Երբ ես տասը տարեկան էի, ինձ նվիրեցին համակարգիչ: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար, կարծես աշխարհը իմը լիներ: Ես համակարգչի դիմաց մնում էի օրական մեկից երկու ժամ և չէի հոգնում:
Հայրիկս ոչինչ չէր ասում, սակայն հետո սկսեց բարկանալ և ամեն անգամ ինձ ասում էր.
-Բավակա՛ն է համակարգչի դիմաց նստես, տեսողությունդ կվատանա: Ես քեզ ասել եմ, որ ընդամենը մեկ ժամ կարող ես խաղալ:
-Ոչինչ էլ չի լինի, հայրի՛կ, ամեն ինչ լավ կլինի,- անընդհատ կրկնում էի ես:
-Արագ անջատի՛ր համակարգիչը: Այնպես մի արա, որ ընդհանրապես համակարգչի երես չտեսնես:
-Է՜հ, լավ կանջատեմ:
Այս ամենից հետո ես նեղանում էի հայրիկիցս և փակվում սենյակում: Ու այսպես ամեն օր: Ես ժամանակի ընթացքում համակերպվեցի, որ պետք է մեկ ժամ մնամ համակարգչի դիմաց և այդպես ինձ ավելի լավ էի զգում:
Մի անգամ մայրիկս ինձ ուղարկեց հարևանուհու տուն, որպեսզի նրան փոխանցեմ ինչ-որ թղթեր: Երբ մտա նրանց տուն, նա բարկանում էր երեխայի վրա և չէր թողնում նրան բակ դուրս գալ՝ պատճառաբանելով, որ ցուրտ է:
-Դրսում ցուրտ է: Մնա տանը և համակարգչով խաղա որքան կուզես,- ասում էր նա:
-Բայց ինչո՞ւ եք նրան ստիպում մնալ տանը և համակարգչով խաղալ: Չէ՞ որ նա դեռ փոքր է. դա նրա համար վնասակար է,- բացատրում էի ես:
-Վնասակար չէ, թող խաղա, գոնե այդպես գլուխս մի փոքր կհանգստանա:
Այս դեպքից մեկ տարի անց վեցամյա երեխան սկսեց ակնոց կրել: Նա այնքան էր մնացել համակարգչի դիմաց, որ վատացել էր տեսողությունը:
Ես սկսեցի մեղադրել ինձ՝ հայրիկիս չլսելու համար և նրանից ներողություն խնդրեցի: Ես շնորհակալ եմ նրանից իր խստության համար: Եթե չլիներ նրա խստությունը, միգուցե ես նույնպես ունենայի տեսողության հետ խնդիրներ:
Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Պողոսյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]