Մեզանից շատերը բնազդաբար համեմատում են իրենց ուրիշների հետ։ Երբ մյուսները ձախողվում են, մենք կարող ենք ի պատասխան ունենալ զգացմունքների մի ամբողջ տիրույթ՝ կարեկցանքից մինչև ափսոսանք և նույնիսկ ուրախություն։ Թեև ուրիշի դժբախտությամբ ուրախանալը կարող է տարօրինակ թվալ, այն իրականում այնքան էլ հազվադեպ երևույթ չէ։ Forbes-ի համար գրված հոդվածում ամերիկացի հոգեբան Մարկ Թրևերսը բացատրում է այս երևույթի պատճառները։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
«Երբ մենք մեզ համեմատում ենք մեկի հետ, ում գործերն ավելի վատ են, հաճախ մեզ ավելի լավ ենք զգում։ Սա հարմարվելու նուրբ, երբեմն անգիտակցական մեխանիզմ է, որը հատկապես գործի է ընկնում, երբ կասկածում ենք սեփական ուժերին։ Ուրիշի դժբախտությունից ստացած հուզական բավարարվածությունը կոչվում է Schadenfreude՝ գերմաներեն բառ, որը կազմված է Schaden (վնաս) և Freude (ուրախություն) բառերից»,- նշում է հոգեբանը։
Այս երևույթը հաճախ դրսևորվում է մրցակցային միջավայրում։ Օրինակ, դուք կարող եք թաքուն ուրախանալ, երբ ձեր ղեկավարին շողոքորթող գործընկերը ձախողում է առաջադրանքը և նկատողություն ստանում։
«Դա տեղի է ունենում, քանի որ մարդիկ ունեն իրենց լավ զգալու բնածին պահանջմունք և հաճախ իրենց մասին ավելի բարձր կարծիք են կազմում՝ համեմատվելով նրանց հետ, ովքեր կարող են ավելի քիչ հաջողակ լինել։ Հետևաբար, այն մարդիկ, ում ինքնագնահատականը խոցված է, ավելի հակված են չարախնդության»,- բացատրում է Թրևերսը։
Այսպիսով, փորձագետը առանձնացնում է երկու հիմնական պատճառ, թե ինչու կարող եք ուրախանալ ուրիշի անհաջողությամբ։
1. Չարախնդությունը կարող է բարձրացնել ինքնագնահատականը մրցակցային իրավիճակներում
2017 թվականի հետազոտությամբ գիտնականները ստուգել են՝ արդյոք այս զգացումը բավարարում է չորս հիմնական հոգեբանական պահանջմունքներից որևէ մեկը՝ ինքնագնահատական, վերահսկողության զգացում, պատկանելիություն և իմաստալից գոյություն։
«Հետազոտողներն անցկացրել են չորս փորձարկում, որոնց արդյունքները նույնն էին․ չարախնդությունը (Schadenfreude) իսկապես բավարարում է համեմատության միջոցով սեփական սոցիալական կարգավիճակն ամրապնդելու մեր հիմնարար պահանջմունքը, հատկապես երբ մեզ համեմատում ենք մի մրցակցի հետ, որին նախանձում ենք»,- ընդգծում է հոգեբանը։
Թրևերսը հավելում է, որ երբ դիտում ենք, թե ինչպես է մեկ ուրիշը ձախողվում կամ դժվարություններ հաղթահարում, դա կարող է մեզ պաշտպանել թերարժեքության զգացումից, գոնե ժամանակավորապես։
«Երբ թվում է, թե կյանքը դուրս է եկել վերահսկողությունից, ուրիշներին նման կամ ավելի վատ վիճակում տեսնելը ստիպում է սեփական խնդիրներն ընկալել ոչ թե որպես անձնական ձախողում, այլ որպես մարդկային ընդհանուր իրարանցման մի մաս։ Սա հատկապես նկատելի է մրցակցային իրավիճակներում։ Մենք բոլորս ուզում ենք հավատալ, որ կյանքում մեր գործերը «լավ են»։ Եթե մեկ ուրիշն իրեն մեզանից վատ է զգում, դա հաստատում է, որ մենք հետ չենք մնում»,- նկատում է մասնագետը։
2. Չարախնդությունը կարող է ամրապնդել ձեր հավատն առ արդար աշխարհ
2013 թվականի մեկ այլ հետազոտություն օրինաչափություն է բացահայտել չարախնդության և «արդար աշխարհի» նկատմամբ հավատի միջև։ Երբ մարդկանց այդ հավատը վտանգվում էր, նրանք ավելի մեծ ուրախություն էին ապրում, երբ ուրիշը ձախողվում էր։
«Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրանք ձգտում են վերականգնել իրենց հավատն աշխարհի արդարացիության նկատմամբ։ Երբ մարդն ունի նման համոզմունքներ, նա հակված է մտածել, որ լավ բաները պատահում են լավ մարդկանց, իսկ դժբախտությունը վրա է հասնում նրանց, ովքեր արժանի են դրան։ Եթե նրանք չեն կարող օգնել զոհին, կարող են փոխարենը մեղադրել նրան կամ եզրակացնել, որ նա արժանի էր դրան։ Այդպիսով նրանք արդարացնում են նրա հետ պատահած դժբախտությունը»,- ասում է Թրևերսը։
Սակայն, հոգեբանի խոսքով, դա ամենևին չի նշանակում, թե զոհն իրականում արժանի է պատժի կամ պատասխանատու է տեղի ունեցածի համար։
Կարդացեք նաև՝ Սեփական պրոբլեմների մասին չի կարելի պատմել ընկերներին և հարազատներին. ահա թե ինչու
Արդյո՞ք սա ձեզ վատ մարդ է դարձնում
Ուրիշի ձախողմամբ ուրախանալը ձեզ վատ մարդ չի դարձնում, քանի որ դա հաճախ տեղի է ունենում անգիտակցաբար, նշում է հոդվածի հեղինակը։
«Սակայն եթե դուք մշտապես սպասում եք ուրիշի պարտությանը և նույնիսկ փորձում եք նպաստել դրան՝ մարդուն անհարմար դրության մեջ դնելով, սա արդեն կարող է տագնապալի ազդանշան լինել։ Փոխանակ փորձելու լիովին ազատվել այս բնազդից, փորձեք ուղղակի նկատել այն՝ առանց դրան չափազանց մեծ նշանակություն տալու»,- խորհուրդ է տալիս հոգեբանը։








