fbpx

Գրում են բլոգի ընթերցողները: Martens – Խմորը բարձրացած կլինի

official_royalԱրևը իր վերջին շողերն էր սահեցնում հոգսաշատ օրվանից ի վերջո հանգստացող գյուղի վրա: Ստվերները պար էին բռնել կարկուտից ծեծված տանիքներին, իսկ երեխաների ծիծաղն ու տարեցների պապենական երգը լռել էին. երեկո էր գյուղում:

Տներից մեկի լույսը վառ էր: Տանտիկինը` Սաթիկը, չէր քնում, ամուսինն էր վերադառնալու արտագնա աշխատանքից, զավակներն էլ էին հորը սպասում:

Նանը այսօրվա պես հիշում էր, թե քառասուներեք տարի առաջ ինչպես որդին ծնվեց ու այդ պահից էլ աղոթում էր, որ իր մինուճար որդին դեսուդեն չընկնի, մնա, իր ընտանիքը ստեղծի ու իր հողը մշակի, բայց դե Կարապետի համար կնոջը, զավակներին ու զառամյալ մորը գյուղի աշխատանքով պահելը հեշտ չէր:

Կարապետի տուն մտնելուն պես Սաթիկն ու նանը լաց եղան, զավակներն էլ` Հասմիկն ու Արեգը, ուրախությունից տեղերը չէին գտնում:

Հայրը համակարգիչ էր բերել, զավակներն էին խնդրել:

Հայ աշխատավոր տղամարդը երբեք իր զավակին չի մերժի, թեկուզ իր չարչարանքի գնով աշխատած փողը:

Ինչքա՜ն էր զարմացել նանը, էլ չեմ ասում Արեգի ու Հասմիկի հրճվանքը, երբ հայրը համակարգիչը դրեց սեղանին: Բոլորով իրար գլուխ հավաքվեցին, որ տեսնեն,թե էս ինչ նոր բան է, որ իրենց տուն մտավ:

Սաթիկը գիտեր, որ ամուսինը քաղցած է, վազեց խոհանոց:

Գյուղում առաջին համակարգիչն էր. Սաթիկը դրկից կանանց մոտ կհպարտանար, Արեգն ու Հասմիկն էլ դասարանում կպատմեին:

Լավ է, երբ մարդ ունի և դեռ ցանկանում է կիսվել իր ունեցածով. դրա մեջ մի թաքուն հրճվանք կա:

Առավոտ էր, նանը ախոռում էր, Կարապետը գնաց ընկերներին տեսնելու, Արեգը տղաների հետ էր, մայրն էլ խմոր էր պատրաստում:

Հասմիկը քաղաքում բնակվող մորաքրոջ տանը համակարգիչ արդեն տեսել էր, բայց քո սեփականն ունենալը այլ հաճույք էր:

Զգույշ մոտեցավ համակարգչին. էկրանին լուրեր էին: Առաջին գրավող լուրը Անգլիայի արքայազնի ամուսնության մասին էր: Նայեց հարսնացուի հանդերձին, ժպտաց և երկար արքայազնին զննեց` գյուղացի աղջկա անմեղ տագնապով, որ ուր որ է մարդ կմտնի տուն:

Դուռը բացվեց, Հասմիկի սրտի աշխատանքը արագացավ, բայց տեսնելով մորը` հանդարտվեց փոքր-ինչ:

-Այ բալա, հազար գործ ունենք, էս ի՞նչ բանի ես: -Մամ, Անգլիայի արքայազնը պսակվել է, արի տես ինչ շորեր են հագել: Ինչ սիրուն տղա է, ոնցոր տիկնիկ լինի, իզուր չի, որ արքայազն են ասում:

-Հաս ջան, սրանից քսանչորս տարի առաջ էսպես բաներ չկաին, որ իմանաիր, թե ով ում հետ պսակվեց: Բալա ջան, էն ժամանակ ամեն աղջիկ իր արքայազնն ուներ ու իր սրտում պինդ պահում էր, որովհետև էս համակարգիչը չկար, որ հայտներ, թե արքայազնը մեկն է ու էլ չկա, ֆսյո՜: Ամեն տղա էլ թագավոր ու արքայազն է, կողքի աղջիկը դա պիտի ապացուցի: Հերդ էլ արքայազն չէր, բայց էսօր իրա տան թագավորնա, ինձ պես էլ թագուհի ունի, ձեզ պես էլ հրաշք երեխեք, -ասաց Սաթիկը ու մի պահ հայացքը առաստաղին հառելուց հետո շարունակեց. -Արի բալա ջան, արի ինձ օգնի, խմորը բարձրացած կլինի:

Հեղինակ` Martens


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են բլոգի ընթերցողները: Martens – Խմորը բարձրացած կլինի
Հայաստանի միակ մշակութային հեռուստաընկերությունը և աշխարհահռչակ «Pixar»-ը կհամագործակցեն