Google-ը գնեց բջջային հեռախոսներ արտադրող Motorola ընկերությունը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ընկերության բլոգը: Գործարքի գումարը կազմել է 12 և կես միլիարդ դոլար: Դա 63 տոկոսով ավելի է, քան իրական շուկայական արժեքը, որը ցույց է տալիս, թե ինչ խիստ կարևորություն ունի Google-ի համար այս գնումը:
Այժմ ինտերնետ հսկան կունենա իր սեփական բջջային հեռախոս արտադրողը՝ իր բոլոր արտոնագրերի հետ միասին և նույն ժամանակ ավելի արդյունավետ առաջ կտանի իր Android համակարգը: Այսինքն առաջին անգամ “Գուգլաֆոն” տերմինը կլինի կապված որոշակի բրենդի հետ:
Ահա թե ինչպես է արտահայտվում այդ գործարքի մասին Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջը. «Շեշտը դնելով միայն Android-ի վրա, Motorola-ն ստեղծեց բնական միջավայր մեր միության համար: Միասին մենք բացառիկ հզորորություն կտանք ամբողջ Android էկոհամակարգին՝ ի շահ հաճախորդների, գործընկերների եւ արտադրողների: Հուսով եմ, որ շատ շուտով Motorola-ն կընդգրկվի Google ընտանիք»:
Միևնույն ժամանակ Google-ն արդեն հայտարարել է, որ իրենք մտադիր չեն «փակել» Android-ը ներքին օգտագործման համար՝ օպերացիոն համակարգը կմնա բաց: Motorola-ն միայն կլինի սերտիֆիկացնողը:
Սակայն, ակնհայտ է, որ օպերացիոն համակարգը պետք է մշակվի հիմնականում Motorola սարքերի համար, իսկ բջջային սարքավորումները իրենց հերթին Android-ի համար: Սա Google-ին կօգնի լուծել օպերացիոն համակարգի ֆրագմենտացիայի խնդիրը: Շուկայում առաջվա պես լինելու է բազում Android հեռախոսներ, սակայն «ոսկե ստանդարտ» – ը կլինի միայն Motorola-ինը:
Սակայն, ինչպես վերլուծաբաններն են ասում, գործարքը կարող է ունենալ և հակառակ կողմը: Google-ի մնացած Android-ի գործընկերները ինքնաբերաբար դառնալու են «ոչ գերակա» Google-ի համար: Ամեն դեպքում, այս ձեռքբերումը կփոխի շուկան և այլևս չի լինի համակարգ բոլորի համար հավասար իրավունքներով, Android-ը կարող է կորցնել իր գրավչությունը և այսպիսով շուկայում տեղ կբացվի այլ համակարգերի համար, ինչպիսիք են Meego, Windows Phone-ը եւ այլն:
Հարկ է նշել, որ Motorola-ն, որի պատմությունը սկսել է գրեթե 80 տարի առաջ, համարվում է բջջային կապի «մայր»: Սակայն վերջերս նրա գործերը լավ չէին ընթանում: Բայց ամենայն հավանականությամբ դաշինքը Google-ի հետ կուղղի դա: