fbpx

Հայկական ինտերնետ նորաձևության պատմական ուղին

Ի սկզբանե բանն էր, և արարիչներն ասացին. “Թող լինի ինտերնետ” և այն եղավ: Եվ աշխարհը պատվեց ինտերնետով…
Ճիշտ է ինտերնետը Հայաստան հասավ բավական ուշ: Չեմ ուզում խոսել “Dial up”-յան տխուր և դաժան տարիների մասին: Այդ ժամանակ նույնիսկ ինտերնետ նորաձևություն հասկացությունը ձևավորված չէր, քանի որ մարդկանց ուշքն ու միտքը միայն Աստված կանչելն էր, որ ինտերնետը կպնի:
Բայց եկավ ժամանակ և Հայաստանն էլ ունեցավ քիչ թե շատ նորմալ ինտերնետ: Եվ սկսվեց ձևավորվել “հայկական ինտերնետային նորաձևությունը”, որը կարծում եմ իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային ցանցի պատմության էջերում:
Եվ այսպես, հայը արդեն ինտերնետում էր: Եվ առաջին նորաձևություններից մեկը դա odnoklassniki.ru սոցիալական կայքն էր, որը հայերը անվանում էին կլասնիկ, օդնո և այլն: Ամեն իրեն հարգող հայ պարտավոր էր այդ ցանցում ունենալ իր պրոֆայլը, որոնց հայերը անվանում էին սայթ: Օրինակ. “ապեր դու կլասնիկում սայթ ունե՞ս” կամ “դու իմ օդնոյիս սայթը ինչի՞ չես մտնում և այլն”:
Բայց անցնում էին տարիները, ինտերնետը օր-օրի զարգանում էր և բնականաբար նաև փոխվում էր հայի ինտերնետ ճաշակը: Նորաձևությունը գտնվում էր իր դինամիկայի մեջ: Եվ մի օր հայկական ինտերնետ նորաձևությունը իր հետ բերեց նորույթ՝ facebook (ֆեյսբուք) համաշխարհային սոցիալական ցանցը և Twitter (թվիթեր) միկրոբլոգային համակարգը: Ամբողջ աշխարհը այնտեղ էր և հայերը չէին կարող չմտնել այնտեղ, չէ՞ որ հայն է համաշխարհային քաղաքակրթության սկզբնաղբյուրը: Եվ ահա օդնոկլասնիկին արդեն նորաձև չէր և հայերը ծիծաղում էին նրանց վրա, ովքեր հաճախակի էին մտնում կամ դեռ այնտեղ գրանցված էին: Այժմ նորաձև էր ֆեյսբուքն ու թվիթերը:
Անցնում էին օրեր, շաբաթներ, ամիսներ կամ տարիներ և եկավ մի նոր ժամանակ, որը ես կոչում եմ արդի ժամանակներ: Ճիշտ է արդի ժամանակում դեռ նորաձև են ֆեյսբուքն ու թվիթերը և կարծում եմ դեռ իրենց տեղը չեն պատրաստվում զիջել, բայց նորաձևություն մտան նաև նոր հասկացողություններ և երևույթներ՝ բլոգեր և բլոգներ:
Այժմ յուրաքանչյուր իրեն “հարգող” հայ պարտավոր է ունենալ իր անձնական բլոգը: Եվ հեչ կարևոր չէ, որ այդ մարդը ժամանակին ոչ մի անգամ իր կյանքում թուղթ ու գրիչ վերցրած չկա իր ձեռքը և հեչ կարևոր չի, որ այդ մարդը երբեք գիրք ձեռքը վերցրած չկա և ուր մնաց կարդացած: Բայց կարևոր է, որ այդ մարդը ունենա իր անձնական բլոգը: Այդպիսին է նորաձևության պահանջը: Խառը անկապ մտքեր, շարահյուսությունից զուրկ նախադասություններ, քերականական և կետադրական սխալներ (գոհ լինենք որ ոչ տրանսլիտ): Սա է նորաձևության “պահանջը”:

Եվ հայկական ինտերնետ նորաձևությունը դեռ աճում և զարգանում է: Տեսնենք հաջորդը ի՞նչ փորձանք է գալու գլխներիս:

Բայց դե շատ նորաձև ազգ ենք էլի, հո զոռով չի…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայկական ինտերնետ նորաձևության պատմական ուղին
Ինտելեկտուալ թեստ. Ստուգեք Ձեր բազմագիտակությունը