Աշխարհի ամենաերկար և անընդհատ գործող լաբորատոր գիտափորձը շարունակվում է արդեն մոտ մեկ դար և մոտ ապագայում չի ավարտվի։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
2027 թվականին «ցածր տեխնոլոգիական» Pitch Drop (խեժի կաթիլի) գիտափորձը կդառնա 100 տարեկան։ Այն 1927 թվականին սկսել է պրոֆեսոր Թոմաս Փարնելը՝ Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանում։
Ինչպես գրում է supercarblondie.com-ը, փորձը հսկայական համբերություն է պահանջում․ հետազոտողները ստիպված են լինում սպասել մինչև 12 տարի՝ որևէ շարժ տեսնելու համար։
Փարնելը նախաձեռնել էր այս փորձը՝ ցուցադրելու համար խեժի հոսունությունն ու բարձր մածուցիկությունը։ Սա աշխարհի ամենախիտ հեղուկներից մեկն է, որը ստացվում է ձյութի և խեժի վերամշակումից հետո։ 1927 թվականին նա տաք խեժը լցրեց հերմետիկ ձագարի մեջ, ապա թողեց, որ հեղուկը հանդարտվի ամբողջ երեք տարի։
1930 թվականի հոկտեմբերին նա կտրեց ձագարի ծայրը, որպեսզի խեժը կարողանա հոսել դրա միջով։ Սակայն, քանի որ խեժը աշխարհի ամենախիտ հեղուկներից է, այն չէր շտապում հոսել ձագարով։

Իրականում, առաջին կաթիլն ընկավ ութ տարի, կամ ավելի ստույգ՝ 98 ամիս անց։ Հետազոտողները ստիպված եղան երկրորդ կաթիլին սպասել ավելի երկար՝ ընդհանուր առմամբ 99 ամիս, բայց երրորդը տեղ հասավ շատ ավելի արագ՝ 86 ամսում։
Յոթերորդ կաթիլն ընկավ 1988 թվականի հուլիսին․ այն ձևավորվում էր 111 ամիս։ Եվ, կարծես թե, սկիզբ դրեց դանդաղման միտմանը։ Չէ՞ որ ութերորդ անկումը տեղի ունեցավ 2000 թվականի նոյեմբերին՝ 148 ամիս սպասելուց հետո։ Իսկ իններորդը՝ այս պահի դրությամբ վերջին անկումը, գրանցվեց 2014 թվականի ապրիլին՝ նախորդից 161 ամիս անց։
Հետազոտողներին հաջողվեց ուսումնասիրել ութերորդ կաթիլը և պարզել, որ դրա մածուցիկությունը մոտավորապես 280 միլիարդ անգամ գերազանցում է ջրի մածուցիկությունը։
Այս փորձը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես «աշխարհի ամենաերկար անընդհատ գործող լաբորատոր գիտափորձ», և ենթադրվում է, որ այն կտևի ևս մոտ 100 տարի։
Կարդացեք նաև՝ ՇՈԿԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁ. Ինչպե՞ս է մեր տրամադրությունը փոխում արյան բաղադրությունը նույնիսկ հեռավորության վրա
Ոչ ոք երբեք չի տեսել, թե ինչպես են ընկնում կաթիլները
Հետաքրքիր է, որ ոչ ոք երբեք չի տեսել, թե ինչպես է ընկնում խեժի կաթիլներից գոնե մեկը։
Ժամանակի անհաջող ընտրության վառ օրինակ կարող է լինել գիտափորձի նախկին հսկիչ Ջոն Մեյնսթոունի փորձառությունը։ 1988 թվականի հուլիսի 3-ին, հենց նա դուրս եկավ լաբորատորիայից ջուր խմելու, յոթերորդ կաթիլն ընկավ։
Եվ թեև Pitch Drop գիտափորձը տասնամյակներ շարունակ հեռարձակվել է ուղիղ եթերով, տեխնիկական խափանումների պատճառով 2000 և 2014 թվականների իրադարձությունները չեն տեսագրվել։
Փորձագետները կարծում են, որ հաջորդ անկումը տեղի կունենա 2020-ականներին։ Հնարավոր է՝ գոնե ինչ-որ մեկը կտեսնի այն։








