Կանայք, որպես կանոն, ապրում են ավելի երկար, քան տղամարդիկ, և տարիքի հետ ավելի դիմացկուն են կոգնիտիվ ունակությունների անկմանը։ Գիտնականները հավանաբար գտել են այդ դիմադրողականության գաղտնիքը․ դա երկրորդ X քրոմոսոմն է, որը նախկինում համարվում էր «լուռ»՝ այսինքն՝ ոչ ակտիվ։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
X քրոմոսոմի գաղտնիքը
Մարդու յուրաքանչյուր բջիջ պարունակում է քրոմոսոմներ, որոնք ժառանգում ենք ծնողներից։ Կանանց բջիջներում երկու X քրոմոսոմ կա՝ մեկը մորից, մյուսը հորից, մինչդեռ տղամարդկանց մոտ կա մեկ X և մեկ Y քրոմոսոմ։
Զարգացման սկզբնական փուլում կանանց բջիջներից մեկի X քրոմոսոմը սովորաբար դառնում է ոչ ակտիվ՝ այն ծածկվում է հատուկ սպիտակուցներով և ՌՆԹ մոլեկուլներով, որոնք արգելափակում են դրա գործունեությունը։ Սակայն, ինչպես պարզվել է, այս «լուռ» քրոմոսոմը տարիքին մոտ կարող է արթնանալ և սկսել ազդել բջիջների վրա։
Հետազոտությունը՝ մկների վրա
Science Advances ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ծերացման ընթացքում կանանց գլխուղեղի որոշ հատվածներում, մասնավորապես՝ հիշողության և սովորելու համար պատասխանատու հիպոկամպում, այս «լուռ» X քրոմոսոմը սկսում է աշխատել։
Գիտնականները իրականացրել են փորձեր մկների վրա՝ օգտագործելով գենային թերապիա, որը խթանել է ոչ ակտիվ քրոմոսոմի որոշակի գեների գործունեությունը։ Արդյունքում մկները կարողացել են ավելի լավ կողմնորոշվել լաբիրինթոսում, ինչը ցույց է տալիս, որ նրանց մտածողությունը բարելավվել է։
Եթե այս արդյունքները հաստատվեն նաև մարդկանց մոտ, ապա կնոջ ուղեղը տարիքին մոտ ավելի պաշտպանված կլինի երկրորդ X քրոմոսոմի շնորհիվ, և այս հայտնագործությունը կարող է կիրառվել ապագա բուժական մեթոդներում՝ բոլորի համար մտավոր ունակությունների պահպանման համար։
Կրկնակի դոզա՝ հօգուտ կանանց
Մինչ այժմ գիտնականները կարծում էին, որ կանանց և տղամարդկանց բջիջները պարունակում են նույն քանակությամբ ակտիվ X քրոմոսոմներ։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ այս պատկերացումը սխալ է։ Պարզվել է, որ մարդու «լուռ» X քրոմոսոմի մոտ 30%-ը իրականում ակտիվ է, թեև այս թիվը տարբեր կանանց մոտ կարող է տատանվել։
Մկների ուղեղի հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են, որ ծերության ժամանակ ոչ ակտիվ X քրոմոսոմի շուրջ 100 գեն ավելի բարձր ակտիվություն է դրսևորում։ Մասնավորապես՝ Plp1 կոչվող գենն ավելի ակտիվ էր մի քանի տեսակի բջիջներում։ Այս գենը պատասխանատու է միելինի՝ նեյրոնները պաշտպանող շերտի արտադրության համար։
Կարդացեք նաև՝ Գենետիկայի գլխավոր առեղծվածը բացահայտված է. գիտնականները պարզել են, թե որ ծնողն է իր ինտելեկտը փոխանցում երեխային
«Քնած» X քրոմոսոմը արթնանում է
«Սա մեծ բացահայտում է, քանի որ նախկինում կարծում էինք, որ երկրորդ X քրոմոսոմը պարզապես չի գործում»,— նշում է հետազոտության հեղինակներից Դենա Դուբալը։
Գիտնականները նաև նկատել են, որ երբ նրանք արհեստականորեն ակտիվացրել են Plp1 գենը մկների ուղեղում, ծեր մկները ավելի լավ են կողմնորոշվել լաբիրինթոսում։ Սա նշանակում է, որ այս մեթոդը կարող է օգնել ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց՝ տարիքային հիշողության խնդիրների դեմ պայքարում։
Երկար կյանք, բայց ավելի մեծ ռիսկեր
Չնայած կանայք միջինում ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, նրանք ավելի հաճախ են տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ․ այս հիվանդությամբ տառապողների երկու երրորդը կանայք են։ Գիտնականները հույս ունեն, որ ապագա ուսումնասիրությունները կբացատրեն, թե ինչու են կանայք մի կողմից ավելի դիմացկուն կոգնիտիվ անկմանը, բայց միևնույն ժամանակ՝ ավելի խոցելի դառնում թուլամտության նկատմամբ։
Այսպիսով, գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց կյանքի երկարակեցության գաղտնիքը մասամբ պայմանավորված է երկրորդ X քրոմոսոմի անսպասելի գործունեությամբ։ Այս բացահայտումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել հիշողության և կոգնիտիվ ունակությունների պահպանման համար՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ։