Մեզ բոլորիս քաջ հայտնի են անհատականության երկու հիմնական տեսակները՝ էքստրավերտներ և ինտրովերտներ։ Սակայն պարզվում է, որ հոգեբանության տեսանկյունից մարդիկ դասակարգվում են նաև որպես ամբիվերտներ և օտրովերտներ։ Եկեք պարզենք, թե որ տեսակին եք պատկանում դուք և որոնք են այս չորս տիպերի հիմնական տարբերությունները։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ո՞վ է օտրովերտը․ նոր հասկացություն և դրա բացատրությունը
Նյու Յորքի հոգեբույժ Ռամի Կամինսկին այս տեսակն առաջին անգամ բացահայտել է 2025 թվականին։ Իր «Չպատկանելու շնորհը» («The Gift of Not Belonging») գրքում նա նկարագրել է այն երեխաներին, ովքեր, հեշտությամբ շփվելով մարդկանց հետ դեմ առ դեմ, միևնույն ժամանակ անհարմար են զգում իրենց մարդաշատ վայրերում։
Նա նրանց անվանեց «օտրովերտներ»՝ եզրակացնելով, որ օտրովերտը մի տեսակ է, որին չի կարելի միանշանակ դասել էքստրավերտների կամ ինտրովերտների շարքին։ Նման անհատը չի խորշում հասարակությունից, սակայն միջավայրում ներգրավվում է միայն այն դեպքում, երբ դա իրեն հաճույք է պատճառում։
«Զվարճանք՝ զվարճանքի համար» սկզբունքը նրանցը չէ. նրանք մակերեսային հաճույքներից առավել կարևորում են խորիմաստ որոնումները։
Ըստ Կամինսկու՝ օտրովերտների մտածողությունն ավելի ինքնատիպ է, իսկ դատողություններն անկախ են հասարակական կարծիքից։ Նրանք հակված են հաստատելու խորը և ամուր կապեր՝ գերադասելով որակը քանակից։ Նրանք կարևորում են ինքնատիպությունը և խորշում կոնֆորմիզմից։ Որպես կանոն, այս տեսակի մարդիկ թերահավատորեն են մոտենում ցանկացած զանգվածային շարժման, կուսակցության կամ կազմակերպության։
Ինտրովերտ, էքստրավերտ, ամբիվերտ և օտրովերտ․ ո՞րն է տարբերությունը
Այս հոգետիպերի առանձնահատկությունները հասկանալու համար հարկավոր է իմանալ, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ է ներկայացնում։
Ինտրովերտ
Ինտրովերտն այն մարդն է, ով իրեն առավել հարմարավետ է զգում միայնության մեջ։ Նա մեծ ընկերախմբերի կամ բազմաթիվ ծանոթների կարիք չունի, քանի որ մարդկանց հետ շփումը նրանից մեծ էներգիա է խլում։ Լռությունը նրա համար ոգեշնչման բուժիչ աղբյուր է։ Տարածված կարծրատիպը, թե ինտրովերտը մշտապես ամաչկոտ ու մարդկանցից խուսափող անձնավորություն է, իրականությանը չի համապատասխանում։ Նա կարող է լիարժեք շփվել, սակայն դրանից հետո կարիք է ունենում առանձնանալու և վերականգնվելու։ Շփումը նրանց չի լիցքավորում, այլ ուժասպառ է անում։
Էքստրավերտ
Էքստրավերտն ինտրովերտի լիակատար հակապատկերն է՝ վառ ու գործունյա անհատականություն, ով չի պատկերացնում իր կյանքն առանց շփման ու նոր ծանոթությունների։ Նրա համար կենսականորեն կարևոր է մշտապես գտնվել իրադարձությունների կիզակետում, շատ շփվել և նոր հույզեր ապրել, այլապես նրա էներգիան սկսում է մարել։ Միայնությունն ու անգործությունը նրա համար տանջալի են։
Կարդացեք նաև Գիտական եզրակացություն. «Մշտապես» միայնակ մարդիկ ունեն 3 հստակ բնավորության գիծ
Ամբիվերտ
Սա երրորդ՝ միջանկյալ տեսակն է, որը գտնվում է էքստրավերտի և ինտրովերտի միջև։ Այս հոգետիպի մարդիկ իրենց տարբեր կերպ են դրսևորում՝ կախված տրամադրությունից, իրավիճակից կամ ներքին վիճակից։ Նրանց մոտ կարող են արտահայտվել երկու հիմնական տեսակներին բնորոշ գծեր։
Օտրովերտ
Ինչ վերաբերում է վերջին՝ օտրովերտ տեսակին, որը շրջանառության մեջ է դրել դոկտոր Կամինսկին, ապա այն դեռևս պաշտոնապես ճանաչված չէ հոգեբույժների կողմից։ Ենթադրվում է, որ գիտնականը փորձել է առանձնացնել այն մարդկանց, ում դժվար է դասել գոյություն ունեցող տիպերից որևէ մեկին։ Հավանաբար, Կամինսկին ձգտել է ցույց տալ, որ «որևէ խմբի մաս չզգալը» միանգամայն նորմալ է և չպետք է դիտարկվի որպես թերություն։ Այնուամենայնիվ, ժամանակակից, գիտականորեն հիմնավորված հոգեբուժությունը հակված է այն տեսակետին, որ գոյություն ունի անհատականության երկու, առավելագույնը՝ երեք հիմնական տեսակ։








