Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես:
Ես սպասում եմ քեզ.Ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում:
Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:
Ես քեզ եմ սպասում… սպասում եմ, որ պատմեմ քեզ այն ամենն՝ ինչ քեզնից հետո կատարվեց ինձ հետ, իսկ ինձ հետ իրոք շատ բան կատարվեց. ես փոթորիկների միջով անցա, խեղդվելուց փրկվեցի շատ հաճախ, իսկ հիմա,
Փառք Աստծո, արդեն խաղաղ եմ: Արի, որ պատմեմ առասպելս…
Գիտե՞ս ինչպիսին է հիմա վիճակս՝ ես շատ խաղաղ եմ ու շատ եմ նման փոթորկից հետո հանդարտված ծովին:
Հանգստանում եմ ես. մի կողմ եմ նետել ճնշող ամեն բան՝ արձակել եմ բոլոր սանձերը հոգուս, ազատություն եմ տվել հույզերիս՝ զգացմունքն է անզուսպ հորդում իմ միջից:
Ես քեզ սպասում եմ… գիտեմ, ուզում ես գալ, բայց էլ չես կարող…սակայն միևնույն է՝
Ես քեզ սպասում եմ…
[audio:http://arxangelo.info/audio/paruyr_sevak-es_spasum_em_qez.mp3|titles=Sevak- es qez spasum em]