Փորձագետներն ահազանգում են «անշարժության համաճարակի» մասին, քանի որ ժամանակակից մարդու կենսակերպը գնալով ավելի նստակյաց է դառնում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Չափից դուրս հարմարավետության վտանգներն ընդգծելու նպատակով՝ քայլելու հավելվածներից մեկի մշակողների թիմը ստեղծել է Սեմ անունով մի գրոտեսկային կերպար։ Այն ցուցադրում է, թե ինչ տեսք կունենա սովորական նստակյաց մարդն ընդամենը 25 տարի անց, գրում է Dailymail-ը:

Նրա փոս ընկած աչքերը, դեմքի մաշկի դալուկ գույնը, այտուցված ոտքերն ու «տեխնոլոգիական պարանոցը» տեսնելով՝ գուցե ցանկություն առաջանա անմիջապես վեր կենալ տեղից։
«Եթե սարսափելի բան եք փնտրում, ապա նայեք, թե ինչպիսին կարող է լինել ապագան, եթե շարունակենք հարմարավետությունը գերադասել ամենօրյա շարժումից», – գրել են հավելվածի հեղինակներն իրենց բլոգում:
Հաղորդագրության մեջ նշվում է.
«Հիմնվելով բժշկական հետազոտությունների վրա՝ Սեմը ցուցադրում է այն երկարաժամկետ ֆիզիկական հետևանքներն ու առողջական ռիսկերը, որոնք առաջանում են սահմանափակ շարժունակության, էկրանների առջև երկար ժամանակ անցկացնելու և հարմարավետությամբ պայմանավորված սովորությունների արդյունքում»:
Ավելորդ քաշ
Երբ օրգանիզմը պասիվ վիճակում է, այն ավելի քիչ կալորիա է այրում, ինչի հետևանքով դանդաղում է նյութափոխանակությունը։ Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է գիրացման, հատկապես որովայնի հատվածում՝ մեծացնելով ճարպակալման, շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։
Սխալ կեցվածք
Երկար ժամանակ նստած մնալը կամ էկրանին նայելու համար կռանալը հանգեցնում է գլխի՝ դեպի առաջ թեքմանն ու մեջքի վերին հատվածի կորացմանը։ Սա հայտնի է որպես «տեխնոլոգիական պարանոց»: Այն կարող է առաջացնել պարանոցի և ուսերի քրոնիկ ցավեր՝ ժամանակի ընթացքում դժվարացնելով ճիշտ կեցվածքի պահպանումը։
Հոդերի կարկամություն, հոդաբորբ և սահմանափակ շարժունակություն
Կանոնավոր շարժումներն ապահովում են հոդերի ճկունությունն ու սնուցումը, մինչդեռ երկար նստելը խաթարում է այդ գործընթացը։ Առանց բավարար շարժման՝ հոդերը կարող են դառնալ կոշտ, ցավոտ և պակաս շարժունակ, հատկապես կոնքազդրային և ծնկային հատվածներում։
Ժամանակի ընթացքում քրոնիկ անշարժությունը մեծացնում է դեգեներատիվ հոդաբորբի (արթրիտի) զարգացման վտանգը, քանի որ ոսկորները պաշտպանող աճառային հյուսվածքը մաշվում է՝ առաջացնելով այտուցներ և երկարատև կարկամություն։
Կոճերի ու ոտնաթաթերի այտուցվածություն, երակների վարիկոզ լայնացում
Նստակյաց կյանքը դանդաղեցնում է արյան հոսքն ու վատթարացնում շրջանառությունը։ Սա կարող է հանգեցնել կոճերում և ոտնաթաթերում հեղուկի կուտակման, ինչն էլ պատճառ է դառնում այտուցների, երակների վարիկոզ լայնացման, իսկ ավելի լուրջ դեպքերում՝ թրոմբների առաջացման։
Տես նաև՝ Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսի՞ն կլինի մարդկությունը 1000 տարի հետո
Վաղաժամ ծերացում
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կապույտ լույսի ազդեցությունն ու թվային սարքերին նայելիս աչքերն անընդհատ կկոցելը կարող են վաղաժամ ծերացման նշաններ և մաշկի գունափոխություն (հիպերպիգմենտացիա) առաջացնել։
Մազերի նոսրացում և թափվել
Քրոնիկ սթրեսը, արյան վատ շրջանառությունն ու ոչ լիարժեք սնունդը, որոնք հաճախ ուղեկցում են նստակյաց ապրելակերպին, նվազեցնում են գլխամաշկի սնուցումը թթվածնով և անհրաժեշտ նյութերով։ Արդյունքում մազարմատները թուլանում են, և արագանում է մազաթափությունը։
Աչքերի թվային լարվածություն և մշուշոտ տեսողություն
Էկրանի առջև երկար ժամանակ անցկացնելը նվազեցնում է թարթելու հաճախականությունը և ստիպում աչքերին չափազանց երկար լարված մնալ՝ կենտրոնանալով մեկ հեռավորության վրա։ Ի վերջո, դա հանգեցնում է աչքերի կարմրության, չորության, տեսողության մշուշման, գլխացավերի և կենտրոնանալու դժվարությունների։
Մաշկային խնդիրներ (էկզեմա, մաշկի դալուկ գույն, մուգ շրջանակներ)
Արյան վատ շրջանառության պատճառով մաշկը բավարար քանակությամբ թթվածին և սննդանյութեր չի ստանում, ինչը կարող է վատթարացնել անոթների վիճակը։ Սա արտահայտվում է էկզեմայի սրացումներով, դեմքի մաշկի դալուկ գույնով և աչքերի տակ մուգ շրջանակների առաջացմամբ։
Այլ հետևանքներ, որոնք ներառված չեն մոդելում
Դրանց թվին են պատկանում սթրեսի, տագնապայնության և դեպրեսիայի ախտանիշների մակարդակի բարձրացումը, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և հիպերտոնիայի զարգացման բարձր ռիսկը։








