփականատիրական։ Բայց սա ուշադրության շատ առնական նշան է, որի օգնությամբ նա իսկական զգացմունքներ է ցույց տալիս մի կնոջ նկատմամբ, ում հանդեպ անտարբեր չէ։
Բացի այդ, կարող եք նկատել, որ նա խոսելիս թեքվում է դեպի ձեզ։ Նաև հանդիպման պահին որոշ տղամարդիկ ուղղվում են և դուրս հանում իրենց կուրծքը։ Սա ուժի դիրք է։ Սա նշանակում է, որ նա պատրաստվում է ինչ-որ կարևոր բան ասել կամ անել:
Նաև նրա հետաքրքրվածության մասին կարող է խոսել այն փաստը, որ ռեստորանում ժամադրության ժամանակ նա սկսում է «խաղալ» անձեռոցիկների կամ դանակ-պատառաքաղների հետ՝ դրանք դասավորելով այն կարճ ժամանակահատվածներում, երբ նա աչքերը կտրում է ձեզանից:
Այս հոդվածում նկարագրված ժեստերով տղամարդը անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում։ Դուք պետք է իմանաք, որ սիրող տղամարդուն կարող եք ճանաչել այն ուշադրությամբ, որով նա լսում է ձեզ։ Եվ քանի որ նա ամեն դեպքում փորձում է աջակցություն ցուցաբերել, նա ուշադրություն է դարձնում ձեր բոլոր ցանկություններին ու կարիքներին։