fbpx

Ալեն Դելոն. «Ես կլքեմ այս աշխարհն առանց ափսոսանքի»

82 ամյա Ալեն Դելոնը ամփոփում է իր կյանքն ու կարիերան…

Ֆրանսիական Paris Match ամսագրում տեղ գտած հարցազրույցում 82 ամյա Ալեն Դելոնը ամփոփում է իր կյանքն ու կարիերան։ Նախկին նախագահի նախկին կինը՝ Վալերի Տրիերվեյլերը զրուցել է դերասանի հետ և անվանել այս հանդիպումը. «Ես Դելոնն եմ. իմ կյանքի հարցազրույցը»։

Հարցազրույցը հայտնվեց ամսագրի հատուկ թողարկման մեջ, որը նվիրված էր հայտնի դերասանի կարիերայի 60 ամյակին։ Հիշելով իր կյանքը, իր դերերը, ընկերներին և ընտանիքին, Դելոնը բացատրում է իր անհանդուրժողականությունը այսօրվա իրականությանը. «Կյանքը ինձ այլևս ոչինչ չի տալիս։ Ես արդեն ամեն ինչ տեսել եմ և ամեն ինչ ապրել։ Բայց գլխավորը՝ ես ատում եմ այս դարը, իմ սիրտը խառնում է դրանից»։

«Ես ատում եm այդ մարդկանց։ Ամեն ինչ կեղծ է, ամենը՝ շինծու։ Հարգանք այլևս գոյություն չունի, ոչ ոք չի կատարում իր խոստումները։ Միայն փողն է, որ նշանակություն ունի։ Ամեն օր, առավոտից երեկո, միայն լսում ենք հանցագործությունների մասին։ Ես գիտեմ, որ կլքեմ այս աշխարհը՝ առանց որևէ ափսոսանքի», – ասում է դերասանը։

Դելոնը մի փոքր պատմում է իր կյանքի անհաջողությունների մասին, ընտանիքում դժվար փոխհարաբերությունների մասին։ Կանանց մասին, որոնց սիրել է, ընկերների մասին, որոնք արդեն ողջ չեն։ Նա խոստովանում է, որ իր կյանքում հատուկ նշանակություն ունեն շները։ Նրա մոտ 50 չորքոտանի ընկերներ թաղված են Փարիզի արվարձանում գտնվող նրա այգում, հենց նրանց կողքին էլ դերասանը ցանկանում է թաղվել։

Հարցին, թե նրա կյանքում այժմ ինչ տեղ են զբաղեցնում կանայք, Դելոնը պատասխանում է, որ «այն միակին» դեռևս չի գտել։ «Ես չէի ասի, որ թեկնածուհիները քիչ են։ Նրանք ինձ մոտ հասնում են մոտ տասնյակի։ Սակայն նրանցից ոչ մեկ չի համապատասխանում նրան, որպեսզի կյանքիդ մնացած մասը ապրես նրանց հետ։ (…) ես կարող էի ամուսնանալ միայն այն կնոջ հետ, ով պատրաստ կլիներ ուղեկցել ինձ մինչև իմ կյանքի վերջին օրերը», – բացատրում է Դելոնը։

Դերասանի կարիերան դեռևս բոլորովին էլ ավարտված չէ. հարցազրույցում նա պատմում է վերջին ֆիլմի մասին, որ նկարահանում է Պատրիս Լեկոնտը, որում գլխավոր դերերում Ալեն Դելոնն է և Ժյուլետ Բինոշը։ Սակայն նկարահանումները անընդհատ հետաձգվում են։ Դելոնը նաև խոսում է այն մասին, որ կցանկանար վերադառնալ թատերական բեմ։

Վերջին ֆիլմը, որում Ալեն Դելոնը խաղացել է Կեսարի դերը՝ «Աստերիկսն ու օլիմպիական խաղերը», էկրաններ է բարձրացել 2008 թվականին, թատրոնում վերջին անգամ նա խաղացել է 2013 թվականին, իր դստեր՝ Անուշկա Դելոնի հետ, բեմում խաղալով նրա հոր դերը։

«Ես արտիստ եմ, բայց ոչ դերասան, ես չեմ ավարտել դերասանական ակադեմիան», – հիշեցնում է Դելոնը, խոսելով իր մասնագիտության մասին։ «Ես ոչինչ դրա համար չեմ արել։ 14 տարեկանում լքել եմ դպրոցը, իսկ հետո գնացի բանակ։ Ես այն արտիստներից եմ, ինչպիսիք էին՝ Ժան Գաբենը, Լինո Վենտուրան կամ Բեն Լանկաստերը՝ ուժեղ անձնավորություններ, որոնց նկարահանում էին կինոյում։ Եվ ես, առանց ավելորդ համեստության, կարող եմ հայտարարել, որ ինձ մոտ այդ մասնագիտությունը հաջողվեց»։

«Ես երբեք չեմ երազել այդպիսի կարիերայի մասին, այն ինքստինքյան ստացվեց, – ասում է Ալեն Դելոնը, – ես չէի ծնվել, որպեսզի դառնամ Ալեն Դելոն։ Ես պետք է արդեն վաղուց մեռած լինեի։ Սակայն սա կոչվում է ճակատագիր»։

Ըստ rfi.fr նյութերի


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ալեն Դելոն. «Ես կլքեմ այս աշխարհն առանց ափսոսանքի»
Առակ։ Ինչ պատվիրում ես, այն էլ ստանում ես