Ցածր ինքնագնահատականի մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում ենք ամաչկոտ, կաշկանդված կամ անվստահ մարդու։ Սակայն իրականում այն միշտ չէ, որ այդպես է դրսևորվում։ Մարդը կարող է լինել շփվող, հաջողակ, ղեկավար պաշտոն զբաղեցնել և բավական ինքնավստահ մարդու տպավորություն թողնել։ Բայց առօրյա շփման ընթացքում որոշ սովորություններ շատ ավելի խոսուն են, քան բառերը։ Դրանք ցույց են տալիս, թե մարդն իրականում ինչպես է վերաբերվում ինքն իրեն։
Հաճախ մարդն ինքն էլ չի նկատում այդ սովորությունները կամ դրանք համարում է իր բնավորության սովորական գծերը։ Մինչդեռ շրջապատողները կարող են նկատել դրանք նրա խոսելաձևից, տարբեր իրավիճակներում ցուցաբերած արձագանքներից, պահվածքից և մարդկանց հետ հարաբերություններից։
1. Անընդհատ արդարանում եք, նույնիսկ երբ մեղավոր չեք
Դուք բացատրում եք, թե ինչու եք հինգ րոպե ուշացել, ինչու անմիջապես չեք պատասխանել հաղորդագրությանը կամ ինչու չեք կարողացել կատարել ինչ-որ մեկի խնդրանքը։ Երբեմն նույնիսկ սկսում եք արդարանալ՝ չսպասելով, որ որևէ մեկը դժգոհություն հայտնի։
Նման պահվածքի հետևում կարող է թաքնված լինել այն համոզմունքը, որ Դուք միշտ պետք է բացատրեք ու արդարացնեք Ձեր որոշումները։ Կարծես իրավունք չունեք վարվելու այնպես, ինչպես հարմար եք գտնում, եթե դա կարող է ինչ-որ մեկին դուր չգալ կամ հիասթափեցնել։
2. Թերագնահատում եք սեփական ձեռքբերումները
Ձեզ գովում են լավ կատարած աշխատանքի համար, իսկ Դուք պատասխանում եք. «Առանձնապես ոչինչ չեմ արել», «Ուղղակի բախտս բերել է», «Ուրիշներն ավելի լավ կանեին»։ Կարծես շտապում եք նսեմացնել Ձեր արածը, որպեսզի հանկարծ ինքնագոհ կամ մեծամիտ չթվաք։
Առաջին հայացքից սա կարող է համեստություն թվալ։ Սակայն երբ մարդը շարունակ թերագնահատում է սեփական հաջողություններն ու չի ընդունում իր արժանիքները, դա հաճախ վկայում է այն մասին, որ նա դժվարանում է գնահատել ինքն իրեն։
3. Չափազանց ծանր եք տանում քննադատությունը
Նույնիսկ հանգիստ ու առանց վիրավորելու արված դիտողությունը կարող է երկար ժամանակ փչացնել Ձեր տրամադրությունը։ Դուք մտքում անընդհատ վերադառնում եք այդ խոսակցությանը, հիշում յուրաքանչյուր բառը և փորձում հասկանալ, թե հիմա ինչ են մտածում Ձեր մասին։
Հատկապես ցավոտ եք ընդունում այն քննադատությունը, որը վերաբերում է ոչ թե Ձեր որևէ արարքին, այլ անձնական հատկանիշներին։ Աշխատանքում թույլ տված սովորական սխալն անգամ կարող եք ընկալել որպես սեփական անկարողության ապացույց։
4. Վախենում եք անհամաձայնություն հայտնել
Դուք համաձայնում եք ուրիշների հետ, նույնիսկ երբ բոլորովին այլ կարծիք ունեք։ Չեք առարկում, երբ ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս, խուսափում եք անհարմար խոսակցություններից և նախընտրում եք զիջել, միայն թե հարաբերությունները չփչանան։
Շրջապատողները բավական արագ նկատում են, որ Ձեզ հետ հեշտ է լեզու գտնել։ Սակայն հաճախ նրանք այդպես էլ չեն հասկանում, թե իրականում ինչ եք ուզում Դուք։ Ժամանակի ընթացքում կարող է այնպես ստացվել, որ ուրիշների ցանկություններն ավելի կարևոր դառնան, իսկ Ձեր սեփական կարիքներն ու անձնական սահմանները մղվեն երկրորդ պլան։
5. Անընդհատ համեմատում եք Ձեզ ուրիշների հետ
Ուրիշների հաջողությունները Ձեզ ստիպում են կասկածել սեփական ուժերին։ Ինչ-որ մեկը պաշտոնի բարձրացում է ստացել, բնակարան գնել կամ հաջողությամբ դասավորել անձնական կյանքը։ Եվ փոխանակ պարզապես ուրախանալու նրա համար՝ սկսում եք մտածել, որ ինքներդ ինչ-որ բանից հետ եք մնացել։
Բայց նման համեմատությունները գրեթե միշտ անարդար են Ձեր հանդեպ։ Չէ՞ որ սեփական կյանքի մասին գիտեք ամեն ինչ՝ թե՛ դժվարությունները, թե՛ անհաջողությունները, թե՛ այն խնդիրները, որոնց մասին ուրիշները նույնիսկ չեն էլ կասկածում։ Իսկ դիմացինի կյանքի մասին դատում եք հիմնականում այն ամենով, ինչ նա ցույց է տալիս շրջապատին։
6. Չեք կարողանում ընդունել հաճոյախոսությունները
Երբ Ձեզ հաճոյախոսություն են անում, շփոթվում եք, փորձում եք կատակի տալ կամ անմիջապես հակադարձել։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ լավ տեսք ունեք, Դուք իսկույն սկսում եք թվարկել Ձեր արտաքինի թերությունները։ Եթե գովում են Ձեր աշխատանքը, շտապում եք բացատրել, թե ինչն է թերի ստացվել և ինչպես կարելի էր ավելի լավ անել։
Նման արձագանքը կարող է անհարմար դրության մեջ դնել նաև զրուցակցին։ Չէ՞ որ նա պարզապես ցանկացել է հաճելի խոսք ասել, իսկ Դուք կարծես ամեն կերպ փորձում եք ապացուցել, որ նա սխալվում է։
7. Չափազանց կախված եք ուրիշների արձագանքներից
Դուք ուշադիր հետևում եք զրուցակցի դեմքի արտահայտությանը, ձայնի տոնին և նույնիսկ նրան, թե որքան արագ է նա պատասխանում Ձեր հաղորդագրություններին։ Եթե ինչ-որ մեկը սովորականից պակաս ջերմ է շփվում, անմիջապես սկսում եք մտածել, թե ինչ եք սխալ արել։
Աստիճանաբար ուրիշների տրամադրությունն ու վերաբերմունքը սկսում են ազդել նաև այն բանի վրա, թե ինչպես եք գնահատում ինքներդ Ձեզ։ Երբ Ձեզ հավանություն են տալիս, հանգստանում եք և ավելի վստահ զգում։ Իսկ երբ ուշադրություն չեք ստանում, սկսում եք անհանգստանալ ու կասկածել ինքներդ Ձեզ։
ՀԱՂԹԱՆԱԿԻ №1 ԿԱՆՈՆԸ։ Սրան տիրապետիր առաջին հերթին։ Նապոլեոն Հիլլի գաղտնիքը
MEDIAMAG TV
Արդյո՞ք այս նշանները վկայում են ցածր ինքնագնահատականի մասին
Ոչ միշտ։ Վարքագծի առանձին դրսևորումները դեռ բավարար չեն նման եզրակացության համար։ Մարդը կարող է համեստ լինել, խուսափել վեճերից կամ ծանր տանել քննադատությունը բոլորովին այլ պատճառներով։ Այդ հատկանիշները պարտադիր չէ, որ կապված լինեն ցածր ինքնագնահատականի հետ։
Ավելի կարևոր է հասկանալ, թե որքան հաճախ են նման իրավիճակները կրկնվում։ Եթե մարդը մշտապես ուրիշների կարծիքն ավելի կարևոր է համարում, քան սեփականը, դժվարանում է պաշտպանել իր անձնական սահմանները, թերագնահատում է իր հաջողություններն ու սովոր է իր ցանկությունները մի կողմ դնել հանուն ուրիշների, դա արդեն կարող է խոսել ինքնագնահատականի հետ կապված խնդիրների մասին։ Արդյունքում նա կարծես իրեն թույլ չի տալիս հարաբերություններում և ընդհանրապես կյանքում ունենալ այն դերն ու տեղը, որն իրականում ցանկանում է։
Եվ թերևս ամենակարևորն այստեղ ոչ թե այն է, թե ինչ են մտածում Ձեր մասին ուրիշները, այլ այն, թե որքան ազատ եք Ձեզ զգում՝ լինելով այնպիսին, ինչպիսին կաք, նույնիսկ եթե դա ինչ-որ մեկին դուր չի գալիս։








