Երկրորդ Դավիթ Բեկ, Խուստուփի արծիվ, Աժդահա փաշա, Ամեն կռվում հաղթող փադիշահ․․․
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Հայոց պետական-ռազմական գործիչ, ազգային գաղափարաբան և Լեռնահայաստանի Հանրապետության առաջնորդ Զորավար Գ․ Նժդեհը կրել է մի շարք պատվանուններ, որոնք նրան է շնորհվել տարբեր հաղթական իրադարձությունների առթիվ։
Գարեգին Եղեշեի Տեր-Հարությունյանն ինքն է ընտրել «Նժդեհ» կեղծանունը, որը նշանակում է պանդուխտ, տարագիր։
Ինչպես հայտնի է Գ․ Նժդեհը գրել է նաև գրական ստեղծագործություններ։ Նրա գրական կեղծանունը եղել է Դարդունի (մայրը նրա հաճախ կոչում էր «Դարդոտ», իսկ մտերիմները՝ «Դրդո»)։
Սյունիքի գոյապայքարի օրերին, երբ Գ․ Նժդեհի գլխավորությամբ հայ ռազմիկները 1919 թ․ աշնանը գրավեցին Օխչի ձորը (Ողջի գետի վերին հոսանքի շրջան) և Գեղվաձորը՝ մաքրելով դրանք թուրք-թաթարական ավազակային վաչկատուն տարրերից, Ղափանի ժողովուրդը սկսեց Գ․ Նժդեհին անվանել «Երկրորդ Դավիթ Բեկ»։
1920 թ․ գարնանը, երբ ադրբեջանական զորքերը Զեյվա գյուղի (Դավիթ Բեկ) ուղղությամբ հարձակվեցին Ղափանի վրա, Գ․ Նժդեհը վերադարձավ Գողթանից, անցավ հակահարձակման, դուրս շպրտեց թշնամու մեծաքանակ զորքերը Ղափանի մատույցներից, ապա գրավեց և տեղահանեց Բարգուշատի, Որոտանի և Հաքցարու թուրք-թաթարական գյուղերը։
Տեղի թուրք-թաթարական բնակչությունը Գ․ Նժդեհին կոչեց «Աժդահա փաշա»։
1920 թ․ աշնանը, երբ խորհրդա-ադրբեջանական կարմիր բանակը գրավեց Ղափանը, Գ․ Նժդեհը քաշվեց Խուստուփ սրբազան լեռը, որտեղ և ծրագրեց ու իրագործեց Ղափանի վերագրավումը։ Այս իրադարձությունից հետո Սյունիքի ժողովուրդը սկսեց նրան կոչել «Խուստուփի արծիվ»։
Ժամանակակիցներից մեկն իր հուշերում գրում է․
«Նժդեհի անունը, իրոք, պաշտամունքի առարկա է դարձել սյունեցիների համար: Մի հեքիաթային հերոս է նա, որ իր կրակ ձիու վրա հեծած ամեն տեղ է: Նրա խոսքը պատգամ է, նրա ներկայությունը` հույս ու ոգևորություն: Սյունյաց ժողովուրդը «Խուստուփի արծիվ» է անվանում նրան, ի հիշատակ այն օրերի, երբ Նժդեհը իր փոքրաթիվ խմբակով քաշվել էր Խուստուփ լեռը, ուր Պրոմեթևսի նման պահեց ազատության կայծը, մինչև որ մի օր էլ իջավ այդ բարձունքից և հրդեհեց ողջ Սյունիքը ազատության և անկախության բոցով»:
1920 թ․ աշնան կեսերին Զանգեզուրը վերջնականապես ծնկի բերելու համար թշնամին ստեղծեց զորքերի մի հզոր միավոր, որը ստացավ «Զանգեզուրյան հարվածող խմբավորում» անվանումը: Այն գլխավորեց 9-րդ բանակի 18 -րդ հեծյալ դիվիզիայի հրամանատար Պյոտր Վասիլևիչ Կուրիշկոն:
Վերջինս 11-րդ Կարմիր բանակին օգնության էր եկել Հյուսիսային Կովկասից: Դենիկինյանների դեմ դաժան կռիվներում հռչակվել էր որպես անվախ ու հերոս հրամանատար, մարտերի կազմակերպման և ղեկավարման ժամանակ միշտ ցույց էր տվել ռազմագիտական բարձր ընդունակություններ ու հմտություններ:
Կարդացեք նաև՝ 15 փաստ Գարեգին Նժդեհի մասին, որ գուցե դուք չգիտեք
Քաջարի այդ մարդը կռիվներում 18 անգամ վիրավորվել էր և կատարած սխրագործությունների համար արժանացել Կարմիր դրոշի շքանշանի ու ներկայացվել ոսկե զենքով պարգևատրման: Զուր չէ, որ նա «խորհրդային Հաննիբալ» անունն էր վաստակել։
Խորհրդային որոշ գործիչներ գավառի հայ ազգաբնակչությանը սարսափի մատնելու նպատակով շարունակ կրկնում էին. «Զգու՜յշ, սրան Կուռոչկին կասեն, որը կատակ չի սիրում: Սա է ջարդել Դենիկինին, Կոլչակին և շատերին: …Կտեսնեք՝ այսօր-վաղը Նժդեհի և Ղափանի փոշին քամուն կտա»։
Արտաքին որևէ օգնություն Սյունիքը չստացավ։ Սակայն Գ․ Նժդեհը չհուսալքվեց։ Որդեգրելով վճռական մենակի հոգեբանություն` Գ․ Նժդեհը պատրաստվեց հուժկու դիմադրության։
Կատաղի կռիվներ տեղի ունեցան Պյոտր Կուրիշկոյի գերադաս ուժերի և Գ․ Նժդեհի զորքերի միջև։ «Անպարտելի» համարվող Կուրիշկոն մի շարք անհաջողություններ կրեց։
Նոյեմբերի 14-ին Գ․ Նժդեհը վերջնագիր է ներկայացնում հակառակորդի զորքերի հրամանատարությանը․
«Ղարաբաղի և Զանգեզուրի հայութիւնն արդէն գլխատուած և տնտեսապէս ու հասարակականապէս քայքայուած է Կարմիր բանակի ձեռքով: Զեր զօրքերի ներկայութիւնը Սիւնիքի սահմաններում այլևս անհանդուրժելի է: Հրամայում եմ, եթէ չէք ուզում ԺԱ. բանակի մնացորդներն էլ կոտորածի և գերութեան մատնել, անմիջապէս դատարկել Զանգեզուրը, հակառակ դէպքում ստիպուած կը լինեմ կռւով տիրելու ձեր ձեռքին գտնուած երկրամասին»:
Թշնամին տեղի տվեց։ Կուրիշկոն հեռացավ Հայաստանից՝ այլևս երբեք չփորձելով կռվել Գ․ Նժդեհի դեմ։
Նոյեմբեր 22-ին ամբողջ Գորիսի շրջանի ժողովուրդն ու զինվորությունը աղ ու հացով է դիմավորում իր սիրելի ազատարար Նժդեհին և շնորհավորում է նրա հաղթական մուտքը։
«Անպարտելի» զորավար համարվող Կուրիշկոյի դեմ տարած Գ․ Նժդեհի այս փառահեղ հաղթանակից հետո, ժողովուրդը սկսեց կոչել նրան «ամեն կռվում հաղթող փադիշահ (սուլթան, շահ, թագավոր)»։
Այսպիսով Զորավար Գարեգին Նժդեհն իր համար ընտրել է «Դարդունի» և «Նժդեհ» անվանումները, որպես համապատասխանաբար գրական և հեղափոխական ծածկանուններ։ Հայ ժողովուրդն իր սիրելի առաջնորդին տվել է «Երկրորդ Դավիթ Բեկ», «Խուստուփի արծիվ» և «ամեն կռվում հաղթող փադիշահ» պատվանունները, իսկ թշնամին կոչեց նրան «Աժդահա փաշա»։
Գոռ Ղազարյան, Սովորենք Պատմությունից նախագիծ