Անկեղծ լինենք. այն ամենը, ինչը ժամանակին «խայտառակություն» էինք համարում, իրականում վնասակար չէր։ Շատ դեպքերում դա պարզապես ամբոխի ձայնն էր, ուրիշների՝ ծնողների, հասարակության, մշակույթի կողմից պարտադրված համոզմունքների արձագանքը։ Բայց ժամանակները փոխվում են։ Եվ այն, ինչը երեկ թաքցնում էինք վերմակի տակ կամ քննարկում շշուկով, այսօր հպարտորեն գլուխ է բարձրացնում՝ որպես հասունության, ինքնասիրության և հոգեկան առողջության նշան։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ահա 10 բան, որոնք մինչև վերջերս «սխալ» էին թվում, իսկ այժմ համարվում են օգտակար, անհրաժեշտ և ազատագրող։
1. Ասել «ոչ»՝ առանց մեղավոր զգալու
Նախկինում դա կոպիտ էր հնչում։ «Ի՞նչ է, չե՞ս ուզում օգնել», և ահա դու արդեն օրվա մեջ չորրորդ անգամն ես ուրիշի բեռը քո ուսերին վերցնում։ Այսօր մերժելը նշանակում է հոգ տանել ինքդ քո մասին։ Անձնական «ոչ»-ը ֆիլտր է, որը զատում է ուրիշների սպասումները, և կողմնացույց, որը տանում է դեպի ներքին խաղաղություն։
2. Այցելել հոգեբանին
Նախկինում կասեին՝ «քեզ հետ ինչ-որ բան այն չէ»։ Այսօր ասում են՝ «դու պատասխանատվություն ես ստանձնում քո կյանքի համար»։ Հոգեբանի գնալն այլևս տաբու չէ, այլ մտքի հիգիենա՝ նույնքան կարևոր, որքան ատամները լվանալը։ Հատկապես, եթե հոգումդ լռություն չէ, այլ ամպրոպ է։

3. Ապրել մենակ և վայելել դա
Նախկինում միայնակ ապրելը դժբախտություն էին համարում։ Իսկ այսօր դա շքեղություն է։ Անձնական տարածք, որտեղ ոչ ոք քո պանրին ձեռք չի տալիս, որտեղ կարող ես խոսել կատվիդ հետ ու լռել ինքդ քեզ հետ։ Սա ձախողում չէ, այլ վերալիցքավորում։ Եվ իհարկե, սա հավերժ չէ, բայց գոնե մեկ անգամ փորձելն արժե։
4. Գիտակցաբար երեխաներ չունենալ
Ժամանակին դա գրեթե դատավճիռ էր. «Բա այդ դեպքում կյանքի իմաստը ո՞րն է»։ Այսօր շատ կանայք (և այո՛, տղամարդիկ) ընտրում են այլ բան՝ կարիերա, ստեղծագործություն, ազատություն, հանգստություն։ Ոչ թե որովհետև չեն սիրում երեխաների, այլ որովհետև սովորել են լսել սեփական սրտի ձայնը։

5. Խոսել զգացմունքների մասին, նույնիսկ երբ դա վախեցնում է
«Մի՛ նվնվա», «դեմքդ պահի՛ր»… Ծանո՞թ է։ Իրականում, խոցելի լինելու և դրա մասին խոսելու կարողությունը թուլություն չէ, այլ սեփական անձի և դիմացինի հանդեպ վստահության հզոր դրսևորում։ Արցունքները, վախերը, անկեղծ ուրախությունը՝ այս ամենն արժանի է, որ լսելի լինի։ Եվ լսողի, որը չի դատապարտի։
6. Միայնակ լինել՝ ոչ թե հանգամանքների բերումով, այլ սեփական ընտրությամբ
«Դեռ մեկին չե՞ս գտել», – հարցնում էին կշտամբանքով։ Իսկ հիմա շատերն անկեղծորեն խոստովանում են՝ ինձ իմ հետ էլ է լավ։ Միայնակ լինելը ոչ թե այն է, որ «քեզ ոչ ոք չի ընտրել», այլ այն, որ «դու ես քեզ ընտրում»։ Իսկ սա արդեն ոչ թե մենակություն է, այլ ինքնավստահություն։
Կարդացեք նաև՝ 10 բան, որ պետք է անել մինչև 30 տարեկան դառնալը
7. Թույլ տալ ինքդ քեզ հոգնել և լիարժեք հանգստանալ
Անընդհատ արդյունավետ լինելու պաշտամունքը ճաքեր տվեց։ Նախկինում կարծում էին՝ «ով շատ է չարչարվում, նա է լավը»։ Այսօր պարզ է՝ «գոյատևում է նա, ով կարողանում է ժամանակին կանգ առնել»։ Վերականգնումը ծուլություն չէ, այլ ներքին ուժերի նորոգում։ Երբեմն ամենաարդյունավետ քայլը ժամանակին պառկելն ու աչքերը փակելն է։

8. Բարձրաձայնել սեփական հաջողությունները
Մեզ ինչ-ինչ պատճառներով սովորեցրել են, թե համեստությունը լավի մասին լռելն է։ Բայց ուրախությունը վարակիչ է։ Ցանկություն կա՞ կիսվելու։ Կիսվե՛ք։ Սա պարծենկոտություն չէ, սա գիտակցումն է, թե ինչքան ճանապարհ ես անցել ու ինչերի միջով ես անցել։ Սա ինքդ քեզ ասելու միջոց է. «Ես սա կարողացա»։
9. Սովորել ցանկացած տարիքում
Փոխե՞լ մասնագիտությունը 40-ում։ Դիպլոմ ստանա՞լ 55-ում։ Նախկինում սա «ուշ» կհամարվեր։ Այսօր՝ պարզապես գիտակցված քայլ։ Ավելի լավ է ուշ սկսել, քան երբեք չփորձել ու հետո զղջալ։ Կարևոր չէ, թե ինչ կասեն ուրիշները։ Կարևորն այն է, թե ինչ է հուշում աճելու քո ներքին ձգտումը։

10. Մենակ ճամփորդել
«Մե՞նակ։ Չե՞ս վախենում», – հարցնում են մինչ օրս։ Բայց դու քայլում ես անծանոթ քաղաքի փողոցներով, նայում ցուցափեղկերին, զրուցում բարիստայի հետ։ Սա այն պահն է, երբ դու ոչ թե ինչ-որ մեկի «կեսն» ես, ոչ էլ «մեկի հետ», այլ ամբողջական, մեկ ամբողջ «ես» ես։ Եվ դա հիանալի է։
Աշխարհը մի փոքր ավելի բարի է դարձել։ Կատարյալ չէ, իհարկե։ Բայց գոնե ամեն քայլափոխի «ամոթ է» չի շշնջում։ Իսկ եթե նույնիսկ շշնջում է, կարելի է ուղղակի չլսել։ Որովհետև սեփական անձի հետ ներդաշնակ ապրելը շատ ավելի կարևոր է, քան ուրիշների սպասումներով ապրելը։








