fbpx

Վինսենթ վան Գոգի 4 ամենահայտնի նկարները

Ձեզ ենք ներկայացնում հանրահայտ նկարիչ Վինսենտ վան Գոգի մի քանի ամենահայտնի նկարներն ու դրանց պատմությունը:

1. «Աստղալից գիշեր»

Ստեղծվել է 1889թ.-ի հունիսին: 1941 թվականից մինչ այսօր գտնվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: Նկարում պատկերված է նկարչի ննջասենյակից բացվող Սեն Ռեմի դե Պրովանս նահանգի գիշերային տեսարանը: 1889թ.-ի մայիսին իր եղբորը՝ Թեոյին, գրել է. «Պատուհանի ճաղերի միջով ես տեսնում եմ ցորենի ցանկապատած դաշտ, որի վրա առավոտյան իր ողջ գեղեցկությամբ բարձրանում է արեգակը»: Հունիսին սկզբին Վինսենթը գրեց Թեոյին. «Այսօր առավոտյան, մինչև արեգակի բարձրանալը, իմ պատուհանից երկար զննում էի տեղանքը, որտեղ միայնակ ու շատ մեծ թվացող աստղն էր միայն…»: Հետազոտողները պարզել են, որ 1889թ.-ի գարնանը Վեներա մոլորակը իսկապես տեսանելի էր Պրովանս քղաքում, և այդ ժամանակ հնարավորինս պայծառ էր: Այսպիսով, նկարի ամենավառ «աստղը» իրականում Վեներա մոլորակն է: Նկարում պատկերված գյուղը երևակայակ է, քանի որ Վինսենթի հիվանդասենյակի պատուհանից ոչ մի բնակավայր չի երևացել: Հավանական է, որ նա գյուղը նկարելիս հիմք է ընդունել իր ծննդավայրը:

2.«Արևածաղիկներ»

Առաջին շարքը ստեղծվել է 1887թ.-ին՝ Փարիզում: Երկրորդ շարքը ստեղծվել է մեկ տարի հետո՝ ապրիլին: Երկար ժամանակ նկարները գտվել են Վինսենթի ընկերոջ՝ Պոլ Գոգենի մոտ: Ներկայումս նկարների մի մասը գտվնում են Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում և  Վան Գոգի թանգարանում: 1888թ.-ի օգոստոսի 21-ին կամ 22-ին Թեոյին գրված նամակում Վինսենթը հայտնում է, որ նկարվող արևածաղիկների փնջերից մեկը զարդարում է Պոլ Գոգենի ննջասենյակը. «Սա այն նկարների շարքին է պատկանում, որ փոխում է իր բնավորությունը և ինչքան երկար ես նայում, ավելի շատ հարստություն է փոխանցում այն: Բացի այդ, Գոգենը աննախադեպ շատ է սիրում այս ծաղիկները»,- գրել է Վինսենթը եղբորը՝ Թեոյին: Կտավներում ներկայացված են արևածաղիկների կյանքի բոլոր փուլերը՝ ծաղկումից մինչև չորացում:

3.«Սրճարանի գիշերային տեռասը»

Նկարվել է 1888թ.-ի սեպտեմբերին՝ Առլում: Նկարը ստորագրված չէ, սակայն նկարիչը գրել է. «Սա գիշերային նկար է՝ առանց սևի, գեղեցիկ կապույտով, մանուշակագույնով և կանաչով»: Կտավն ավարտելուց հետո Վինսենթը նամակ է գրել քրոջը՝ հայտնելով իր ոգևորությունը. «Անկեղծ ասած, շեղվել եմ իմ բոլոր մնացած գործերից և հիմա աշխատում եմ նոր կտավիս վրա, որը ներկայացնում է մի գիշերային սրճարանի բացօթյա հատվածը. տեռասում խմող մարդկանց փոքրիկ պատկերներ, մեծ դեղին լապտերը լուսավորում է այն, տունը ու մայթը, և նույնիսկ որոշ փայլ է տալիս կամրջին, որը ծածկվում է վարդա-մանուշակագույնով: Փողոցի հեռավոր հատվածի շինությունների եռանկյունաձև վերնամասերը աստղերով ծածկված կապույտ երկնքի տակ թվում են մուգ կապույտ կամ մանուշակագույն, այնտեղ նաև կանաչ ծառ կա»: Ներկայումս գտնվում է Նիդելռանդներում՝ Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում:

4.«Նշենու ծաղկած ճյուղեր»

Ստեղծվել է 1890թ.-ին՝ Սեն Ռեմի դե Պրովանսում: Ստեղծագործությունն այսօր գտնվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում: 1890թ.-ի հունվարի 31-ին Թեոն եղբորը հայտնեց որդու՝ Վենսենթ Ուիլեմ վան Գոգի ծննդյան մասին: Որպես նվեր Թեոյի և նրա կնոջ համար՝ Վինսենթը սկսեց նշի ծաղիկներ նկարել, որոնք հանդիսանում են նոր կյանքի խորհրդանիշը: Վինսենթը գրում է մորը՝ «Որքան երախտապարտ էի, երբ լուրը եկավ… մտածում էի, որ նա որդուն կկոչի իր անունով… լուրն ինձ հասնելուն պես անմիջապես սկսեցի նկարել սպիտակ նշի մեծ ճյուղեր, որոնք ծաղկում են կապույտ երկնքի մեջ»:

Հրապարակման ներկայացրեց՝ Անահիտ Ղուկասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4 из 5 )
MediaMag