Խուլ անտառում ապրում էր մի տարեց ճգնավոր: Նա սիրում էր լռությունն ու մենությունը և բարեկամացել էր անտառային արտույտի հետ: Մի անգամ նրա մոտ եկան հարևան դղյակից երկու հոգի և խնդրեցին օգնություն ցույց տալ իրենց հիվանդացած տիրոջը, ով, չնայած բժիշկների ջանքերին, օր օրի հետ ավելի ու ավելի էր տկարանում:
Իր ընկեր արտույտի ուղեկցությամբ, ծերունին անմիջապես ճանապարհ ընկավ, և շուտով նրան ամրոց բերեցին:
Հիվանդի գլխավերևում չորս բժիշկ էին հավաքված: Նրանք անշտապ զրույցի էին բռնված և մերթ ընդ մերթ գլուխներն էին տարուբերում:
– Այլևս ոչնչով օգնել հնարավոր չէ, – ցածրաձայն ասաց նրանցից մեկը, տեսքից՝ ամենակարևորը:
Իսկ ճգնավորը, ով կանգ էր առել շեմին, աչքը չէր կտրում իր փետրավոր ընկերոջից: Արտույտը մի քանի շրջան կատարեց առաստաղի տակ, իսկ հետո նստեց բարձր պատուհանագոգի վրա և աչքերը սևեռած նայեց հիվանդի վրա:
– Կառողջանա, – հաստատողական ասաց ծերունին, հետևելով թռչունին:
– Ինչպե՞ս կարող է այս անգրագետը իր քիթը խոթել ուրիշի գործերի մեջ, – միահամուռ բացականչեցին բորբոքված բժիշկները:
Իսկ մահացողն այդ ընթացքում բաց արեց աչքերը և տեսնելով իր աչքի առաջ, պատուհանագոգին նստած թռչունին, փորձեց ժպտալ:
Նրա այտերը սկսեցին վարդագունել, ուժերը՝ վերականգնվել, և ի զարմանս բոլորի, ամրոցի տերը թույլ ձայնով արտաբերեց.
– Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում:
Անցավ մի քանի օր: Վերջնականորեն ապաքինվելով ծանր հիվանդությունից, ճանաչված ասպետը եկավ ճգնավորի մոտ անտառ, ցանկանալով իր երախտագիտությունը հայտնել իրեն դարմանողին:
– Ինձ շնորհակալ մի՛ եղիր, – ասաց նրան ծերունին – Այս թռչունը քեզ բուժեց: Արտույտը շատ զգայուն է ցանկացած հիվանդության նկատմամբ: Երբ նա գտնվելով հիվանդի կողքին մի կողմ է նայում՝ բուժման հույսերը շատ քիչ են, և այլևս շատ դժվար է ինչ-որ բանով օգնել: Իսկ երբ նա սևեռուն հայացքով նայում է հիվանդին, ապա վերջինիս ամենայն հավանականության կհաջողվի հաղթահարել իր հիվանդությունը: Իր բարի և կարեկցող հայացքով, արտույտը ապաքինում է բերում:
Ստվերախիտ անտառներում իրենց բները հյուսող հավքերի նման, բարությունը միշտ բույն է դնում զգայուն ու կարեկից սրտերում:
Հրապարակման ներկայացրեց՝ Աննա Գասպարյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]