Խնդիրներից ազատվելու, հաջողության հասնելու և կյանքի ուրախությունը վերագտնելու համար պարտադիր չէ մեծ ջանքեր գործադրել: Կարևորը սեփական ուժերին հավատալն ու ինքդ քեզ դրական հրահանգներ և կարգավորումներ տալն է: Դա կարելի է անել բառերի ուժի միջոցով: Դեռևս հին ժամանակներում մարդիկ հասկացել են, որ հավատով և բազմիցս կրկնված բառերն ունակ են ազդել մարդու կյանքի և ճակատագրի վրա:
Նկատվել է, որ խիստ բացասական նշանակություն ունեցող բառերի հաճախակի գործածությունը հանգեցնում է խնդիրների խորացմանը, և, հակառակը՝ խոսքի մեջ դրական բառերի գերակշռումը մարդուն այնպիսի ուժ է տալիս, որ նա կյանքի ամենաբարդ իրավիճակներից կարողանում է պատվով դուրս գալ և հասնել հաջողության: Բանն այն է, որ մեր կողմից հաճախակի արտանվող բառերը կուտակվում են մեր ենթագիտակցության մեջ և հարուցում օրգանիզմի հատուկ արձագանքը՝ ընդհանուր առմամբ ազդելով մեր վարքի և կյանքի վրա:
Այդ պատճառով էլ, եթե խնդիրները ձեզ հանգիստ չեն տալիս, ժամանակն է խորհել, թե ինչ բառեր եք դուք գործածում հաճախակի:
Ահա այն 10 բառերը, որոնք ձեզ կօգնեն ազատվել խնդիրներից, և հաջողություն կբերեն:
Հաջողություն
Այո, հաջողությունը սիրում է, երբ իր անունը տալիս են: Բայց այդ բառը պետք է գործածել վստահությամբ և միայն դրական տրամադրվածությամբ: Ոչ մի «Ախ, եթե ինձ բախտը ժպտար…»: Դրա փոխարեն պետք է ասել. «Ես հավատում եմ, որ այսօր հաջողությունն ինձ հետ կլինի»:
Երջանկություն
Սա այն է, ինչին դուք ձգտում եք: Հիշեցրեք ձեզ այդ նպատակի մասին ամեն օր և վստահությամբ նայեք ապագային: «Ես անպայման կհասնեմ իմ նպատակին, ես երջանիկ կլինեմ»: Այս բառն անընդհատ կրկնելով՝ դուք ձեր նպատակին ավելի մոտ կլինեք, և որոշ ժամանակ անց իսկապես ձեզ երջանիկ մարդ կզգաք:
Սեր
Ինքներդ ձեզ և շրջապատող աշխարհը սիրելու ունակությունը այն հաջողության գրավականն է, որը չի սիրում սառը, անկենդան մարդկանց: Ձեր մտերիմների հետ խոսեք ձեր զգացմունքների մասին և մի վախեցեք խոստովանել աշխարհին, որ սիրում եք նրան: Ասեք հետևյալը. «Ես այս աշխարհը սիրում եմ նրա գեղեցկության և այն հնարավորությունների համար, որոնք նա իմ առջև բացում է»: Եվ աշխարհը կշտապի ձեզ պատասխանել փոխադարձությամբ:
Բարեկեցություն
Եթե այս բառը դուք հաճախ արտաբերեք և հատկապես, եթե բարիք ցանկանաք նաև ուրիշներին, դուք իսկապես կսկսեք կյանքից բարիք ստանալ, և հաջողությունը դեմքով կշրջվի դեպի ձեզ:
Շնորհակալություն
Բախտը մեջքով է շրջվում նրանց, ովքեր ունակ են միայն վերցնելու՝ ոչինչ փոխարենը չտալով: Այդ պատճառով էլ ձեր հաջողությունների համար շնորհակալ եղեք մտերիմներին, դիպվածին, հարմար դասավորված հանգամանքներին, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ բանով, թեկուզ շատ փոքր, օգնել են ձեզ: Շնորհակալ եղեք՝ արտաբերելով հենց այդ բառը, և հաջորդ անգամ հաջողությունը կրկին բարեհաճ կգտնվի ձեր նկատմամբ:
Գերազանց
Որպեսզի ձեր բոլոր գործերը հաջողությամբ պսակվեն, հաճախակի արտաբերեք այս բառը: Այսպիսով դուք ձեզ կծրագրավորեք հաջողության հասնելուն և կհասնեք ցանկալիին:
Համոզվածություն
Համոզվածությունը հաջողակ մարդկանց հիմնական զգացողություններից է: Եթե դուք վստահ լինեք ձեր ուժերի վրա, բախտը ձեր նկատմամբ բարեհաճ կլինի: Այս բառի հաճախակի արտաբերումը ձեզ կօգնի վստահել սեփական ուժերին, անգամ, եթե սկզբում դուք կասկածներ եք ունեցել:
Վստահություն
Որպեսզի հանգամանքները հաջող դասավորվեն, պետք է վստահել կյանքին: Ձեզ համար կարևոր գործ սկսելուց առաջ հաճախ խոսեք վստահության մասին: Ասեք, որ հավատում եք, որ կյանքի բոլոր հանգամանքները կդասավորվեն հօգուտ ինձ:
Առողջություն
Հաջողության գրավականը ֆիզիկական, հոգեկան և բարոյական առողջությունն է: Նեգատիվ բառերը, հիվանդությունների քննարկումը և ինքնազգացողության վերաբերյալ շարունակական բողոքները ոչ միայն խնդիրներ են բերում, այլև վատացնում են օրգանիզմի ընդհանուր վիճակը: Իսկ ահա դրական բառակապակցությունների մեջ գործածված «առողջություն» բառը նպաստում է նրան, որ դուք ձեզ միշտ լավ զգաք:
Հույս
Հույսը մարդուն պարտադրում է հավաքել ողջ ուժերը և առաջ շարժվել՝ նույնիսկ ամենաբարդ ու ծանր իրավիճակներում: Ասեք, որ դուք հույս ունեք, որ լավագույնը կկատարվի, և հաջողությունն անպայման կլսի ձեզ և կարդարացնի հույսը: