fbpx

«Ինչպես սիրել կյանքը». Վարդան Պետրոսյանի նամակը որդուն

Այսօր՝ զբոսանքի ժամանակ, անընդհատ նայում էի երկնքին՝ ճաղերից այն կողմ: Եվ զարմանալի է այդ պատկերը. ինչո՞ւ մարդիկ չեն սիրում երկինքը ճաղերից այն կողմ, կամ, ավելի ճիշտ, ինչո՞ւ չեն հրճվում նրանով, նրա գեղեցկությամբ, նրա պարգևած հրճվագին համբույրներով…

Որովհետև նրանք ճաղերից այս կողմ են, դրսում չեն: Այդ հրաշալի երկինքն իրենց չի պատկանում: Հենց դա էլ սպանում է կալանավորին, տանջում անընդհատ: Ինչո՞ւ, բայց չէ՞ որ կարելի էր հրճվել երկնքի գեղեցկությամբ՝ անկախ այն բանից՝ դրսում ես, թե ներսում: Հրճվել հենց նրա համար, որ այն անսահման է, անբացատրելի խորը, գեղեցիկ, փոփոխական և, վերջապես, սիրել որպես Աստծու ստեղծագործություն:

Ինչքա՜ն մարդու է հիացնում, երջանկացնում երկինքը: Միայն այսքանը հերիք չէ՞, որ սիրես, հրճվես նրանով: Իհարկե, բայց, ցավոք, մարդն էգոիստ է. նա ուզում է անպայման այդ հաճույքին անմիջականորեն մասնակից լինել. սիրում է կնոջը՝ ուզում է, որ իրենը լինի, սիրում է տղամարդուն՝ ուզում է, որ միայն իրեն պատկանի, սիրում է կյանքը՝ ուզում է, որ այն իրեն միմիայն հաճույք պատճառի, բայց դա սեր չէ: Իսկական սերն այն է, երբ սիրում ես երևույթն ինչպես որ կա, որպես հրաշագործություն: Սիրում ես մարդուն՝ նրա երջանկությունը ցանկանալով, ընդ որում՝ ցանկանալով ոչ թե սեփական պատկերացումներով, այլ ըստ նրա: Երբ նայում ես կյանքին ճաղերից այն կողմ ու հրճվում նրա գեղեցկությամբ, երբ պատկերացնում ես կյանքը բանտից դուրս և հրճվում նրանով, որ հրճվում ես բերկրանքից, որ մարդիկ ապրում են աշխարհում, սիրում, աշխատում, հոգնում և այլն: Երբ ճաղերից այս կողմ հրճվում ես մյուսների համար, ուրեմն սիրում ես կյանքը, սիրում ես ամեն ինչ առանց քեզ, և միգուցե դա է սերն առ Աստված…

Աղբյուր


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
«Ինչպես սիրել կյանքը». Վարդան Պետրոսյանի նամակը որդուն
7 հետաքրքիր փաստ սուրճի մասին, որ պետք է իմանան բոլոր սրճասերները