fbpx

Ի՞նչ պետք է ունենա կինը 40 տարեկանում. հոգեբանական հայացք՝ սոցցանցային կարծրատիպերի փոխարեն

Քառասունին մոտ կնոջից հաճախ ակնկալում են, այսպես կոչված, «կատարյալ փաթեթ»՝ ընտանիք, կարիերա, գեղեցկություն, ներդաշնակություն և ինքնավստահություն։ Սակայն հոգեբանությունն այլ կերպ է մոտենում այս հարցին։ Գլխավորը ոչ թե այն է, թե ինչ ունի կինը, այլ այն, թե ով է նա դարձել։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Խոսքը ոչ թե սոցիալական կարգավիճակի կամ արտաքին ձեռքբերումների, այլ ներքին հասունության և հենարանի մասին է։


1. Կապ ինքդ քեզ հետ, ոչ թե կյանք՝ «ուրիշների սցենարով»

Մինչև 40 տարեկանը հատկապես կարևոր է սովորել լսել ինքդ քեզ և տարբերել սեփական ցանկությունները պարտադրված ակնկալիքներից։ Աստիճանաբար պարզ է դառնում.

  • Ինչն է իսկապես կարևոր հենց քեզ համար, ոչ թե «ինչպես է ընդունված»։
  • Որ դեպքերում ես գործում ներքին մղումով, իսկ որ դեպքերում՝ սովորության ուժով կամ «պետք է»-ի թելադրանքով։

Այս կապն ինքդ քեզ հետ միանգամից չի ձևավորվում։ Հաճախ դրան հասնում ենք հիասթափությունների, հոգնածության և այն զգացողության միջով, որ թեպետ արտաքուստ ամեն ինչ ճիշտ է, բայց ներսում դատարկություն է և ծանրություն։ Հենց այդ պահերին է ծագում հարցը. «Իրականում ո՞ւմ կյանքով եմ ես ապրում»:

Եթե կինը մինչև քառասուն տարեկանն ապրում է բացառապես հասարակության, ծնողների կամ զուգընկերոջ ակնկալիքներով՝ կառուցում է «ճիշտ» կարիերա, պահպանում հարմար հարաբերություններ, «դեմքը չի կորցնում», նա կարող է հաջողակ երևալ, բայց ներքուստ իրեն կտրված զգալ սեփական էությունից։ Սա թուլության մասին չէ, այլ ներքին հենարանի բացակայության, որը դեռ պետք է կառուցել։

2. Հուզական հասունություն

Հուզական հասունությունը չի նշանակում անընդհատ խոսել զգացմունքներից կամ չափից դուրս ինքնավերլուծությամբ զբաղվել։ Խոսքն ինքդ քեզ և շրջապատի հետ կապի որակապես այլ մակարդակի մասին է։ Կարևոր է կարողանալ.

  • Ընդունել սեփական հույզերն առանց ամոթի և ինքնաքննադատության։
  • Չթափել զայրույթը, հոգնածությունը կամ տագնապը մերձավորների վրա։
  • Ապրել և հաղթահարել վախը, բարկությունը կամ շփոթվածությունը՝ առանց ագրեսիայի և կործանարար արձագանքների։

Ժամանակի ընթացքում գալիս է այն գիտակցումը, որ զգացմունքները թշնամիներ կամ թուլության նշան չեն, այլ ազդանշաններ։ Դրանք պետք չէ ճնշել կամ անտեսել, բայց պարտադիր չէ նաև անմիջապես դուրս հանել։

Հուզական հասունությունը բարդ հոգեվիճակներում ինքդ քեզ նեցուկ լինելու, լարվածությանը դիմանալու կարողությունն է՝ առանց քեզ կամ հարաբերությունները վնասելու։ Սա սեփական զգացմունքներից չփախչելու, այլ դրանց տեր կանգնելու հմտությունն է՝ չպահանջելով, որ դիմացինը դրանք «ուղղի»։

3. Հարաբերություններն ընտրություն են, ոչ թե պարտականություն

Քառասունին մոտ հատկապես կարևոր է գիտակցել՝ զուգընկերը քո կյանքի «հավելումը» չէ, փրկիչը չէ և կայունության երաշխավորը չէ։ Նա պարտավոր չէ լրացնել քո ներքին բացերը կամ փարատել վախերը։

Եթե կինը տղամարդու մեջ փնտրում է «մայրիկի», «հայրիկի» կամ սեփական արժեքավորության հաստատում, հարաբերություններն անխուսափելիորեն վերածվում են կախվածության։ Նման կապի մեջ շատ են ակնկալիքները, վիրավորանքներն ու հիասթափությունները, որովհետև զուգընկերը հայտնվում է մի դերում, որը երկար տանելն անհնար է։

Հասունությունը սկսվում է այնտեղ, որտեղ հարաբերությունները դառնում են երկու ամբողջական մարդկանց գիտակցված ընտրությունը։ Լինել միասին ոչ թե կարիքից կամ վախից դրդված, այլ ցանկությամբ։ Ոչ թե դիմացինի հաշվին, այլ նրա կողքին։ Հենց այսպիսի միությունն է ստեղծում առողջ մտերմություն, հարգանք և իսկական գործընկերություն։

4. Ներքին հենարան

Որպես կանոն, մինչև 40 տարեկանը կինն արդեն ունեցած է լինում հիասթափությունների, կորուստների և չիրականացած սպասելիքների փորձ։ Այն, ինչը չի ստացվել, չի արդարացրել հույսերը կամ ստիպել է վերագտնել ինքդ քեզ զրոյից։ Այդ փորձը հազվադեպ է անհետևանք անցնում. այն կա՛մ կոտրում է, կա՛մ ձևավորում է ներքին առանցք։

Եթե բոլոր ապրած իրադարձություններից հետո կինը հենվում է բացառապես զուգընկերոջ, կարգավիճակի, փողի կամ արտաքին հաջողության վրա, նման հենարանը մնում է շատ փխրուն։ Ցանկացած փոփոխություն՝ բաժանում, ճգնաժամ, աշխատանքի կորուստ, կարող է հողը հանել ոտքերի տակից։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Իսկական հասունությունը սկսվում է այնտեղ, որտեղ ձևավորվում է ներքին կայունությունը։ Երբ կինը կարող է ազնվորեն խոստովանել ինքն իրեն. «Ինձ հիմա ծանր է, ցավոտ, անհասկանալի, բայց ես կհաղթահարեմ։ Ես չեմ կոտրվի, անգամ եթե արտաքին հենարանները սասանվեն»։ Այս վստահությունը աղմկոտ չէ, բայց խորն է։

5. Մենակ մնալու կարողություն

Մինչև քառասունը կարևոր է սովորել մնալ ինքդ քեզ հետ՝ առանց խուճապի և ներքին դատարկության։ Չընկալել միայնությունը որպես ձախողում կամ սեփական անկայացածության ապացույց։ Սա հմտություն է՝ լինել մենակ, բայց միևնույն ժամանակ՝ կենդանի, զգացող և լեցուն։

Լռությունը պատահական կապերով, մակերեսային սիրավեպերով կամ մշտական իրարանցումով չլցնելու կարողությունը խոսում է հոգեբանական կայունության մասին։ Կինը դադարում է օգտագործել հարաբերությունները որպես «ցավազրկող»՝ տագնապի կամ ինքն իր հետ մնալու վախի դեմ։

Հենց միայնության վախն է ամենից հաճախ պահում կործանարար, արժեզրկող կապերի մեջ։ Երբ հայտնվում է ինքդ քեզ հետ լինելու կարողությունը, անհետանում է այն ամենից կառչելու անհրաժեշտությունը, ինչը քեզ քանդում է։ Իսկ դա նշանակում է, որ հնարավորություն է առաջանում ընտրելու առողջ հարաբերություններ։

Կարդացեք նաև՝ Ի՞նչը տանել չեն կարողանում տղամարդիկ «40-ն անց» կանանց մեջ

6. Պատասխանատվություն սեփական կյանքի համար

Ոչ ոք ապահովագրված չէ դժվարություններից։ Ծնողները, անցյալի փորձը, սոցիալական պայմաններն ու համակարգը, իհարկե, ազդում են, բայց դրանք ամբողջությամբ չեն կանխորոշում կյանքը։ Ինչ-որ պահի պարզ է դառնում՝ պատասխանատվությունը բարդելու տեղ այլևս չկա։

Հասուն կինն ունակ է ընդունել իր սխալներն առանց ինքնանվաստացման և մեղադրանքների։ Նա չի լռվում զոհի դիրքում, անգամ եթե իր պատմության մեջ եղել է շատ անարդար և ցավոտ բաներ։

Պատասխանատվության ընկալումը այն գիտակցումն է, որ ընտրություն միշտ կա։ Երբեմն այն սահմանափակ է, տհաճ կամ բարդ, բայց այն միևնույն է կա։ Եվ հենց դա է վերադարձնում ուժը և սեփական կյանքի տերը լինելու զգացողությունը։

7. Խաղաղություն ինքդ քեզ հետ

Մինչև քառասունը կարևոր է աստիճանաբար դուրս գալ հավանության և ճանաչման արժանանալու անվերջ մրցավազքից։ Դադարել բոլորին ապացուցել սեփական արժեքավորությունը, համեմատվել ուրիշների հետ, չափվել հաջողություններով և օտար չափանիշներին համապատասխանելու ձգտմամբ։

Ժամանակի ընթացքում գալիս է այն համոզմունքը, որ արտաքին ձեռքբերումները չեն տալիս հանգստության կայուն զգացողություն, եթե ներսում մնում է լարվածություն և դժգոհություն ինքդ քեզնից։ Հանգստությունը չի ծնվում կատարելությունից և «ճիշտ» լինելուց։

Այն հայտնվում է այն ժամանակ, երբ կինը ներքուստ թույլ է տալիս իրեն լինել այնպիսին, ինչպիսին կա՝ ոչ կատարյալ, կենդանի, փոփոխվող, երբեմն հոգնած, երբեմն կասկածող։ Այդ խաղաղությունը աղմկոտ չէ, բայց շատ կայուն է, և հենց դա է դառնում հասունության հիմքը։

Ամփոփում

Քառասուն տարեկանում կինը պարտավոր չէ ունենալ.

  • Կատարյալ կազմվածք
  • Անթերի ընտանիք
  • Երազանքների կարիերա

Բայց նա պետք է ունենա.

  • Ներքին հենարանի զգացում
  • Ազնվություն ինքն իր հետ
  • Մտերմության ունակություն՝ առանց դրա մեջ լուծվելու
  • Սեփական զգացմունքներն ընդունելու և դրանց տեր կանգնելու կարողություն

Մնացած բոլորը ներքին հասունության հետևանք են։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ի՞նչ պետք է ունենա կինը 40 տարեկանում. հոգեբանական հայացք՝ սոցցանցային կարծրատիպերի փոխարեն
15 դաժան ճշմարտություն կյանքի մասին, որը ոչ ոք չի ուզում ընդունել
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց