Scroll Lock. ամենահանելուկային ստեղնը համակարգչային ստեղնաշարի վրա:
Բազմաթիվ նամակներ ենք ստանում, որտեղ մարդիկ հարցնում են թե ինչի՞ համար է Scroll Lock ստեղնը: Այսօր նույնպես ստացել էինք նպանատիպ մի նամակ և որոշեցինք վերջապես մի փոքրիկ գրառում նվիրել հենց այս ստեղնին, որովհետև իրոք, բազմաթիվ համակարգչից օգտվողներ չգիտեն թե ինչի համար է այս ստեղնը:
Պարզվում է, ի սկզբանե այս ստեղնը ստեղծված է եղել որպեսզի փոխի կուրսորային ստեղների (սլաքները ստեղնաշարի վրա) ֆունկցիան: Եթե Scroll Lock-ը միացած է, ապա ստեղնաշարի վրա վառվում է համապատասխան լուսային դիոդը և կուրսորային ստեղները կատարում են էկրանի տարբեր կողմերով տեղափոխման ֆունկցիա, իսկ եթե այն անջատված է, ապա կուրսորային ստեղները կատարում են կուրսորի տեղափոխման ֆունկցիա:
Սակայն ծրագրերը զարգանում են և տարբեր ծրագրերում Scroll Lock-ի միացմամբ ստեղները սկսում են տարբեր ֆունկցիաներ կատարել: Օրինակ Microsoft Excel-ում և Lotus Notes-ում այն օգտագործվում է կուրսորային ստեղների օգնությամբ դոկումենտի ոլորման (scroll, прокрутка) ռեժիմի միացման համար: Եթե բացեք Microsoft Excel-ը և առանց Scroll Lock-ի միացման աջ, ձախ, վերև, ներքև ստեղները սեղմեք, դուք կտեսնեք, որ կուրսորն է գնում համապատասխան ուղղությամբ գտնվող վանդակի մեջ, իսկ եթե Scroll Lock-ը միացնեք և կատարեք նույն գործողությունը կտեսնեք, որ էկրանն է գնում աջ ձախ կամ վերև, ներքև:
Օրինակ Opera դիտարկիչում Scroll Lock-ը ինչ որ թվի հետ սեղմելով կարելի է փոփոխել ձայնային ազդանշանները: Linux-ում այն օգտագործվում է տեքստի ոլորումը դադարեցնելու համար: Dell նոթբուքներում այն կատարում է Fn ստեղնի դերը և այլն:
Այնպես, որ Scroll Lock ստեղնը այնքան էլ անպետք ստեղն չէ, ինչպես շատերն են կարծում:
Հուսով եմ կարողացա բացատրել Ձեզ Scroll Lock ստեղնի դերն ու նշանակությունը: