Ուղիղ 20 տարի առաջ, մայիսի 8-ից սկսվեց Շուշիի ազատագրման գործողությունները, որը կոչվեց «Հարսանիք լեռներում»: Մայիսի 9-ին Շուշին արդեն ազատագրված էր: Երկար չեմ ուզում այս մասին գրել, քանի որ արդեն ունեմ այդ մասին գրառում, որը կարող եք կարդալ →ԱՅՍՏԵՂ:
Ուզում եմ շնորհավորել ամբողջ հայ ազգին այսպիսի մեծ ու կարևոր հաղթանակի օրվա կապակցությամբ: Հաղթանակ, որը մեր ամբողջ պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկն էր, հաղթանակ, որի ստրատեգիական միտքը տեղ գտավ համաշխարհային ռազմագիտության մեջ: Ուզում եմ շնորհավորել և իմ խորին հարգանքն ու շնորհակալությունը հայտնել այն բոլոր տղաներին, որոնց շնորհիվ, որոնց արյան և քրտինքի շնորհիվ այս հաղթանակը դարձավ մերը: Տղամարդկության, հայրենասիրության և հայ ոգու ու կամքի վառ օրինակն են նրանք: Նրանք ովքեր այսօր մեզ հետ են մենք պետք է միշտ հարգենք և փառաբանենք նրանց գործը և նրանց տեսնելուց երբեք չմոռանանք թե ովքեր են նրանք: իսկ ովքեր իրենց կյանքը զոհեցին այդ մարտում և ընդհանրապես Արցախյան հերոսամարտում՝ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՆՐԱՆՑ, նրանց անունները միշտ վառ պահենք մեր սրտում և այնպես անենք, որ սերնդե սերունդ փոխանցվի նրանց կերտած հաղթանակի փառապանծ պատմությունը և նրանց անունները:
Ո՛վ Հայ ազգ, կուզեի, որ հենց այս օրը մենք վերջապես նորից գտնեինք մեր ինքնությունը, որը այս վերջին տարիներին, ցավոք կորցրել ենք: Կուզեի, որ այս հաղթանակի հիշողությունները նորից արթնացնեին մեր մեջ ՀԱՅԻ ոգին: Եվ վերջապես դադարեինք իրար միս ուտել, իրար կոտորել, այլ մի բռունցքի պես շենացնեինք մեր երկիրը: Եվ միայն շեն ու երջանիկ երկիր ունենալով մենք տեղ կունենանք և մեր ձայնը լսելի կլինի աշխարհին: Միայն այդ դեպքում աշխարհը մեզ հետ հաշվի կնստի: Միայն այդ դեպքում թուրք շունը կդադարի հաչալ մեզ վրա:
Այո՛ Շուշին ազատ է, Շուշին մե՛րն է նորից: Բայց ի՞նչ վիճակում է նա այսօր: Փոխանակ շենացնենք, հարստացնենք այն, փոխանակ վերականգնենք երբեմնի արվեստների քաղաք Շուշին, մենք ամեն մեկս մեր գրպանի մասին ենք մտածում:
Ես, հասարակ մի մարդ, Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի մի պարզ ճշմարտություն գիտեմ. Քանի երկիրը չի ծաղկում, քանի երկիրը չի հարստանում, ոչ մի անհատ չի կարող հարուստ լինել: Նույնիսկ այսօրվա օլիգարխները, որ միլիարդներ ունեն, որ դղյակների մեջ են քնում և արթնանում, առանց շեն, հարուստ երկրի, կարող են մի քանի րոպեների ընթացքում իրենց ամբողջ ունեցվածքից զրկվել…
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱ՛Յ ԱԶԳ, ԵՎ ԹՈՂ ՆՈՐԻՑ ԱՐԹՆԱՆԱ ՄԵՐ ՄԵՋ ՀԱՅԻ ՈԳԻՆ…
Ես միշտ կաղոթեմ դրա համար:
Հայ ազգի հասարակ մի զավակ՝ Արամ Հակոբյան