Այս փոքրիկ անդրադարձում ամենևին չենք ուզում անդրադառնալ Քիմ Քարդաշյանի, որպես անձի, բարոյական կերպարին: Դա իր և միայն իր անձնական խնդիրն է: Չենք ուզում խորանալ բարոյափիլիսոփայական տրակտատների մեջ: Այլ ուզում ենք մի փոքր խոսել այն մասին, թե ի՞նչ արեց Քիմ Քարդաշյանը իր մեկ այցով Հայաստան:
Այո-այո, Քիմը հսկայական մի գործ արեց, որը այսքան տարի չհաջողվեց անել ո՛չ ԱԳՆ-ին, ո՛չ Սփյուռքի նախարարությանը և ոչ էլ հայկական մի որևէ կառույցի, որոնք փորձում են Հայաստանը և ցեղասպանության հարցը ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը:
Իսկ հիմա եկեք խոսենք փաստարկներով: Քիմի այցից հետո, նրա այցի, Հայաստանի և ցեղասպանության մասին սկսեցին գրել միջազգային նշանավոր պարբերականները, մասնավորաբար՝ NY Daily News-ը, USA Today-ը, International Bussiness Times-ը, BuzzFeed-ը, Yahoo News-ը, TMZ.com-ը, Daily Mail-ը, Theguardian-ը, Hello Daily News-ը և շատ այլ հայտնի և անհայտ պարբերականներ: Շեշտենք, որ գրեթե բոլոր այս պարբերականները, Քիմի այցի համատեքստում, մեծ անդրադարձ են կատարում Հայաստանին, պատմությանը և Հայոց ցեղասպանությանը: Համոզված ենք, որ ԶԼՄ-ների այս շարքը դեռ շատ կերկարի:
Բացի այս ամենից, միայն Քիմ Քարդաշյանի ֆեյսբուքյան էջին հետևում են 24 միլիոնից ավել երկրպագուներ: Միայն այդ էջում իր վերջին երկու գրառումները միասին ստացել են ավելի քան 400 000 լայք, մոտ 2000-ից ավել տարածում և բազմաթիվ մեկնաբանություններ:
Քիմի քույրը՝ Քլոի Քարդաշյանը, ով նույնպես ժամանել է Հայաստան, իր ֆեյսբուքյան էջում ունի ավելի քան 12 միլիոն երկրպագու: Իր Հայաստանի մասին վերջին երկու հրապարակումները, ստացել են ավելի քան 60 000 լայք, բազմաթիվ տարածումներ և մեկնաբանություններ: Հրապարակումներից մեկն էլ տեսանյութ է, որը մեկ գիշերվա ընթացքում դիտել են ավելի քան 800 000 մարդ:
Այս ամենից կարելի է վստահաբար ասել, որ նրանց շնորհիվ այսօր Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին իմացան միլիոնավոր մարդիկ՝ աշխարհի տարբեր ծայրերից: Սա աննախադեպ մի PR էր Հայաստանի համար: Եվ պետք է կրկնվենք, որ այս ամենից հետո ամենևին կարևոր չէ Քիմ Քարդաշյան անձի և նրա ընտանիքի բարոյական կերպարը:
2015 © MediaMag