fbpx

«Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ.․․»․ Հովհաննես Թումանյան

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը: Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա — ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է։ Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ Թումանյանի մահից հետո նրա որդին գողացավ հոր սիրտն ու թաքցրեց իրենց տանը. պատմություն, որ քչերին է հայտնի

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի: Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել, և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․

«Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում․․․ Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,
անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

— Տեսեք, ժողովուրդը մեզ հետ է:
Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից:

Անկեղծ չենք:

Հովհաննես Թումանյանի հոդվածներից, 1907թ.

Աշխարհքում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը. դրա համար է, որ Համլետը, երբ հորն ուզում է գովել, ասում է՝ մարդ էր նա: Հեշտ բան հո չի՞ մարդ լինելը. մարդ փնտրելիս էլ, երբ մարդու մեծ կարոտ ես զգում, աշխատում ես նույնիսկ գտածին, եղածին մեծացնել — շատ բան տեսնել մեջը, բայց մի օր վերջիվերջո պատռվում է, բացվում է, տեսնում ես շա՜տ հասարակ կտոր է…

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
«Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ.․․»․ Հովհաննես Թումանյան
12 խորհուրդ, թե ինչպես հաղթահարել կյանքում սկսված այն դժվար ժամանակահատվածը, որը կոչվում է սև շերտագիծ