Մի անգամ, երկու նավաստի դուրս են գալիս ամբողջ աշխարհով ճանապարհորդելու, որպեսզի գտնեն իրենց բախտը։ Հասնում են նրանք մի կղզու, որտեղ տեղի բնիկ ցեղերից մեկի առաջնորդը ուներ երկու աղջիկ։ Մեծը՝ գեղեցկուհի, իսկ փոքրը՝ … ոչ այդքան։
Նավաստիներից մեկը ասում է ընկերոջը.
– Վերջ, ես գտա իմ երջանկությունը։ Մնում եմ այստեղ և ամուսնանում առաջնորդի աղջկա հետ։
– Այո, դու ճիշտ ես։ Առաջնորդի մեծ աղջիկը իսկական գեղեցկուհի է։ Դու ճիշտ ընտրություն ես կատարել։ Ամուսնացիր։
– Դու ինձ չհասկացար ընկերս, ես ամուսնանում եմ փոքր աղջկա հետ։
– Ի՞նչ է, գժվե՞լ ես։ Չէ՞ որ նա այնպիսին է… դե ոչ այդքան։
– Դա իմ որոշումն է և ես կանեմ դա։
Ընկերը շարունակում է ճանապորհորդությունը դեպի երջանկության որոնումներ։
Պետք է նշել, որ ցեղում կար սովորություն՝ հարսի համար հարկավոր էր վճարել կովերով։ Լավ հարսը ուներ բարձր գին՝ 10 կով։
Բերում է նա իր հետ 10 կով և մոտենում առաջնորդին.
– Առաջնորդ, ես ուզում եմ ամուսնանալ աղջկադ հետ, և ահա դրա դիմաց տալիս եմ քեզ 10 կով։
– Դա լավ ընտրություն է։ Իմ մեծ աղջիկը՝ խելացի է, գեղեցկուհի և նա արժե 10 կով։ Ես համաձայն եմ։
– Ոչ, առաջնորդ, դու ինձ չհասկացար։ Ես ուզում եմ ամուսնանալ փոքր աղջկադ հետ։
– Դու կատակո՞ւմ ես։ Չե՞ս տեսնում, որ նա այնպիսին է… դե ոչ այդքան։
– Ես ուզում եմ ամուսնանալ հենց նրա հետ։
– Լավ, բայց որպես արդար մարդ՝ ես չեմ կարող վերցնել 10 կով, նա այդ արժեքը չունի, ես նրա դիմաց կվերցնեմ 3 կով, ոչ ավել։
– Ո՛չ, ես ուզում եմ վճարել հենց 10 կով։
Նրանք ամուսնացան։
Անցնում են տարիներ և ճանապարհորդող ընկերը, արդեն իր նավով, որոշում է տեսության գալ իր հին ընկերոջը և իմանալ ինչպես է նրա կյանքը։ Հասնում է։ Քայլում է ափով, հանկարծ նրան է հանդիպում ոչ երկրային գեղեցկությամբ մի կին։ Նա հարցնում է կնոջից, թե ինչպես գտնել ընկերոջը։ Կինը ցույց է տալիս ճանապարհը։ Մտնում է տուն և տեսնում ընկերոջը, իսկ նրա շուրջը երեխաներ են վազվզում և թռչկոտում։
– Ինչպե՞ս ես։
– Երջանիկ եմ։
Այստեղ ներս է մտնում այն ոչ երկրային գեղեցկությամբ կինը։
– Ահա, ծանոթացիր, սա իմ կինն է։
– Ինչպե՞ս։ Ի՞նչ է, երկրորդ անգա՞մ ես ամուսնացել։
– Ոչ, նա հենց այն կինն է։
– Բայց դա ինչպե՞ս է հնարավոր։ Ինչպե՞ս է նա այսքան փոխվել։
– Իսկ դու իրենից հարցրու։
Մոտենում է ընկերը կնոջը և հարցնում.
– Ներիր ինձ իմ անտակտության համար, բայց ես հիշում եմ ինչպիսին էիր դու, … դե ոչ այդքան։ Ի՞նչ է տեղի ունեցել, որ դու դարձել ես այսքան գեղեցիկ։
– Ուղղակի մի անգամ ես հասկացա, որ արժեմ 10 կով։