fbpx

2025-ի աշնան 11 ամենասպասված ֆիլմերը, որոնց համար արժե դիմանալ անձրևներին ու ցրտերին

Աշունը տարվա այն եղանակն է, որը ազդարարում է ամռան ավարտը, և թվում է, թե սրանով ամեն ինչ ասված է։ Սակայն որքան դրսում ցուրտ է, մութ ու անձրևոտ, այնքան ավելի գրավիչ է դառնում կինոթատրոնում ժամանակ անցկացնելը։ Եկեք տեսնենք, թե ինչ նորույթներ են մեզ սպասվում այս տարվա սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Այս ցանկում կկենտրոնանանք բացառապես նոր նախագծերի վրա՝ մի կողմ թողնելով այնպիսի սպասված շարունակություններ, ինչպիսիք են «Թրոն. Արես», «Չարը. ընդմիշտ» և «Դաունթոնի աբբայություն 3»-ը։ Բացառություն կանենք միայն մի նոյեմբերյան մուլտֆիլմի համար։

Երկար զբոսանք — 12 սեպտեմբերի

Սթիվեն Քինգի հանրահայտ վեպի երկար սպասված էկրանավորումը վերջապես հասնում է մեծ էկրաններ։ Ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը («Քաղցած խաղեր») հանդիսատեսին տեղափոխում է մռայլ ապագա, որտեղ անցկացվում է դաժան մրցույթ։ Հարյուրավոր դեռահասներ պետք է անդադար քայլեն՝ պահպանելով ժամում առնվազն 6 կմ արագություն։ Յուրաքանչյուր վարանում նշանակում է մահ, և միայն մեկը կարող է հասնել եզրագծին՝ որպես մրցանակ ստանալով հսկայական գումար և իր ցանկացած երազանքն իրականացնելու հնարավորություն։

Դերասանական կազմում առանձնանում է Մարկ Հեմիլը, ով կմարմնավորի գլխավոր չարագործին։

Մեծ, համարձակ, գեղեցիկ ճամփորդություն — 19 սեպտեմբերի

Սա պատմություն է երկու միայնակ անծանոթների պատահական հանդիպման մասին, որը վերածվում է մի իրապես ֆանտաստիկ ճամփորդության։ Նրանք հայտնվում են իրենց իսկ վերակենդանացած հիշողությունների մեջ՝ դառնալով դրանց մասնակիցը։

Գլխավոր դերերում հանդես են գալիս հմայիչ Մարգո Ռոբին և Քոլին Ֆարելը, ինչն արդեն իսկ ֆիլմը խոստումնալից է դարձնում։

Ճակատամարտ ճակատամարտի հետևից — 26 սեպտեմբերի

Փոլ Թոմաս Անդերսոնի նոր ֆիլմը ոգեշնչված է Թոմաս Փինչոնի «Վայնլենդ» վեպով, սակայն գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։ Սա լարված էքշն-թրիլլեր է նախկին հեղափոխականի մասին, ով տարիներ անց ստիպված է լինում կրկին համախմբել իր զինակիցներին՝ ընկերներից մեկի առևանգված դստերը փրկելու համար։

Դերասանական կազմն աստղային է՝ Լեոնարդո Դի Կապրիո, Շոն Փեն, Ռեջինա Հոլ և Բենիսիո Դել Տորո։

Անեմոն — 3 հոկտեմբերի

Դենիել Դեյ-Լյուիսը, ով արդեն երկու անգամ հայտարարել է կինոյից հեռանալու մասին, կրկին վերադառնում է։ 2017 թվականից ի վեր նրա առաջին դերը, կարելի է ասել, ընտանեկան նախագիծ է. ֆիլմի ռեժիսորը նրա որդին է՝ Ռոնան Դեյ-Լյուիսը, ում հետ նրանք համատեղ գրել են սցենարը։

Ֆիլմը պատմում է երկու եղբայրների մասին, ովքեր վերամիավորվում են այն բանից հետո, երբ նրանցից մեկը քսան տարի մեկուսացած ապրել է Հյուսիսային Անգլիայի անտառներում։ Դժվար չէ կռահել, թե ով է մարմնավորում անտառում երկու տասնամյակ անցկացրած հերոսին։ Նրա եղբոր դերում հանդես կգա Շոն Բինը։

Ջախջախիչ մեքենան — 3 հոկտեմբերի

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Անճանաչելիորեն փոխված Դուեյն Ջոնսոնը մարմնավորում է MMA-ի լեգենդար մարտիկ Մարկ Քերին։ Սա պատմություն է ոչ միայն սպորտային փառքի, այլև ներքին դևերի դեմ մղվող անողոք պայքարի մասին։ Այս դժվարին ճանապարհին նրան կաջակցի Էմիլի Բլանթի հերոսուհին։

Հաջողություն — 17 հոկտեմբերի

Մի զվարճալի կատակերգություն երկնային սուրհանդակի մասին, ով, մեղմ ասած, այն պահապան հրեշտակը չէ, որի մասին բոլորը երազում են։ Կիանու Ռիվզի մարմնավորած «բյուջետային» հրեշտակը որոշում է գլխավոր հերոսին ապացուցել, որ երջանկությունը փողի ու կարգավիճակի մեջ չէ, և տեղերով փոխում է նրան իր ղեկավարի հետ։ Սակայն պարզվում է, որ երջանկությունը հենց դրանց մեջ է։ Առաքելությունը շատ արագ դուրս է գալիս վերահսկողությունից, և հրեշտակը կարող է զրկվել իր թևերից։

Ֆիլմի գլխավոր հերոսը, ռեժիսորն ու սցենարիստը Ազիզ Անսարին է, իսկ ղեկավարի դերում կտեսնենք Սեթ Ռոգենին։

Տես նաև՝ 16 ֆիլմ, որոնք արժե դիտել, եթե հիասթափված եք կյանքից

Ֆրանկենշտեյն — 17 հոկտեմբերի

Գիտնականի և նրա ստեղծած արարածի ողբերգական պատմության դասական վեպի նոր էկրանավորում։ Այս դեպքում ամենակարևորը ստեղծագործական կազմի անուններն են։ Ռեժիսոր՝ Գիլյերմո դել Տորո, ով այս գաղափարը փայփայել է 2008 թվականից։ Դերերում՝ Օսկար Այզեկ (դոկտոր Ֆրանկենշտեյն), Ջեյքոբ Էլորդի (հրեշ), ինչպես նաև Քրիստոֆ Վալց, Չարլզ Դենս և Միա Գոթ։

Բուգոնիա — 7 նոյեմբերի

Ռեժիսոր՝ Յորղոս Լանտիմոս։ Գլխավոր դերերում՝ Էմմա Սթոուն և Ջեսի Փլեմոնս։ Այս սև կատակերգությունում դավադրության տեսությունների կողմնակիցները առևանգում են մի գործարար կնոջ՝ համոզված լինելով, որ նա այլմոլորակային է և նպատակ ունի ոչնչացնել Երկիրը։ Ավելորդ է ինչ-որ բան ասել. ռեժիսորի ոճի սիրահարներն արդեն իսկ անհամբերությամբ սպասում են այս ֆիլմին։

Գիշատիչ. Մահվան մոլորակը — 7 նոյեմբերի

«Գիշատիչ» ֆրանշիզայի նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենում այլմոլորակային որսորդների հարազատ մոլորակում։ Ռեժիսոր Դեն Թրախթենբերգը, ով նկարահանել է բարձր գնահատված «Ավար» (2022) ֆիլմը, այս անգամ պատմում է Դեք անունով (պարզվում է՝ նրանք էլ անուններ ունեն) երիտասարդ, իր ցեղից վտարված գիշատչի մասին։ Նա պետք է գոյատևի մահացու վտանգներով լի աշխարհում, և այս գործում նրա ուղեկիցն է դառնում Տիա անունով անդրոիդը՝ Էլ Ֆենինգի մարմնավորմամբ։

Վազող մարդը — 14 նոյեմբերի

Սթիվեն Քինգի էկրանավորումները երբեք շատ չեն լինում։ Ռեժիսոր Էդգար Ռայթը ներկայացնում է 1982 թվականի համանուն վեպի նոր էկրանավորումը՝ խոստանալով լինել առավելագույնս հավատարիմ գրքի սյուժեին։ Ի տարբերություն 1987 թվականի՝ Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ հայտնի մարտաֆիլմի, այս տարբերակը պահպանում է վեպի մռայլ ու ճնշող մթնոլորտը։

Գլխավոր հերոսը մասնակցում է մի դաժան հեռուստաշոուի։ Միլիարդ դոլար շահելու համար նա պետք է 30 օր շարունակ փախուստի մեջ լինի՝ թաքնվելով պրոֆեսիոնալ մարդասպաններից։ Ֆիլմը խոստանում է լինել Քինգի սուր սոցիալական քննադատության և Ռայթի ֆիրմային, դինամիկ ոճի պայթյունավտանգ խառնուրդ։

Դերասանական կազմում են Գլեն Փաուելը, Ջոշ Բրոլինը, Քոլման Դոմինգոն և նույնիսկ Մայքլ Սերան։

Կենդանապոլիս 2 — 26 նոյեմբերի

Երկրորդ մասում մեզ սպասում է սիրելի դետեկտիվ զույգի՝ նապաստակ Ջուդի Հոփսի և աղվես Նիք Ուայլդի վերադարձը։ Այս անգամ նրանք պետք է բացահայտեն քաղաքում հայտնված խորհրդավոր սողունի առեղծվածը, որը գլխիվայր շուռ է տալիս քաղաքի խաղաղ կյանքը։ Նրանց գլխավոր կասկածյալը խորամանկ պիթոն Գերի Դե’Սնեյքն է, և նրան բռնելու համար Ջուդին ու Նիքը ստիպված են լինում սկսել ռիսկային ընդհատակյա հետաքննություն։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
2025-ի աշնան 11 ամենասպասված ֆիլմերը, որոնց համար արժե դիմանալ անձրևներին ու ցրտերին
ԹԵՍՏ. Մենք գիտենք՝ ինչպիսին է լինելու քո սիրային կյանքը 2017-ին