Ներկայացումն ավարտվեց:
Ծաղրածուն հոգնած մտավ տուն: Նա այսօր փայլուն կատարում էր ունեցել: Թե ինչպես էր թնդում բազմահազարանոց կրկեսը ծիծաղից, դրա մասին դեռ կհիշեն շատ երկար: Մարդիկ կարծում էին, որ նա ի ծնե ծաղրածու է և որ նա աշխարհի ամենաուրախ ծաղրածուն է: Բայց նրանք չգիտեին թե որքան թախիծ և տխրություն կա իրականում ծաղրածուի սրտի մեջ:
Ծաղրածուն անհույս սիրահարված էր իրենց կրկեսից մի գեղեցկուհու վրա: Նա բնական էր համարում այն, որ գեղեցկուհին իրեն մերժել է: Ծաղրածուն մտածում էր. “իսկ ինչու՞ նա պետք է ինձ չմերժեր, չէ որ կրկեսում կա գեղեցիկ և հիասքանչ մարմնով ակրոբատը, կամ ճկուն և սլացիկ ժանգլյորը: Իսկ ինքն ո՞վ է, ընդամենը մի ծաղրածու “: Եվ այս միտքը էլ ավելի էր թունավորում նրա հոգին, այս մտքից նրա սրտում ավելի ու ավելի խորն էր մխրճվում թախիծը:
-Ոչ, -մտածում էր նա, – ես ծնված չեմ սիրվելու համար, այլ միայն ծիծաղեցնելու և ծիծաղալի երևալու:
Իսկ հաջորդ օրը կրկեսը կրկին լեփ լեցուն էր և այն թնդում էր ծիծաղից, արենայում ուրախ ծաղրածուն էր՝ “ուրախ”, “անհոգ” , ծիծաղելի… ՏԽՈՒՐ ծաղրածուն:
©Արխանգելո