«Հնազանդ» հարսնացու Իվետա Մուկուչյանը

Գեղեցկուհի, սպորտսմենուհի և կոմսոմոլուհի… Չէ՛, սա նրա մասին չէր: Գեղեցկուհի, երգչուհի և դերասանուհի… Այո՛: Այս անգամ  կզրուցենք ոչ միայն գեղեցկուհի, երգչուհի, այլև արդեն դերասանուհի Իվետա Մուկուչյանի հետ:  Նշենք, որ նկարահանվել է «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը, որի գլխավոր դերակատարուհին է   Իվետա Մուկուչյանը:

Ֆիլմի գլխավոր հերոս Աղասիկը տաքսու վարորդ է և վարում է իր հորից ժառանգած, միակ հայկական մարդատար մեքենան` «Հրթիռ»-ը («ЕрАЗ Ракета»): Մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում Սաթենիկը, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից…

Կպատմե՞ս՝ ինչպես ստացար ֆիլմում նկարահանվելու առաջարկը

– Անցած տարի ամռանը ես մի հեռախոսազանգ ստացա. «Բարև՛ Ձեզ, Իվետա ջան, իմ անունը Մկո է, Դուք հնարավոր է` ինձ ճանաչում եք կինոներից, ուզում եմ Ձեզ գործնական առաջարկ անել»: Սկզբում չհավատացի, որ հենց ինքը Մկոն է զանգահարել: Քանի որ իմ ու իմ ընտանիքի կողմից շատ սիրված դերասան է, հուզմունքից շփոթվեցի ու, չգիտես ինչու, անցա «դու»-ի, հետո էլ ներողություն խնդրեցի, ինչին նա պատասխանեց. «Դե լավ, մի րոպե է խոսում ենք արդեն, հանգիստ անցիր «դու»-ի»: Երբ ասաց, որ ֆիլմ է նկարահանվելու, և ինձ է տեսնում գլխավոր դերում, պատասխանեցի, որ ես բացարձակապես դերասանական փորձ չունեմ, իսկ նա ծիծաղեց և ասաց. «Ես չեմ ուզում, որ խաղաս, ուզում եմ՝ լինես այնպիսին, ինչպիսին կաս»:

 – Առաջին քայլերն ես անում կինոյում, այն էլ՝ գլխավոր դերում: Որո՞նք էին առաջին դժվարությունները: Ինչպե՞ս ես նախապատրաստվել, ո՞վ է քեզ օգնել

– Երբ ստացա առաջարկը, Գերմանիայից եկա Հայաստան փորձնական նկարահանումների համար: Դրանից հետո 6 շաբաթով մեկնեցի Իտալիա: Ամեն առավոտ ժամը 8-ին հյուրանոցի ընդունարանում նստած՝ Մկոյի հետ Skype-ով փորձեր էինք անում: 1 ամիս հաճախեցի նաև դերասանական դասընթացների Neil Abbdula-ի մոտ, ով Գերմանիայում ճանաչված դերասան է: Այդ ընթացքում փորձեցի հնարավորինս շատ բան քաղել նրանից:

IMG_0491

Բայց այն, ինչ տվեց ինձ Մկոն, անփոխարինելի էր…Նրա հետ աշխատելը, կարծես, մասնավոր մաստեր-կլաս էր. նա այնպիսի իմպուսլներ է փոխանցում քեզ, որ հավատում ես քո կերպարին և բնական ես խաղում: Մկոն ամեն կերպ օգնեց, որպեսզի ստանձնեմ այդ ահռելի պատասխանատվությունը, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ: Կարծում եմ՝ Մկոյի նման արտիսնտն իրավունք չունի իր կողքին ունենալ թերի խաղընկեր. ինձ համար դա հարգանքի և պրոֆեսիոնալիզմի հարց է: Այդ պատճառով էլ սարսափելի հուզվում եմ, անհամբեր սպասում եմ՝ ինչպես կարձագանքի հանդիսատեսը: Ես ինքս դեռ չեմ դիտել ֆիլմը և իմ խաղից շատ դրվագներ չեմ տեսել:

– Խոսենք կերպարի մասին՝ Սաթենիկի, ում հետ, կարծես, նմանություններ ունես. համարձակ, սեքսուալ ու անկախ կնոջ կերպար:

IMG_0952

– Այո՛, Սաթենիկն ինձ իրոք շատ նման է: Բացի բնավորության գծերից՝ նա այնպիսի իրավիճակների հետ է բախվում, որոնցում ինքս էլ կարող էի հեշտությամբ հայտնվել: Նա համարձակ է, անկախ, իր ուզածին հասնելու համար կպայքարի մինչև վերջ, բայց, միևնույն ժամանակ, շատ բարի սիրտ ունի:

  – Ֆիլմում հարսնացուն փախչում է իր հարսանիքիցԻսկ իրական կյանքում Իվետան կկարողանա՞ր նման քայլի գնալ:

 IMG_0951

– Կարծում եմ՝ այո՛: Խենթությունը, համարձակությունը և ուրիշների սուբյեկտիվ կարծիքի հետ հաշվի չնստելն ինձ բնորոշ է:  Նկարահանման ընթացքում որոշեցի կատակել և մի լուսանկար տեղադրեցի համացանցում՝ վերնագրելով՝ «Ամուսնանում եմ»:  Բոլորը շատ լուրջ ընդունեցին, բայց ես չէի պատկերացնում, որ իմ ընտանիքն էլ կհավատա: Մամաս այդ պահին Գերմանիայում էր, և երբ զանգեցի, ասաց. «Այնպես չի, որ զարմացանք. մենք հոգեբանորեն պատրաստվել ենք, որ մի օր դու կզանգես ու կասես՝ արդեն ամուսնացել ես ու ժամանակ չես ունեցել տեղեկացնելու դրա մասին»:

dress

– Շարունակելով «իրական» Իվետայի թեմանՍիրահարվա՞ծ ես: Արդյո՞ք մոտ ապագայում պատկերացնում ես քեզ հարսի զգեստով:

 – Այս պահին իմ կյանքը լիովին հագեցած է աշխատանքով. Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքներ, նկարահանումներ, նոր համագործակցություններ Գերմանիայում և այս ամենին զուգահեռ՝ իմ ու երգչախմբիս մշտական համերգային ծրագրերը Եվրոպայում: 2015թ.-ից, երբ ես կրկին վերադարձա Գերմանիա մշտապես ապրելու նպատակով, իմ գործնական զբաղվածությունը կրկնապատկվեց:

Եթե հիմա տղամարդ լիներ իմ կողքին, ես իրոք կխղճայի նրան (ծիծաղում է): Բայց, այնուամենայնիվ, դեմ չէի լինի սիրահարվել:

  – Ֆիլմը կատակերգական ժանրի է. դժվար չէ՞ միաժամանակ լինել գեղեցիկ և ծիծաղելի:

iveta2

– Իմ կյանքում հումորը «take away» սուրճի պես ինձնից անպակաս է:  Իմ նպատակն այն չէ, որ բոլորին ապացուցեմ, թե որքան գեղեցիկ եմ. մարդկանց հետ շփվելիս ես դրա մասին չեմ մտածում: Փորձում եմ միշտ բնական լինել և հուսով եմ՝ ֆիլմում նույն կերպ կընկալվեմ: Մեկ անգամ էլ շնորհակալություն հայտնեմ ֆիլմի ողջ անձնակազմին՝ մասնավորապես Մկոյին, ով իմ կյանքում նոր ու հետաքրքիր էջ բացեց ինձ բոլորովին անծանոթ ոլորտում: Հույս ունեմ, որ այս փորձս վերջինը չի լինի:

 – Ե՞րբ հանդիսատեսը կկարողանա տեսնել ՄկոԻվետա զույգին էկրաններին: Ի՞նչ ակնկալիքներ ունես ֆիլմից:

12647279_935645999875821_2883254352405025243_n

– Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 3-ին: Այնքան եմ հուզվում…Շատ կուզեի, որ ֆիլմը նայելիս հանդիսատեսն ինձ դիտարկի ոչ թե որպես գեղեցիկ ու գլամուրային երգչուհի, այլ որպես Սաթենիկ՝ իր բոլոր ապրումներով ու հույզերով: Հուսով եմ՝  ֆիլմը շատ կսիրվի:

Պատրաստեց Սոնա Ավետիսյանը

 

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Հնազանդ» հարսնացու Իվետա Մուկուչյանը