fbpx

Ավ.Իսահակյանի հուշերը: Կոմիտասի անմահ հիշատակին (ծննդյան 80-ամյակին)

Ավետիք ԻսահակյանԿոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
———
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

ԿոմիտասՀիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…

1949թվ.

Ուղղարկեց՝ Մերի Հարոնյանը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ավ.Իսահակյանի հուշերը: Կոմիտասի անմահ հիշատակին (ծննդյան 80-ամյակին)
ԹԵՍՏ. Կխիզախե՞ք անցնել այս մաթեմատիկական գիտելիքներ և տրամաբանություն պահանջող թեստը