Boeing օդանավերի արտադրությամբ զբաղվող կոնցեռնը ներկայացրել է ինքնաթիռի կոնցեպտ, որի սրահը համալրված է բազմաթիվ էկրաններով: Առաջին հերթին, ընկերությունը առաջարկում է օգտագործել առաստաղի տարածությունը: Առաստաղի վրա պատկերների ցուցադրումը առաջարկվում է երկու տարբերակով՝ ճկվող էկրանների կամ պրոյեկտորների միջոցով:
Թռիչքի ժամանակ, առաստաղին հնարավոր կլինի ցուցադրել տեղեկատվություն թռիչքի մասին, ժամանման վայրի լուսանկարներ կամ տեսանյութեր և այլն: Նաև առաջարկվում է ցերեկը ցուցադրել կապույտ երկինք, ամպեր, իսկ երեկոյան աստղազարդ երկինք: Ուղևորների նստարանի հենակները, պատերը, բեռների համար նախատեսված դարակները և գետինը նույնպես զերծ չեն մնա մոդերնիզացիայից՝ դրանք նույնպես «զարդարված» կլինեն էկրաններով կամ լուսադիոդային լուսավորությամբ:
Նախագծողների կարծիքով, այդպիսի քայլը իրենց ընկերության ինքնաթիռների համար կներգրավի ավելի շատ ուղևորներ: Նաև նորարարությունը չպետք է հարվածի ընկերության գրպանին, քանի որ դրա իրականացումը չի պահանջի բուն ինքնաթիռի փոփոխություն: Իսկ թե երբ այսպիսի ինքնաթիռը դուրս կգա իր առաջին թռիչքին՝ չի հաղորդվում: Հնարավոր է այն այդպես էլ մնա որպես գեղեցիկ կոնցեպտ:
Աղբյուրը՝ mashable.com