Աղավնին ճանապարհին մի բու է տեսնում և հարցնում.
– Այդ որտեղի՞ց ես գալիս, բու:
Բուն պատասխանում է.
– Ես ապրում էի արևելքում, իսկ հիմա թռչում եմ դեպի արևմուտք:
Այսպես պատասխանելով` բուն սկսում է չարամտորեն ճչալ ու ծիծաղել:
Աղավնին նորից է հարցնում.
– Ինչու՞ ես թողել հայրենի տունդ և թռչում օտար երկրներ:
– Որովհետև արևելքում ինձ չեն սիրում, ասում են, որ զզվելի ձայն ունեմ:
Եվ բուն ճչում է նորից:
– Իզուր ես թողել հայրենի երկիրդ,- ասում է աղավնին:
– Ինչպե՞ս թե իզուր,- վրդովվում է բուն,- չէ՞ որ ես քեզ բացատրեցի` արևելքում ինձ ոչ ոք չի սիրում: Էլ ինչո՞ւ ես պետք է մնամ այնտեղ:
– Ախր, բու մորաքույր, պետք է փոխես ոչ թե երկիրդ, այլ ձայնդ: Իմացիր, որ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում մարդիկ չեն կարող տանել քո չարամիտ ճիչն ու վայրի քրքիջը: Իսկ եթե չես կարող փոխել բնավորությունդ, այն ժամանակ մինչև վերջ ապրիր քո սեփական տան մեջ: