Շուշան-Վարդենին հայ զորավար Վարդան Մամիկոնյանի դուստրն էր։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիները նրան ճանաչեցին որպես համընդհանուր սուրբ նահատակ: Մեծացել և կրթվել է տատի` Սահականույշի (Սահակ Պարթև հայրապետի դստեր) քրիստոնեական բարի ու առաքինի շնչով լի տանը, որով մինչ այդ դաստիարակվել էր նաև Վարդան Մամիկոնյանը: Մանկությունից սկսյալ եկեղեցասեր և բարեպաշտ էր: Շուշան-Վարդենին (Վարդենի մանկության, ծննդյան անունն էր, ծնողների կողմից տրված) հարսնացել էր վրաց Աշուշա բդեշխի որդուն՝ Վազգենին: Սակայն նա դժբախտ ամուսնություն ունեցավ, այդ ամուսնությունը դարձավ նրա կյանքի փշե պսակը: Բայց դրանով իսկ երևաց Սբ. Շուշանի մեջ հոսող սրբերի արյան անսասան զորությունը: Այդ ամուսնությունից Սբ. Շուշանն ունեցավ երեք որդի և մեկ դուստր: Վարդանանց նահատակությունից հետո Վազգենը գնաց Պարսկաստան և, ընդունելով պարսկական կրակապաշտությունը, կամովին ուրացավ Քրիստոսին: Եվ երբ վերադառնում էր այնտեղից, կնոջ առաջին հարցը սա եղավ. «Հոգին ինչպե՞ս է, ո՞ղջ է»: Սակայն, ամուսինը վերադարձավ մեռած հոգով: Վազգենն իր անառակ ցանկությունից մղված այնտեղից իր համար երկրորդ կին ուզեց և Պարսից մոգպետի առաջ խոստացավ, որ իր քրիստոնյա կնոջն ու երեխաներին նույնպես կդարձնի իր նման կրակապաշտ: Շուշանը, երբ լսեց այս կայծակնագույժ լուրը, լացով ու ողբով թե՛ իր և թե՛ իր սիրելի զավակների բախտը ողբաց: Բայց Քրիստոսի Մարմինն ու Արյունը ճաշակած նախնիների արյան կանչը նրան քաջություն տվեցին: Իր սիրասուն զավակների հետ ապաստանեց եկեղեցուն մոտ մի տնակում՝ հրաժարվելով վերադառնալ պալատ և ընդունել ամուսնուն: Սբ. Շուշանը անդադար աղոթում էր լացով ու ողբով, նախ Աստծուց զավակների հոգիների փրկություն խնդրելով, իսկ իրեն հոգու արիություն, որովհետև լավ գիտեր իր ամուսնու դաժանությունն ու կոպտությունը: Իր աղոթքում հետևյալ ուխտը կապեց. «Ես պատրաստ եմ բանտի, կապանքների և ամեն տեսակի կտտանքների, որով պիտի նեղի ինձ ուրացողը, քանզի Աստծով եմ կենդանի և նրա Քրիստոս Որդու անվան համար էլ կմեռնեմ և չեմ թողնի իմ հայրերի ավանդությունը և հավատքը մեր Լուսավորիչ Հայոց»: Ի վերջո, Սբ. Շուշանին դժվարությամբ համոզեցին պալատ վերադառնալ: Պալատ վերադառնալուց հետո նա որևէ կապ չէր ուզում ունենալ իր ամուսնու հետ: Ապարդյուն անցան նրան հավատուրացության մղելու բոլոր միջոցները: Վազգենը սկսեց ծեծել ու չարչարել, մինչև որ բանտ նետեց նրան՝ տալով միայն գարեհաց ու ջուր և թույլ չտվեց որևէ մեկը մոտը մտնի և վերքերը դարմանի: Բայց ապարանքի եկեղեցու երեցը, չվախենալով բռնավորից, կարողացավ ներս մտնել ու տեսնելով իր հոգևոր դստեր խեղճ ու թշվառ վիճակը, սկսեց տղայի նման հեկեկալ: Տարիներ անցան: Միակ փոփոխությունն եղավ այն, որ Ջոջիկ իշխանի խնդրանքով, Վազգենը թույլ տվեց ընդամենը Շուշանի վզի շղթան հանեն, որպեսզի կարողանար գլուխը գոնե կաշվե բարձի վրա դներ ու մի փոքր հանգստանար: Սուրբ Հոգու զորությունն ու ներկայությունը այնքան էր մխիթարում ու զորացնում Աստծո համար շղթայված այդ վկային, որ նա իրեն համար բերած գարեհացն ու ջուրն էլ էր շատ համարում և երբեմն էլ շաբաթով ծոմ էր պահում, միայն շաբաթ ու կիրակի օրերին էր մի պատառ հաց ծամում Սուրբ Հաղորդությունից հետո: Բանտարկության յոթերորդ տարում Սբ. Շուշանը հիվանդացավ՝ իր կրած սաստիկ տանջանքներից հյուծված ու մաշված: Մարտիրոսական մահվամբ կնքեց իր առաքինի կյանքը նույն այդ բանտում և թաղվեց Տփղիսի (ներկայիս Թբիլիսի) միջնաբերդում:
Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս է առաջացել Զանգեզուր անվանումը․ վարկածներ
Սբ. Շուշանի անվան հետ է կապված նշանավոր մի խաչ: Տեսնելով, որ իր ուրացյալ ամուսինը հալածում է քրիստոնյաներին և քանդում եկեղեցիները, Շուշանը Սուրբ Նունե կույսի խաչը հանձնեց Մշո Սուրբ Առաքելոց վանքի աբեղա Անդրեասին, որն իր հետ տարավ Տարոն, որտեղ ապրում էին իր ազգականները` Մամիկոնյան իշխանները: Շուշանի խաչը Արտագերսից տեղափոխվեց Վանանդ գավառի Սբ. Խաչ վանքը, ապա` Կարս քաղաքը, այնտեղից 1094 թ-ին` Անի, ուր մնաց 142 տարի: Թաթարների կողմից Անին գրավելուց հետո Շուշանի խաչի մասին տեղեկությունները բացակայում են: