ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ապիլի 1-ից մինչ այսօր հայկական կողմն ունեցել է 36 զոհ, որոնցից 9-ը սպաներ և ենթասպաներ են, մնացած 27-ը՝ շարքային զինծառայողներ: Վիրավորների թիվը հասել է 122-ի: «Զոհվածների թիվն աճել է, քանի որ մարտադաշտում որոնման աշխատանքների արդյունքում հայտանբերվել է ևս 4 զինծառայողի դի: Անհայտ կորածներից մեկին գտել են ողջ»,- մեկնաբանեց Առստամյանը: Վերջինս տեղեկացրեց, որ անցած օրվա ընթացքում օպերատիվ իրադրությունը լարվածության առումով նվազել է: «Առանձին վայրերում նկատվել է հրաձգության դեպքեր: Կրակոցներն ավելի հաճախ լսվել են հյուսիսային հատվածում, որի արդյունքում վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի ևս մեկ ծառայող: Խոցվել է մեկ անօդաչու թռչող սարք»,- հավելեց գնդապետը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am