Կանացի էներգիան զուտ արտաքին գրավչություն չէ։ Դա ավելի շատ ներքին վիճակ է՝ մեղմություն, խորություն, ինտուիցիա և աշխարհն ուրիշներից շատ ավելի նուրբ ընկալելու ունակություն։ Այն դրսևորվում է տարբեր կերպարանքներով, բայց անխտիր միշտ հետք է թողնում թե՛ հիշողության, թե՛ սրտի ու զգացողությունների մեջ։ Աստղաբանության և հոգեբանության տեսանկյունից այս առանձնահատուկ ձգողականության հիմքում ներքին ամբողջականությունն է. երբ մարդը դաշինքի մեջ է իր բնույթի հետ, շրջապատի համար դառնում է անսպառ էներգիայի աղբյուր։ Կան կենդանակերպի որոշ նշաններ, որոնց դեպքում այդ էներգիան անհավանական վառ է արտահայտված։ Նրանց պետք չէ նվաճել. նրանք ակամայից իրենք են գրավում մարդկանց։
Միացե՛ք մեր Telegram ալիքին
Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։
Ցուլ
Ցուլ կինը ներդաշնակության ու զգայականության իսկական մարմնացումն է։ Նրա էներգիան շատ հանգիստ է, բայց միաժամանակ՝ անհավանական մագնիսականությամբ օժտված։ Որպես Երկրի տարերքի ներկայացուցիչ՝ այս կնոջ գրավչության հիմքում ֆիզիկական աշխարհի հետ ունեցած խորն ու առողջ կապն է։ Նա ամենևին չի փորձում արհեստական տպավորություն գործել. նրա գլխավոր զենքը բնական լինելու և կյանքից իրական հաճույք ստանալու ունակությունն է։
Ցուլերը հարմարավետության, կայունության և ջերմ մթնոլորտի վարպետներ են։ Նրանց կողքին անմիջապես ցանկանում ես դանդաղեցնել կյանքի տեմպը, զգալ պահի համն ու կտրվել առօրյա հոգսերից ու միապաղաղությունից։ Ցուլ կնոջ էներգիան բացահայտվում է ինքնախնամքի, սեփական մարմնի հանդեպ տածած սիրո և պարզապես «այստեղ և հիմա» ապրելու արվեստի մեջ։
Խեցգետին
Խեցգետին կանայք խորհրդանշում են ամուր էմոցիոնալ կապն ու նուրբ ընկալումը։ Նրանց ուժը մարդկանց առանց բառերի հասկանալու բացառիկ կարողությունն է։ Այս կանայք կարծես օդից կարդում են դիմացինի տրամադրությունը, սատարում են ու պարուրում մայրական ջերմությամբ։ Խեցգետիններն ունեն շատ զարգացած հուզական ինտելեկտ. նրանց հարուստ ներաշխարհն ու անկեղծ հույզերը ծառայում են որպես անսխալ կողմնացույց մարդկային բարդ հարաբերություններում։
Նրանց էներգետիկան մեղմ է, բայց շատ խորը։ Խեցգետին կնոջ ներկայությամբ ակամայից առաջանում է լիարժեք անվտանգության և ընդունված լինելու զգացողություն. նա իսկական հոգեբանական ապաստարան է ստեղծում իր մտերիմների համար։ Հենց սա է պատճառը, որ այս նշանի ներկայացուցիչները հաճախ դառնում են այն միակը, ում մոտ մարդիկ վազում են հոգեկան անդորր ու ջերմություն գտնելու հույսով։
Կույս
Կույսի կանացի էներգիան դրսևորվում է անաղմուկ, բայց չափազանց վստահ։ Սա ցուցադրական որևէ տարր չի պարունակում, այլ արտացոլում է ամուր ներքին հենարանն ու մտքի պարզությունը։ Ի տարբերություն չափազանց զգացմունքային նշանների՝ Կույսի կանացիությունը կառուցվածքային է։ Նրանց ուրույն կենսահայացքը թույլ է տալիս հոգատարությունն արտահայտել ոչ թե լոկ խոսքերով, այլ հստակ, շոշափելի ու գործնական քայլերով։ Սա նրանց դարձնում է ամենակայուն և հուսալի կողակիցը։
Կույս կինն անսխալ նկատում է այն նուրբ դետալները, որոնք մյուսների աչքից վրիպում են։ Նրա կերպարում զարմանալիորեն միահյուսված են ռացիոնալ միտքն ու հոգատարությունը, մեղմությունն ու խստությունը։ Ամենակարևորն այն է, որ Կույսը երբեք չի կորցնում իր ես-ը դիմացինի մեջ. նա միշտ պահպանում է սեփական դեմքը, ինչն էլ նրան դարձնում է այդքան հարգված ու գրավիչ։
Տես նաև՝ Զգայականություն, ինտուիցիա և իմաստություն. ինչ կանացի էներգիա է գերակշռում ձեր ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանում
Կարիճ
Էներգետիկ տեսանկյունից Կարիճ կինն ամենահզորներից է ողջ կենդանակերպում։ Նրան ուղղակի անհնար է չնկատել. նա ներս է մտնում և բառացիորեն լցնում կամ փոխում է իր շուրջն եղած տարածությունը։ Այս մագնիսական, երբեմն նույնիսկ հիպնոտիկ ձգողականության գաղտնիքը կյանքի բարդությունների հետ անվախ առերեսվելու նրա կարողությունն է։
Նրա կանացիությունը կրքի, անհատակ խորության և հզոր ներքին ուժի միաձուլում է։ Կարիճը երբեք չի վախենում իր հույզերից, չի փախչում բարդ զգացմունքներից ու ցավից, և ընդունակ է վերածնվել ցանկացած ծանր տրանսֆորմացիայից հետո։ Նրա էներգետիկ դաշտում միշտ կա ինչ-որ խորհրդավոր, միստիկ նշույլ. մի բան, որն անբացատրելիորեն ձգում է, բայց միաժամանակ էլ՝ փշաքաղեցնում ու մի փոքր վախեցնում տղամարդկանց։
Ձկներ
Ձկներ կինը միշտ հավասարակշռում է իրականության և իր հարուստ ներաշխարհի նուրբ սահմանագծին։ Նրա էներգիան հոսուն է, անչափ երազկոտ ու անհատակ։ Այս կանայք հաճախ յուրօրինակ հոգևոր կամուրջ են դառնում. նրանք ընկալում են տիեզերքի թրթիռներն ամենանուրբ մակարդակներում, ինչը նրանց օժտում է բացառիկ հանգստացնող և բուժիչ էներգետիկայով։
Նա աշխարհը ճանաչում է զուտ ինտուիտիվ մակարդակում, շատ հաճախ՝ արվեստի, ստեղծագործելու կամ հոգևոր պրակտիկաների միջոցով։ Ձկների ներկայությամբ օդում մի տեսակ թեթև մոգության զգացողություն է տարածվում. թվում է, թե նրանց կողքին անհնարին ոչինչ չկա։ Այս նշանի կանացիությունը մեղմության և տիեզերական անսահմանության անկրկնելի ու ներդաշնակ միաձուլումն է։







