Սիրո՞ւմ եք երաժշտություն, լսում ե՞ք երաժշտություն՝ ուրեմն արժե որ ծանոթանաք այս հետաքրքիր փաստերին.
- Երաժշտությունը բացառիկ երևույթ է` մշակույթի ամենանուրբ, միևնույն ժամանակ` ամենաազդեցիկ ոլորտներից մեկը: Մարդն այն կարող է օգտագործել որպես հզոր զենք` կատարելագործվելու և ստեղծագործելու համար, նաև` կործանելու և ոչնչացնելու նպատակով:
- Նախնադարում հավատում էին, որ հնչյունների ներդաշնակության օրենքների խախտումը քայքայում է մարդու մարմինը, ներքին կառուցվածքը, արտաքին աշխարհի հետ հարաբերությունները: Հին Չինաստանում մահապատժի էին դատապարտվում այն երգահանները, որոնց երաժշտության մեջ խախտված էր հնչյունների ներդաշնակությունը:
- Իթակեի թագավոր Ոդիսևսը ծովային երկար ճանապարհորդություններից մեկի ժամանակ անցնելիս է լինում մի կղզու մոտով, որի բնակիչները դիցաբանական կին-թռչուններ էին (սիրեններ): Նրանք իրենց քաղցրահունչ երգերով գայթակղում էին նավաստիներին, իսկ հետո ենթարկում դաժան մահվան: Ոչ ոք չէր կարողանում դիմակայել սիրենների մեղեդու մոգական ուժին: Ամբողջ կղզին պատված էր մարդկային ոսկորներով: Խորամանկ Ոդիսևսը փափուկ մեղրամոմով փակում է թիավարների ականջները, որպեսզի չկարողանան լսել երաժշտությունը, իսկ իրեն հրամայում է կապել կայմասյանը:
- Հնադարյան բժիշկները երաժշտությունը օգտագործում էին մի շարք հիվանդությունների բուժման նպատակով: Նրանք գտնում էին, որ մարդու յուրաքանչյուր օրգանին համապատասխանում է որոշակի հնչյուն կամ հնչյունների միացություն:
- Երաժշտության միջոցով կարելի է բուժել կամ սպանել մարդուն: Վաղ ժամանակներում Արևմուտքում գոյություն ուներ տանջալից մահապատժի տեսակ, որը իրականացվում էր երաժշտության միջոցով: Առանց ընդհատումների դատապարտյալներին հրամցվում էր բարձր, աղաղակող, աններդաշնակ երաժշտություն, որը ճնշում և քայքայում էր օրգանիզմը, ազդում քնի վրա: Արդյունքում`մարդը հասնում էր խելագարության և մահանում:
- Արիստոտելը պնդում էր, որ երաժշտության շնորհիվ հնարավոր է որոշակիորեն ազդել մարդու ձևավորման վրա: Հին հունական ձեռագրերը նույնպես վկայում են, որ երաժշտությունը ամենահզոր զենքն է, քանի որ մեղեդու ներդաշնակությունը թափանցում է մարդկային հոգու խորքերը:
- Ժամանակակից գիտնականներն ապացուցել են, որ երաժշտությունը անմիջականորեն ազդում է մարդու, կենդանիների և բույսերի վրա: Գիտականորեն հաստատված է, որ երաժշտության որոշ տեսակներ կարող են վերականգնել մարդու իմունային համակարգը, նյութափոխանակությունը և ամրացնել դիմադրողականությունը:
- Մոցարտի երաժշտությունը ակտիվացնում է մարդու գլխուղեղի աշխատանքը: Այս եզրակացությանն են հանգել գիտնականները: Բացահայտվել է հետաքրքիր օրինաչափություն. Մոցարտի երաժշտությունը զարգացնում է մաթեմատիկական և տրամաբանական ունակությունները:
- Բույսերն ու կենդանիները «նախընտրում» են ներդաշնակ երաժշտություն: Եթե դասական երաժշտությունը արագացնում է ցորենի աճը, ապա ռոք երաժշտությունը տալիս է հակառակ արդյունք:
Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]