fbpx

Երիտասարդության մասին պատկերացումները փոխվում են. գիտնականները սահմանել են ուղեղի 5 տարիքային փուլերը

Ուղեղը մնում է երիտասարդության փուլում մինչև մոտավորապես 30 տարեկանը. հենց այս տարիքն է համարվում օրգանիզմի ծաղկման գագաթնակետը։

Մարդու ուղեղը կյանքի ընթացքում անցնում է մի քանի հստակ նշված փուլերով, իսկ առանցքային շրջադարձային պահերը տեղի են ունենում 9, 32, 66 և 83 տարեկանում։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Այս եզրահանգմանն են եկել Քեմբրիջի համալսարանի գիտնականները, գրում է BBC-ն։ Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ այս գիտելիքները կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչու են տարիքի հետ փոխվում հոգեկան խանգարումների և դեմենցիայի ռիսկերը։

Նշվում է, որ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ուղեղը մնում է երիտասարդության փուլում մինչև մոտավորապես 30 տարեկանը. հենց այս տարիքն է համարվում օրգանիզմի ծաղկման գագաթնակետը։

Նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերելուն զուգընթաց՝ ուղեղն անընդհատ փոխվում է, սակայն ուսումնասիրությունը պարզել է, որ դա ոչ թե մեկ սահուն, ամբողջ կյանքի ընթացքում տեղի ունեցող գործընթաց է, այլ փուլային։

Այդ գործընթացն ունի ուղեղի աշխատանքի 5 փուլ.

  • Մանկություն – ծննդից մինչև 9 տարեկան,
  • Երիտասարդական շրջան – 9-ից մինչև 32 տարեկան,
  • Հասունություն – 32-ից մինչև 66 տարեկան,
  • Վաղ ծերացում – 66-ից մինչև 83 տարեկան,
  • Ուշ ծերացում – 83 տարեկանից և բարձր։

«Ուղեղը վերակառուցվում է ողջ կյանքի ընթացքում։ Այն մշտապես ուժեղացնում է որոշ կապեր և թուլացնում մյուսները, և դա մշտական, հարթ գործընթաց չէ. կան տատանումներ և ուղեղի վերակառուցման փուլեր»,- պարբերականին պատմել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ դոկտոր Ալեքսա Մոուսլին։

Առաջին շրջանում (մանկության փուլ) ուղեղը արագորեն մեծանում է չափերով, բայց միաժամանակ «նոսրացնում» է նյարդային բջիջների միջև ավելորդ կապերը՝ սինապսները, որոնք ստեղծվել էին կյանքի հենց սկզբում։

Այս փուլում ուղեղի աշխատանքը նման է երեխայի գործողություններին, ով զբոսնում է այգում և գնում այնտեղ, ուր խելքին փչում է:

Սակայն ամեն ինչ կտրուկ փոխվում է մոտավորապես 9 տարեկանից, երբ ուղեղի կապերը սկսում են վերակառուցվել հանուն առավելագույն արդյունավետության։ «Դա հսկայական տեղաշարժ է»,- մեկնաբանել է Մոուսլին՝ այս անցումն անվանելով մարդու կյանքի ամենանշանակալի փոփոխությունը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Հենց այս ժամանակահատվածում է ի հայտ գալիս հոգեկան խանգարումների առաջացման ամենաբարձր ռիսկը:

Նշվում է, որ զարմանալի ոչինչ չկա նրանում, որ երիտասարդական փուլը սկսվում է հենց սեռական հասունացման գալուստով։ Զարմանալին այն է, որ այդ փուլն ավարտվում է շատ ավելի ուշ, քան նախկինում կարծում էին գիտնականները։

«Կարծիք կար, որ երիտասարդությունը սահմանափակվում է դեռահասության տարիքով, ավելի ուշ նեյրոկենսաբանությունը ցույց տվեց, որ այն շարունակվում է նաև 20-ից հետո, իսկ այժմ՝ ընդհուպ մինչև 32 տարեկանը»,- գրել է պարբերականը:

Մոուսլին նշել է, որ ուղեղի աշխատանքի ցուցանիշները գագաթնակետին են հասնում 30 տարեկանից հետո առաջին տարիներին, այսինքն՝ 9-ից մինչև 32 տարեկանը ձգվող փուլի հենց վերջում։ Գիտնականը զարմացած է, որ ուղեղը զարգացման միևնույն փուլում է մնում նման երկար ժամանակ։

Այնուհետև գալիս է կայունության շրջանը. հասունությունը ուղեղի կյանքի ամենաերկարատև փուլն է։ Փոփոխություններն այս ընթացքում ընթանում են զգալիորեն ավելի դանդաղ՝ համեմատած երիտասարդական շրջանի հետ։ Սակայն, ըստ գիտնականների, այս փուլում մարդը դուրս է գալիս յուրօրինակ «ինտելեկտի և անհատականության սարահարթ»։

Կարդացեք նաև՝ Գիտնականները պարզել են այն ճշգրիտ տարիքը, երբ սկսվում է օրգանիզմի ծերացումը

Վաղ ծերացման փուլը սկսվում է մոտավորապես 66 տարեկանում, սակայն դա ուղեղի արդյունավետության կտրուկ վատթարացում չէ։ Փոխանակ աշխատելու որպես մեկ միասնական համակարգված օրգան՝ ուղեղն ավելի ու ավելի է բաժանվում առանձին տիրույթների, որոնք ընդ որում սերտորեն փոխազդում են։

Հենց այս տարիքում են սովորաբար սկսում դրսևորվել դեմենցիան և բարձր ճնշումը, որոնք ազդում են ուղեղի վիճակի վրա։

Այնուհետև, 83 տարեկանում, մարդը թևակոխում է վերջնական փուլ, որը կոչվում է ուշ ծերացում։ Ուղեղի փոփոխություններն այս փուլում նման են վաղ ծերացման ախտանիշներին, սակայն արտահայտված են ավելի ուժեղ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Երիտասարդության մասին պատկերացումները փոխվում են. գիտնականները սահմանել են ուղեղի 5 տարիքային փուլերը
9 հոգեբանական հարց, որոնք կօգնեն ձեզ ուսումնասիրել մարդուն