Ի՞նչ էր ասում Էյնշտեյնը մեր ներքին «ծառայի» մասին, և ինչո՞ւ մենք պարտվեցինք նրան լսելով

Չնայած համակարգերի անթերի տրամաբանությանը՝ մարդկությունն իրեն ավելի ու ավելի մոլորված է զգում։

Ալբերտ Էյնշտեյնը մի առիթով նշել է. «Ինտուիտիվ բանականությունը սրբազան պարգև է, իսկ ռացիոնալ միտքը՝ նրա հավատարիմ ծառան։ Մենք ստեղծել ենք այնպիսի հասարակություն, որը մեծարում է ծառային՝ մոռանալով պարգևի մասին»։

Միացե՛ք մեր Telegram ալիքին

Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։

Բաժանորդագրվել

Այս խոսքերը լոկ գեղեցիկ փոխաբերություն չեն. սա մեր ժամանակների իրական ախտորոշումն է։ Մենք ապրում ենք տվյալների ու ալգորիթմների դարաշրջանում, որտեղ ամեն ինչ հասցված է ծայրահեղ օպտիմալացման։ Արտադրողականությունն ու ինտելեկտը չափելի են դարձել, անգամ երջանկությունն ենք փորձում վերածել չափորոշիչների՝ հաճախ աչքաթող անելով այն փաստը, որ մարդկային ուղեղի նեյրոպլաստիկությունն ու ստեղծագործական ներուժը անհնար է տեղավորել միայն չոր թվերի մեջ։ Տրամաբանության ետևից վազելիս ինչ-որ անչափ կարևոր բան անվերադարձ կորչում է, գրում է The Economic Times-ը։

Սա ընդամենը պոետիկ արտահայտություն չէ: Սա ախտորոշում է, որը վերաբերում է մեր մտածելակերպի, որոշումների կայացման և, առհասարակ, ապրելակերպի մեջ առկա խորը անհավասարակշռությանը։

Այսօր աշխարհում գերիշխում է ռացիոնալ մտածողությունը՝ լինի դա կրթության, կորպորատիվ միջավայրի, թե անգամ անձնական ինքնության հարցերում։ Տրամաբանությունը խրախուսվում և գնահատվում է, մինչդեռ ինտուիցիան հաճախ որակվում է որպես անհուսալի կամ մշուշոտ երևույթ։ Սակայն Էյնշտեյնը գլխիվայր շրջում է այս հիերարխիան։ Նա ինտուիցիան կոչում է «սրբազան պարգև», իսկ տրամաբանությունը՝ ընդամենը «ծառա»։

Նման շրջադարձն արժանի է հատուկ ուշադրության։ Քանզի, եթե մենք նման հիմնարար բան սխալ ենք ընկալել, ուրեմն փոխվում է ամեն ինչ. այն, թե ինչպես ենք սովորում, ինչպես ենք ընտրություն անում, և, ի վերջո, թե ում ենք վերածվում։

Էյնշտեյնը ինտուիցիայի և ռացիոնալ մտքի բախման մասին

Առաջին հայացքից կարող է թվալ, թե մեջբերումը պարզապես հակադրում է մտածողության երկու ձև՝ ինտուիտիվ և ռացիոնալ։ Բայց իրականում դրա տակ թաքնված է ժամանակակից աշխարհընկալման խորքային, կառուցվածքային անհավասարակշռությունը։

Ռացիոնալ միտքն աշխատում է վերլուծելու միջոցով։ Այն խնդիրները մասնատում է, հիմնվում ապացույցների, տրամաբանական հաջորդականության և փաստերի ստուգման վրա։ Այդ միտքը դանդաղ է, մեթոդիկ ու ճշգրիտ։ Հենց այդպես մտածել են մեզ սովորեցնում դպրոցում, հենց դրա շնորհիվ են կառուցվում համակարգեր, ստեղծվում տեխնոլոգիաներ և զարգանում տնտեսությունը։

Ինտուիտիվ բանականությունը լրիվ այլ կերպ է գործում։ Այն չի առաջնորդվում հստակ քայլերով, այլ ակնթարթորեն ֆիքսում է օրինաչափությունները՝ կապելով գաղափարներն առանց գիտակցական քննության։ Նեյրոկենսաբաններն այն հաճախ կապում են ենթագիտակցական ակտիվության հետ. վիճակ, երբ ուղեղն ահռելի քանակությամբ ինֆորմացիա է մշակում մեր գիտակցությունից աննկատ։

Վարքագծային հոգեբանության ու տնտեսագիտության ոլորտում այս երևույթը հաճախ զուգահեռվում է Նոբելյան մրցանակակիր Դենիել Քանեմանի նկարագրած «Համակարգ 1»-ի (արագ, ինտուիտիվ, ինքնաբերաբար աշխատող մտածողություն) և «Համակարգ 2»-ի (դանդաղ, վերլուծական, մեծ էներգիա պահանջող) հետ։ Ժամանակակից հասարակությունը սովորել է աստվածացնել երկրորդը՝ հաճախ անտեսելով առաջինի՝ միլիոնավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում կոփված կենսական ուժը։ Ճանաչողական գիտության (կոգնիտիվիստիկայի) ուսումնասիրությունները վկայում են, որ կենսական նշանակության շատ որոշումներ, հատկապես անորոշության պայմաններում, կայացվում են հենց ինտուիցիայի, այլ ոչ թե չոր տրամաբանության թելադրանքով։ Անգամ այնպիսի բարդ ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունն ու ֆինանսները, փորձառու մասնագետները հաճախ ապավինում են այսպես կոչված «ներքին ձայնին», ինչն իրականում տարիների ընթացքում կուտակված փորձի և պատկերների կայծակնային ճանաչման արդյունք է։

Էյնշտեյնը դա շատ խորն էր զգում։ Նա ինտուիցիան բնավ իռացիոնալ չէր համարում, այլ ընդունում էր որպես «նախառացիոնալ» մի բան՝ ակունք, որտեղից ծնվում է պայծառատեսությունը (ինսայթը)՝ նախքան տրամաբանությունը կհասցնի դարակներով դասավորել այն։

Սթիվեն Հոքինգը մի առիթով ասել է. «Գիտելիքի ամենամեծ թշնամին ոչ թե տգիտությունն է, այլ գիտելիքի պատրանքը»։ Այդ պատրանքը հաճախ ծնվում է կառուցվածքային, շրջանակների մեջ դրված մտածողությունից գերկախվածության պատճառով։ Մենք սկսում ենք հավատալ, որ արժեք ունի միայն այն, ինչ հնարավոր է չափել կամ հաշվել։ Բայց իրականությունն անհնար է ամբողջությամբ չափման ենթարկել։

  • Իմաստը չափելի չէ։
  • Ստեղծագործական միտքը չափելի չէ։
  • Պայծառատեսությունը գծային չէ։

Երբ հասարակությունը ռացիոնալ բանականությունը վեր է դասում ամեն ինչից, այն բնավ ավելի խելացի չի դառնում. ընդհակառակը՝ ավելի է սահմանափակվում։

Այս գաղափարը մարտահրավեր է նետում ինտելեկտի և հաջողության մասին մեր պատկերացումներին

Ժամանակակից մշակույթը հակված է ինտելեկտը նույնացնելու բացառապես անալիտիկ ունակությունների հետ։ IQ թեստեր, բարձր գնահատականներ, տրամաբանական շղթաներ կառուցելու ունակություն… սրանք դարձել են մարդու կարողությունների գնահատման հիմնական չափանիշները։ Արհեստական բանականության բուռն զարգացման ներկայիս փուլում, սակայն, երբ վերլուծական ամենաբարդ խնդիրներն ու տեխնիկական տվյալների վերամշակումը կատարվում են հաշված վայրկյաններում, հենց մարդկային ինտուիցիան, ստեղծագործական ոչ ստանդարտ մոտեցումներն ու էմոցիոնալ ինտելեկտն են դառնում ամենապահանջվածն ու անփոխարինելին։

Եվ Էյնշտեյնի միտքը փշրում է կարծրացած այս մոտեցումը։

Նրա խոսքերը վկայում են այն մասին, որ առանց ինտուիցիայի ինտելեկտը կիսատ է, և որ զուտ տրամաբանության վրա խարսխված հաջողությունը կարող է զուրկ լինել խորությունից, ինքնատիպությունից ու նույնիսկ ուղղությունից։

Պարզապես նայեք նորարարություններին։ Բեկումնային, շրջադարձային գաղափարները շատ հազվադեպ են ծնվում լոկ գծային մտածողությունից։ Դրանք լույս աշխարհ են գալիս այն ժամանակ, երբ միտքը հայտնաբերում է անսպասելի կապեր, երբ նկատում է օրինաչափություններ, որոնք մնացածի աչքից վրիպել են, և երբ համարձակություն է ունենում դուրս գալ չոր տվյալների սահմաններից։

Ահա թե որտեղ է գործի անցնում ինտուիցիան։

Այնդհանդերձ, մեր համակարգերը հաճախ ամեն կերպ ճնշում են այն։ Դեռ մանկուց երեխաներին վարժեցնում են կենտրոնանալ ճիշտ պատասխաններ գտնելու, այլ ոչ թե ինքնատիպ մտածելու վրա։ Սխալվելը խիստ պատժվում է, իսկ ինքնուրույն որոնումները՝ սահմանափակվում։ Տարիների ընթացքում ինտուիցիան, իհարկե, չի անհետանում, բայց այն անխնա մղվում է հետին պլան։

Այս ամենը ծնում է շատ նուրբ ու աննկատ կոգնիտիվ խեղաթյուրում։ Մարդիկ սկսում են այլևս չհավատալ սեփական ներքին ձայնին։ Նրանք անընդհատ արտաքին հաստատում են փնտրում։ Սեփական դատողությանը փոխարինելու են գալիս տվյալները, իսկ գիտակցվածությանը՝ ալգորիթմները։

Հոքինգն այս առումով մեկ այլ դիտարկում ևս ուներ. «Մենք ընդամենը կապիկների մի փոքր ավելի զարգացած տեսակ ենք շարքային մի մոլորակի վրա…»։ Էգոն սանձող այս միտքը հիշեցնում է, որ մեր՝ մարդկային ընկալումը բավականին սահմանափակ է։ Իրականության վերաբերյալ մեր ստեղծած մոդելներն ընդամենը մոտավորություններ են։ Տրամաբանությունն օգնում է մեզ ճիշտ կողմնորոշվել դրանցում, բայց երբեք չի կարող ամբողջությամբ բացատրել դրանք։

Էյնշտեյնի խորաթափանցությունը կոտրում է այն վստահության պատրանքը, որը կարող է ներշնչել ռացիոնալ մտածողությունը։ Այն հուշում է մեզ, որ գիտելիքը ոչ միայն արհեստականորեն կառուցվում, այլև հայտնագործվում ու բացահայտվում է՝ շատ հաճախ հենց ինտուիցիայի օգնությամբ։

Ինչպե՞ս է սա անդրադառնում մեր կյանքի և հասարակության վրա

Ահա այստեղ է, որ այս խոսքերը դառնում են խիստ անձնական։

Կյանքի յուրաքանչյուր կարևոր որոշում իր հետ անորոշություն է բերում։ Լինի դա մասնագիտության ընտրություն, անձնական հարաբերություններ, ռիսկի դիմելու քայլ, թե ընձեռված հնարավորություն։ Տվյալները, իհարկե, կարող են հուշել և ուղղորդել, բայց դրանք երբեք ի զորու չեն մեր փոխարեն վերջնական լուծում գտնել։

Գալիս է մի պահ, երբ մարդն ապավինում է իր զգացողությանը։ Լսում է այն խլացված ներքին ձայնը, որն ասում է՝ «սա ճիշտ է», կամ՝ «սա այն չէ»։ Դա հենց ինտուիցիան է։

Երբ մենք արհամարհում ենք այն, կայացրած որոշումները կարող են միանգամայն տրամաբանական լինել, բայց ներքուստ մեզ օտար են թվում։ Մարդիկ հասնում են մեծ բարձունքների, բայց հոգու խորքում դատարկություն են զգում։ Նրանք քայլում են ռացիոնալության ճանապարհով, բայց մշտապես բախվում են սեփական ներքին դիմադրությանը։

Սա տրամաբանության պարտությունը չէ. սա ինտեգրման պարտությունն է։

Էյնշտեյնը մեզնից չի պահանջում իսպառ հրաժարվել ռացիոնալ մտածելակերպից։ Նա պարզապես նորովի է սահմանում դրա դերը. տրամաբանությունը պետք է ծառայի ինտուիցիային և ոչ թե փոխարինի նրան։

Գործնականում սա հիմնովին փոխում է մեր ապրելակերպը.

  • Մենք սկսում ենք շատ ավելի ուշադիր լսել մեր ներքին ազդակները։
  • Մենք ժամանակ ու տեղ ենք հատկացնում պարզապես խորհելու, այլ ոչ թե միայն անընդհատ վերլուծելու համար։
  • Մենք գիտակցում ենք, որ ոչ բոլոր պատասխաններն են ծնվում երկար մտորումներից. դրանց մի մասը գալիս է անմիջապես գիտակցվածությունից։

Բիզնեսի աշխարհում այն առաջնորդները, ովքեր կարողանում են չոր տվյալները հմտորեն համատեղել ինտուիցիայի հետ, շատ ավելի ճկուն որոշումներ են կայացնում։ Տեխնոլոգիական այնպիսի հսկաների, ինչպիսին, օրինակ, Apple-ն է, նախնական հաջողության հիմքում Սթիվ Ջոբսի հենց այս գաղափարախոսությունն էր. շուկայի անալիտիկ տվյալները դարձնել կատարյալ ներդաշնակ՝ ստեղծագործական, գրեթե անբացատրելի էսթետիկ կանխազգացման հետ: Ստեղծագործական պրոցեսներում հենց ինտուիցիան է ծնում ինքնատիպություն, իսկ անձնական կյանքում՝ ուղղորդում դեպի իսկությունն ու բնականությունը։

Ավաղ, հասարակությունը հաճախ հակառակ ուղղությամբ է շարժվում։ Այն շռայլորեն վարձատրում է միայն չափելի արդյունքը։ Այն ստանդարտացնում և կաղապարում է պրոցեսները՝ ամենաբարդ բաները հանգեցնելով պարզունակ սխեմաների։

Իհարկե, սա որոշակի արդյունավետություն ապահովում է։ Բայց միաժամանակ ծնում է սառնություն ու օտարում։ Էյնշտեյնի միտքը հենց այդ վտանգավոր օտարումից խուսափելու նախազգուշացումն է։

Կարդացեք նաև՝ Կյանքի կորսված կանոններ Էյնշտեյնից․ Միշտ հիշեք այս 2 պարզ բաները

Ի՞նչ էր իրականում ուզում ասել Ալբերտ Էյնշտեյնը

Այս կարճ մեջբերումն իր մեջ միանգամից երեք խորքային գաղափար է պարունակում։

  1. Ինտուիտիվ միտքը՝ մեր այն հատվածը, որը տեսնում է անտեսանելին, ստեղծագործում է, զգում և հասկանում է ամեն ինչ նախքան կկարողանա բառերով բացատրել, կոչվում է «սրբազան պարգև»։ «Սրբազան», քանի որ այն հազվագյուտ է, անգին և մինչև վերջ չբացահայտված։
  2. Ռացիոնալ միտքը՝ մեր տրամաբանությունը, անալիզը և հերթականությամբ մտածելու ունակությունը, հավատարիմ «ծառան» է։ Շատ օգտակար է և հուսալի։ Բայց, միևնույնն է, ընդամենը ծառա է։ Մի պարզ գործիք, որը պետք է ծառայի շատ ավելի վեհ մի բանի։
  3. Հասարակությունը գլխիվայր շրջել է այս հիերարխիան։ Մենք պարգևատրում ենք ծառային՝ դնելով բարձր գնահատականներ, տալով գիտական կոչումներ, հիմնվելով վիճակագրության, աղյուսակների ու դիպլոմների վրա։ Փոխարենը մենք անվստահությամբ ենք վերաբերվում պարգևին՝ անվանելով այն չափազանց էմոցիոնալ, ոչ գիտական կամ կտրված իրականությունից։ Այն երեխային, ով անկեղծորեն ասում է. «Ես պարզապես զգում եմ, որ սա է ճիշտը», անմիջապես ուղղում ենք և հորդորում տրամաբանել: Իսկ այն երեխային, ով ցույց է տալիս խնդրի լուծման քայլերը՝ գովաբանում։

Երբ դուք մոռանում եք ձեր պարգևի մասին, դա չի նշանակում, որ դադարում եք այն օգտագործել։ Դուք պարզապես դադարում եք վստահել նրան։ Դուք խլացնում եք ձեր ինտուիցիան չոր հաշվարկներով անգամ այն ժամանակ, երբ հաշվարկն ակնհայտ սխալ է, իսկ ներքին ձայնը՝ ճիշտ։ Դուք սեփական դատողությունների իրավունքը հանձնում եք մեխանիկական համակարգերին՝ սխալմամբ կարծելով, թե մեթոդի հանդեպ կույր վստահությունը հենց իմաստությունն է։

Ինքը՝ Էյնշտեյնը, այս պարադոքսի ամենավառ ապացույցն էր։ Նրա պատմական բացահայտումները՝ Հարաբերականության հատուկ տեսությունը կամ ֆոտոէֆեկտը, չեն սկսվել մաթեմատիկական բանաձևերից։ Դրանք ծնվել են մտավոր էքսպերիմենտների արդյունքում։ Նա պարզապես երևակայում էր, թե ինչպես է սլանում լույսի ճառագայթի վրա նստած։ Դա մաքուր ինտուիցիա էր։ Մաթեմատիկան և հաշվարկները եկան շատ ավելի ուշ։

Հաճախ տրվող էքզիստենցիալ հարցեր.

  • Ինչո՞ւ եմ ես ներքին հակասություն զգում, անգամ երբ լրիվ տրամաբանական ու ճիշտ որոշում եմ կայացրել։
  • Արդյոք կարո՞ղ եմ վստահել ինտուիցիայիս մի աշխարհում, որը կառավարվում է բացառապես թվերով ու տվյալներով։
  • Կա՞ արդյոք ինտելեկտի և հաջողության հասնելու որևէ այլ ճանապարհ։

Սրանք տեխնիկական բնույթի հարցեր չեն. սրանք զուտ էքզիստենցիալ հարցեր են։

Եվ այս մեջբերումն այդքան մեծ արձագանք է գտնում հենց այն պատճառով, որ բարձրաձայնում է մի բան, ինչը շատերն են զգում, բայց դժվարանում են բառերով նկարագրել. այն մռայլ զգացողությունը, որ ժամանակակից կյանքի վազքի մեջ ինչ-որ անչափ կարևոր, կենսական բան անդառնալիորեն բաց է թողնվում։

Լուծումն, իհարկե, տրամաբանությունը մերժելը չէ։ Դա պարզապես միամտություն կլիներ։ Ի վերջո, ռացիոնալ մտածողությունն է ապահովել մեր գիտական առաջընթացը, տեխնոլոգիական թռիչքներն ու հասարակության նորմալ կենսագործունեությունը։

Բայց առանց ինտուիցիայի այն ուղղություն չունի, այն կույր է։

Տրամաբանությունը կարող է հստակ ասել ձեզ, թե ինչպես անել այս կամ այն բանը։ Բայց այն երբեք հստակ չի ասի՝ առհասարակ արժե՞ դա անել, թե՞ ոչ։

Եվ հենց այս նուրբ տարբերությունն է ամենակարևորը։

Ի՞նչ է փոխվում մեր կյանքում, երբ վերականգնում ենք ինտուիցիայի և բանականության բալանսը

Արտաքուստ գուցե ոչինչ էլ միանգամից չփոխվի։ Աշխարհը կշարունակի մնալ նույնքան խիստ կառուցվածքային, տվյալների վրա հիմնված և արագավազ։ Սակայն ներքուստ խորքային տեղաշարժ է կատարվում։

Ձեր որոշումները դառնում են շատ ավելի պարզ ու հստակ, և ոչ թե այն պատճառով, որ դրանք հեշտացել են, այլ որովհետև դրանք այլևս չեն հակասում ձեր ներքին «ես»-ին։ Մտածողությունը դառնում է շատ ավելի սուր, բայց ոչ որպես չոր անալիտիկ գործընթաց, այլ որպես մի ամբողջական, ներդաշնակ մեխանիզմ։

Էյնշտեյնի այս միտքը ժամանակակից ինտելեկտը դեն նետելու կոչ չէ։ Սա այն ավելի կատարյալ դարձնելու հորդոր է։ Նա ուզում է ասել, որ իսկական ինտելեկտը միայն վերլուծելու ունակությունը չէ, այլև ընկալելու, բացահայտելու կարողությունը։ Զգալու օրինաչափությունները շատ ավելի շուտ, քան դրանք կապացուցվեն լաբորատորիաներում։ Վստահելու պայծառատեսությանը մինչև դրա պաշտոնական հաստատումը։

Մի հասարակության մեջ, որն անդադար մեծարում և ծափահարում է «ծառային», «պարգևի» մասին հիշելն այլևս զուտ փիլիսոփայություն չէ. դա կենսական անհրաժեշտություն է։

Որովհետև առանց այդ ոսկե միջինի, առանց այդ հավասարակշռության, մենք կարող ենք արտաքուստ անընդհատ առաջ շարժվել ու զարգանալ, բայց ներքուստ կորցնել ինքներս մեզ։ Իսկ սա արդեն այն գինն է, որը ոչ մի տեսակի տրամաբանություն չի կարող արդարացնել։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo
Միքայել Արամյան

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Ի՞նչ էր ասում Էյնշտեյնը մեր ներքին «ծառայի» մասին, և ինչո՞ւ մենք պարտվեցինք նրան լսելով
ԹԵՍՏ. Միայն 20-ից ցածր IQ ունեցող մարդիկ չեն հաղթահարի այս 8 հեշտ հարցերը։ Դուք նրանցից չեք, չէ՞
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց