fbpx

Ալ Կապոնե. պատմության մեջ ամենահայտնի և որոշների մոտ հիացմունքի արժանացած մաֆիոզը

Այս տարի լրանում է բոլոր ժամանակների ամենահայտնի գանգստերներից մեկի՝ Ալ Կապոնեի ծննդյան 125-ամյակը։ Նա գլխավորում էր կազմակերպված հանցագործությունները և հավերժացավ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սպիով դեմքը» և «Անձեռնմխելիները»: Ամերիկացի տխրահռչակ գանգստերի ժառանգությունը մնում է թեմա, որը հոլիվուդյան պրոդյուսերներին և գրողներին հուզում է մինչ օրս:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Կապոնեն, ով փառքի է հասել 20-ականներին՝ որպես իտալա-ամերիկյան կազմակերպված հանցավորության սինդիկատի համահիմնադիր և ղեկավար, որը հայտնի է որպես Chicago Outfit, որոշների կողմից նկարագրվել է որպես արգելքի դարաշրջանի Ռոբին Հուդ, քանի որ նա նվիրաբերել է գումարի մի մասը բարեգործական կազմակերպություններին։ Նա առանձնանում էր նաև այլ գանգստերներից՝ անընդհատ հայտնվելով հանրության առաջ, զրուցելով լրագրողների հետ և մեծ խնջույքներ կազմակերպելով։

Այս սարսափելի, բայց խարիզմատիկ գանգստերի մասին կարծիքները հակասական են։ Կապոնեն, որին ոմանք պաշտում էին, ղեկավարում էր Չիկագոյում «հանցավոր կայսրությունը», որը հիմնված էր «մոլախաղերի, մարմնավաճառության, առևտրի, կաշառակերության, թմրամիջոցների ապօրինի գործունեության, կողոպուտի և սպանության վրա»։

Ո՞վ էր Ալ Կապոնեն

Ալֆոնս Գաբրիել Կապոնեն, որը ծնվել է 1899 թվականին, Բրուքլինում՝ Նեապոլից ներգաղթած ծնողների ընտանիքում, վաղ տարիքից է ներգրավվել կազմակերպված հանցավորությունների մեջ: Դեռահասության շրջանում նա դարձել է Five Points Gang-ի անդամ՝ իռլանդա-ամերիկյան ծագում ունեցող հանցավոր փողոցային խմբավորում, որը տեղակայված էր Ստորին Մանհեթենի Ֆայվ Փոյնթս թաղամասում, որտեղ նա փող էր շորթում «տանիքի» համար (վճար, որը հանցագործները գանձում են մարդկանցից՝ նրանց չվնասելու կամ գույքին վնաս չհասցնելու համաձայնության դիմաց):

Կապոնեն, սակայն, արագ հասկացավ, որ միայն բռնությունը չի ապահովի հանցավոր գործունեության երկարաժամկետ հաջողությունը:

1917 թվականին գանգստեր Ֆրենկ Գալուչիոն բարում դանակով հարվածեց Կապոնեի դեմքին, երբ վերջինը կոպիտ արտահայտություն արեց Գալուչիոյի քրոջ հասցեին։ Այդպես ծնվեց «Սպիով դեմք» մականունը, իսկ ավելի ուշ Կապոնեն հարձակվողին դարձրեց իր թիկնապահը:

Շուտով Կապոնեն գնդակահարեց իր առաջին զոհին, անախորժությունների մեջ ընկավ իռլանդական ավազակախմբի հետ և իր ձեռքով ծեծեց ավազակին: Վնտահ լինելով, որ իրեն չեն բռնի՝ նա Նյու Յորքից մեկնեց Չիկագո։

Չիկագոյում իր ծաղկման շրջանում՝ 1925-1929 թվականներին, Կապոնեն համարվում էր ԱՄՆ-ի ամենահայտնի գանգստերը։

Կապոնեն, սակայն, իրեն ոչ թե հանցագործ էր համարում, այլ ձեռնարկատեր, ով հայտնի էր նաև առատաձեռնությամբ։ Կապոնեի գլխավորած կոնսորցիումը պարծենում էր եկամուտների հոսքերով, որոնք գալիս էին ալկոհոլի անօրինական վաճառքից և մարմնավաճառությունից:

Կարդացեք նաև՝ Աշխարհի ամենահանդուգն և արյունարբու մաֆիաները

Կոտորած՝ Վալենտինի օրը

1929-ի Վալենտինի օրը տեղի ունեցած սպանդը ոստիկնության կողմից նկարագրվում է որպես «Այդ ժամանակաշրջանի Չիկագոյի ավազակային բռնության գագաթնակետը, որի ժամանակ ոստիկանության անունից ներկայացած հակառակորդները «Բագս» Մորանի խմբավորման յոթ անդամներին ավտոմատով գնդակահարեցին ավտոտնակի պատին հենած»:

Թեև Ալ Կապոնեն այդ ժամանակ գտնվում էր Ֆլորիդայում՝ իր տանը, շատերը կարծում էին, որ նա էր ջարդը պատվիրելու պատասխանատուն:

Նա երբեք չի դատապարտվել սպանությունների համար, բայց, ի վերջո, բանտ է նստել հարկերից խուսափելու համար՝ 33 տարեկանում ավարտելով հանցագործության ղեկավարի իր կարիերան։

Նա իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ գտնվող տխրահռչակ Ալկատրաս դաշնային քրեակատարողական հիմնարկում, նախքան 1939 թվականին ազատ արձակվելը, երբ նրա մտավոր ունակությունները զգալիորեն վատթարացել էին:

Ալ Կապոնեն մահացել է 1947 թվականին՝ 48 տարեկանում՝ ինսուլտի հետևանքով առաջացած սրտի կանգից։

Ալ Կապոնեն՝ որպես հիացմունք առաջացնող գործիչ

Տխրահռչակ գանգստերն իր հետքն է թողել ոչ միայն 1920-ականների Չիկագոյի փողոցներում, այլև 20-րդ դարի Հոլիվուդում՝ իր կյանքից ոգեշնչված բազմաթիվ ֆիլմերով: Նրա առոգանությունն ու վարքագիծը նաև ոգեշնչել են գանգստերների մասին բազմաթիվ կոմիքսներ ստեղծելուն՝ ֆիլմերում, փոփ երաժշտության և գրականության մեջ:

Օրինակ, 1931 թվականին «Փոքրիկ Կեսար» ֆիլմի համար դերասան Էդվարդ Գ. Ռոբինսոնը մասնակցել է Ալ Կապոնեի դատավարությանը, որպեսզի հասկանա նրա մարմնի լեզուն:

Կապոնեն հայտնվել է Մարիո Պուզոյի «Կնքահայրը» (1969) քրեական վեպի մի մասում, որի հիման վրա էլ 1972 թվականին ստեղծվել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հայտնի համանուն ֆիլմը։ Նա հանդիսացել է նաև Արմիթեյջ Թրեյլի «Սպիով դեմք» (1929) վեպի ոգեշնչումը, որի հիման վրա, նույնպես, երկու ֆիլմ է նկարահանվել։

Ռեժիսոր Բրայան Դե Պալմայի «Անձեռնմխելիները» գլուխգործոցը մեկ ուրիշ հայտնի դրամա է՝ ոգեշնչված Կապոնեի պատմությունից։

Բոլորովին վերջերս՝ 2020 թվականին թողարկված «Կապոնե» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Թոմ Հարդին է, նույնպես պատմում է այս մարդու կյանքի մասին, որը ղեկավարում էր հանցավոր կայսրությունը:

Ալ Կապոնեի հմայքը շարունակվում է տարածվել, նույնիսկ, նրա ծնվելուց 125 տարի անց։

Նրա պատմությունը արտացոլում է ոչ միայն ամերիկյան երազանքը, այլև ամերիկյան մշակույթի երկակիությունը Չոր օրենքի ժամանակաշրջանում՝ մի դարաշրջան, որը բնութագրվում է ինչպես պուրիտանական զսպվածությամբ, այնպես էլ չափից դուրս սպառմամբ: Եվ այս հակասական պատմական անհատականությունները մինչ օրս երկրի մշակույթի մասն են կազմում:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ալ Կապոնե. պատմության մեջ ամենահայտնի և որոշների մոտ հիացմունքի արժանացած մաֆիոզը
Հավելվածը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք կունենան աստղերը ծերանալուց