Մի պահ պատկերացրեք, որ մահը ոչ թե վերջն է, այլ պարզապես անցում իրականության մեկ այլ տարբերակ: Պատմում ենք մի վարկածի մասին, որը կստիպի ձեզ նորովի նայել կյանքի վտանգավոր իրավիճակներին ու տարօրինակ զուգադիպություններին։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Քվանտային անմահության տեսությունը
Լինում են պահեր, երբ կյանքն ասես տարօրինակ շրջադարձ է կատարում։ Թվում է, թե իրավիճակը պետք է աղետալի ավարտ ունենար, բայց հանկարծ ամեն ինչ լրիվ այլ ընթացք է ստանում: Դուք ուշանում եք գնացքից, որը քիչ անց վթարի է ենթարկվում: Մեքենան կտրուկ արգելակում է բախումից վայրկյաններ առաջ: Կամ պարզապես ինքներդ ձեզ բռնացնում եք այն մտքի վրա. «Գաղափար անգամ չունեմ, թե ինչպես ողջ մնացի»:
Սովորաբար նման դեպքերը վերագրում ենք բախտին կամ պատահականությանը: Սակայն կա մի արտասովոր վարկած, որն ավելի շատ գիտաֆանտաստիկ ֆիլմի սյուժե է հիշեցնում։ Այն հայտնի է որպես «քվանտային անմահություն»:
Այս գաղափարի հիմքում քվանտային մեխանիկայի մեկնաբանություններից մեկն է՝ բազմակի աշխարհների տեսությունը: Ըստ դրա՝ Տիեզերքը կարող է ճյուղավորվել անվերջ քանակությամբ զուգահեռ իրականությունների, որտեղ իրադարձությունները բոլորովին այլ զարգացում են ունենում:
Եթե փորձենք այս վարկածն ընկալել բառացիորեն, բավականին հետաքրքիր պատկեր կստացվի. իրականության մի տարբերակում մարդը կարող է մահանալ, իսկ մյուսում՝ ողջ մնալ: Ու նրա գիտակցությունը շարունակում է գոյատևել հենց այնտեղ, որտեղ կյանքը շարունակվում է:
Թեև այս տեսությունը գիտականորեն ապացուցված չէ, դրա շուրջ բազմաթիվ դիտարկումներ ու զարմանալի զուգադիպություններ են հավաքվել, որոնց մասին մարդիկ անընդհատ պատմում են:
1. Իրավիճակներ, երբ հրաշքով փրկվել եք վտանգից
Գրեթե յուրաքանչյուրս ունենք այնպիսի հիշողություն, երբ ամեն ինչ կարող էր շատ տխուր ավարտ ունենալ։ Քիչ մնացած ավտովթար, պատահական անկում, ճակատագրական սխալ, բայց վերջին վայրկյանին ամեն ինչ փոխվում է:
Նման դրվագներն երբեմն այնքան անհավանական են, որ հասկանում ես՝ ելքն իրականում այլ պետք է լիներ: Քվանտային անմահության կողմնակիցները ենթադրում են, որ հենց նման պահերին է իրականությունը «ճյուղավորվում»։ Մի ճյուղում ամեն ինչ ավարտվում է ողբերգությամբ, իսկ մյուսում մարդը շարունակում է ապրել։
2. Զգացողություն, որ աշխարհը մի փոքր փոխվել է
Լինում են դեպքեր, երբ նկատում ենք տարօրինակ անհամապատասխանություններ. ծանոթ իրերն այլ տեսք ունեն, անցյալի դեպքերը հիշում ենք լրիվ այլ կերպ, քան մեր շրջապատի մարդիկ: Այս երևույթը հայտնի է որպես Մանդելայի էֆեկտ. սա այն վիճակն է, երբ մարդկանց մեծ խումբ վստահ է ինչ-որ հիշողության մեջ, որն իրականում չի համապատասխանում փաստերին։
Գիտությունն սա բացատրում է մարդկային հիշողության առանձնահատկություններով: Սակայն միստիկ տեսություններում ընդունված է կարծել, որ նման շեղումները կարող են պայմանավորված լինել իրականության նոր ճյուղ տեղափոխվելով:
3. «Երկրորդ կյանքի» հստակ զգացողություն
Հաճախ մարդիկ նշում են, որ իրենց կյանքը բաժանվել է երկու փուլի՝ «առաջ» և «հետո»: Ընդ որում, պարտադիր չէ, որ դրա պատճառը որևէ ողբերգություն կամ շրջադարձային իրադարձություն լինի: Այս զգացումն ավելի շատ ներքին սահմանագիծ է հիշեցնում, կարծես կյանքիդ մի տարբերակն ավարտվել է, ու սկսվել է բոլորովին նորը:
Հոգեբաններն սա կապում են մարդու ներաշխարհում տեղի ունեցող խորը փոփոխությունների հետ: Սակայն այլընտրանքային տեսությունների հետևորդները վստահ են, որ մարդը պարզապես անցում է կատարել իրադարձությունների զարգացման մեկ այլ գիծ:
4. Սեփական մահվան մասին չափազանց իրատեսական երազներ
Շատերը պատմում են այնպիսի երազների մասին, որոնք ուղղակի անհնար է մոռանալ. նրանք այնքան մանրամասն ու պարզ են տեսնում իրենց իսկ մահը, որ անգամ արթնանալուց հետո դժվարանում են կտրվել այդ իրականությունից:
Բնականաբար, հոգեբանությունն այսպիսի երազները վերագրում է սթրեսին կամ ներքին վախերին: Մինչդեռ միստիկան դրանք համարում է հնարավոր մեկ այլ իրականության յուրօրինակ «արձագանք»:
Կա նաև այսպիսի կարծիք. եթե դուք առհասարակ դադարել եք երազներ տեսնել, նշանակում է՝ զոհվել եք մնացած բոլոր իրականություններում ու մարմնավորումներում՝ մնալով միայն այստեղ: Իսկ եթե ժամանակ անց երազները նորից վերադառնում են, ուրեմն դուք վերածնվել եք նոր մարմնավորմամբ:
Կարդացեք նաև՝ Գիտնականներն ապացուցել են, որ կյանք մահից հետո գոյություն ունի
5. Դեժավյու
Դա մի ակնթարթ է, երբ թվում է, թե այս ամենն արդեն տեղի է ունեցել անցյալում:
Գիտությունը դեժավյուն բացատրում է հիշողության առանձնահատկություններով. ուղեղը երբեմն տեղեկատվությունը մշակում է որոշակի ուշացումով, ինչն էլ ստեղծում է կրկնության զգացողություն:
Այնինչ բազմակի աշխարհների տեսության մեջ դեժավյուն հաճախ մեկնաբանվում է որպես իրադարձությունների «խաչմերուկ»՝ մի պահ, երբ իրականության նմանատիպ տարբերակները կարծես միահյուսվում են իրար։
6. Անձի կտրուկ փոփոխություն ցնցող իրադարձությունից հետո
Խորը ապրումներից հետո մարդը կարող է ճանաչելիության աստիճանի փոխվել. լրիվ այլ են դառնում նրա հետաքրքրությունները, աշխարհայացքն ու արձագանքները տարբեր երևույթներին:
Հոգեբաններն այս երևույթն անվանում են արժեքների վերագնահատում կամ հետտրավմատիկ աճ: Սակայն միստիկ տեսություններն այն մեկնաբանում են յուրովի՝ որպես անցում սեփական կյանքի լրիվ նոր տարբերակին:
7. Անբացատրելի զգացողություն, թե՝ «ես չպետք է ողջ մնայի»
Լինում է այնպես, որ վտանգավոր իրավիճակը հաղթահարելուց հետո մեզ չի լքում մի տարօրինակ զգացողություն. առողջ տրամաբանությունը հուշում է, որ ամեն ինչ պետք է շատ ավելի վատ ավարտվեր: Դա ո՛չ վախ է, ո՛չ էլ խուճապ, այլ ավելի շուտ՝ լուռ զարմանք: Կարծես թե իրադարձությունները լրիվ այլ ընթացք պետք է ստանային, բայց անհայտ պատճառներով ամեն ինչ շրջվեց բոլորովին այլ ուղղությամբ:
Գիտական տեսանկյունից քվանտային անմահությունը մնում է պարզապես վարկած՝ հիմնված քվանտային մեխանիկայի մեկնաբանություններից մեկի վրա: Այն գրավիչ է զուտ որպես մտային գիտափորձ, սակայն զուրկ է ապացույցներից:
Չնայած դրան՝ այս գաղափարը շարունակում է ակտիվորեն քննարկվել: Գուցե պատճառն այն է, որ այն շոշափում է մարդկությանն անհանգստացնող ամենահին հարցերից մեկը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում մեր գիտակցության հետ, և արդյոք կյանքն ունի՞ մեկից ավելի տարբերակներ:
Երբեմն նման տեսությունները հետաքրքություն են առաջացնում ոչ թե նրանով, որ տալիս են բոլոր հարցերի պատասխանները, այլ նրանով, որ ստիպում են լրիվ այլ աչքերով նայել մեր սովորական աշխարհին:
Եվ ո՞վ գիտի. միգուցե իրականությունն իսկապես շատ ավելի բարդ ու խորհրդավոր է, քան մենք սովոր ենք կարծել:








