fbpx

Հանճարի՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է

Այսօր Հայոց Բանաստեղծ, Հավերժական Հանճար, Մեծն Պարույր Սևակի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Կարծում եմ ավել խոսքերն ավելորդ են, միայն տեղին կլինի վերհիշել նրա հրաշք տողերից ևս մեկը.

ԱՇԽԱՐՀԻՆ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Աշխարհին, այո՛, մաքրությո՜ւն է պետք`
Ա՛յն հերոսների տխրունակ տեսքով,
Որոնք մեռնում են… անգործությունից…
Նաև ա՛յն կանանց, որոնք մինչև մահ
Ճանաչում են լոկ մե՛կ տղամարդու…
Եվ կերպարանքով ա՛յն տղամարդկանց,
Որոնք քայլում են գլխահակ թեպետ
Ու միայն իրենց ոտքի տակ նայում,
Բայց իրենց միտքը, անկախ իրենցից,
Իրենց լքելով`
Թռչում է վերև,
Իսկ երբ հոգնում է` գալիս, ճայի պես,
Թառում է մարդու ախտի և բախտի
Համաշխարհային օվկիանի վրա…

Մաքրություն է պետք` ժպիտի՛ ձևով,
Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ,
Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում:

Մաքրություն է պետք` ծիծաղի՜ձևով,
Որ ժայթքի մեր շուրջ,
Մեզ չհարցնելով`
Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա
Առանց օճառի և առանց ջրի…
Մաքրություն է պետք` տեսքով մեխակի՛,
Որ հողը մեխի հողին` իրենով,
Եվ իր բուրմունքով սոսնձի նաև
Օդը հողի հետ ու մեզ էլ` նրանց…

Մաքրություն է պետք` տեսքով սոխակի՛,
Որ միայն իրե՜ն,
Լո՛կ իրեն ծանոթ մի այբուբենով
Միշտ էլ երկրային ազդանշաններ հղի տիեզերք
Եվ պատասխաններ թերևս ստանա,
Մեզ համար անհա՛յտ, լո՜ւրջ պատասխաններ…

Մաքրություն է պետք
Եվ կերպարանքով, տե՜ս, ա՛յն թռչունի,
Գլխարկը կարմիր – ինքը սև համակ
Հենց ա՛յն թռչունի,
Որ իր կտուցը երկինք է ցցել
Եվ աղոթում է
Անփարախ-անհոտ կարդինալի պես
Ո՛չ թե մեր հոգու,
Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար…

Մաքրությո՜ւն է պետք…

Մաքրություն է պե՛տք,
Որ քարերն անգամ
Ներքնապես զգան
Իրենց երբեմնի հեղուկ վիճակում,
Որ արտաշնչեն բույսերն էլ… արև՜
Եվ ո՛չ թե միայն անտես թթվածին,
Որ մարդն էլ իրեն լավ զգա այնպես,
Ինչպես մեղեդին` վսեմ տաճարում,
Գույնը` հանճարեղ կտավի վրա,
Եվ խաղալիքը` մանկան ձեռներին…

Աշխարհին… մանկա՜ն մաքրություն է պետք,
Եվ հենց ա՛յն մանկան,
Որին ամեն օր աշխարհ են բերում
Նաև աշխարհի… անմաքուրները,
Մինչիսկ նրա՛նք` անմաքուրնե՜րը,
Քանզի… աշխարհին մաքրությո՜ւն է պետք…

27,31.X.1965թ.
Չանախչի


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հանճարի՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է
Կրեատիվ գովազդ (տեսանյութ)