fbpx

Լքվածություն և կապվածություն. Պանչ կապիկի պատմության հուզական ճշմարտությունը

Դուք դժվար թե սպասեիք, որ կենդանու մասին վիրուսային հոլովակը կարող է ձեր ներսում այսքան ծանր զգացմունքներ արթնացնել։ Բայց երբ տեսաք այդ փոքրիկ մակակային՝ Պանչ կապիկին, որն ամուր կառչել էր փափուկ խաղալիքից, դուք պարզապես տեսանյութ չէիք դիտում. դուք ականատես էիք լինում լքվածությանն ու գոյատևմանն իր ամենաբնական ու մերկ ձևով։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ո՞վ է Պանչ կապիկը

Տրավմա վերապրած այս կապիկը Իչիկավա քաղաքի կենդանաբանական այգում բնակվող ճապոնական մակակայի ձագ է, որը գրավեց ողջ աշխարհի ուշադրությունը, երբ համացանցում տարածվեցին հոլովակներ, թե ինչպես է նա ամենուր իր հետ տանում օրանգուտանի նարնջագույն փափուկ խաղալիքը։ Նա քարշ էր տալիս այն գետնի վրայով, գրկում էր հանգստանալիս և գրեթե երբեք բաց չէր թողնում տեսադաշտից։

Բայց ինչո՞ւ։

Ըստ կենդանաբանական այգու տնօրեն Շիկանոյի՝ Պանչի մայրը, հնարավոր է, լքել է նրան հուլիսյան ծայրահեղ շոգի պատճառով (նա հենց այդ ժամանակ է ծնվել)։ Շրջակա միջավայրի խիստ սթրեսը կարող է ազդել կենդանիների մայրական բնազդների վրա։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ առաջնեկ ունեցող մայրերը երբեմն դժվարանում են անմիջապես կապ հաստատել իրենց նորածինների հետ։ Անփորձությունը, սթրեսը կամ ֆիզիկական գերլարումը կարող են հանգեցնել ձագին մերժելուն կամ անտեսելուն։

Թեև հստակ պատճառները պնդել հնարավոր չէ, այս գործոնները, հավանաբար, մեծ դեր են խաղացել, և Պանչը դարձել է լքված ձագ։

Ինչո՞ւ է բաժանումն այսքան խորն ազդում

Ճապոնական մակակաները խիստ սոցիալական կենդանիներ են։ Վայրի բնության մեջ նրանց ձագերը մշտապես մնում են մայրերի կողքին՝ ջերմություն և սնունդ ստանալու, խնամքի և գոյատևման հիմնական հմտությունները սովորելու համար։ Վաղ տարիքում լքվածությունը կամ մորից բաժանումը կարող է առաջացնել սթրեսային վարքագծի տեսանելի նշաններ՝ ինքնամփոփություն, կառչողականություն և տագնապ։

Իսկ գիտեի՞ք արդյոք, որ մարդիկ նույնպես նմանատիպ արձագանք են դրսևորում։ Հոգեբաններն ապացուցել են, որ վաղ տարիքում խնամակալներից բաժանումը կարող է ծանր դիսթրես առաջացնել երեխաների մոտ։ Շատ երեխաներ սթրեսային ժամանակաշրջաններում կապվածություն են ձևավորում ծածկոցների, փափուկ խաղալիքների կամ մխիթարող այլ առարկաների նկատմամբ։

Այս առարկաներն օգնում են կարգավորել հույզերը և ստեղծել անվտանգության զգացում։ Սթրեսը, տրավման, հետծննդյան դժվարությունները կամ աջակցության պակասը կարող են խաթարել նաև նորաթուխ մայրերի և նորածինների միջև կապի ձևավորումը։ Բոլոր տեսակների մոտ վաղ տարիքում ձևավորված կապվածությունը խորապես փոխկապակցված է հուզական կայունության հետ, և երբ այդ կապը խզվում է, հետևանքները կարող են շատ ծանր լինել։

Լքված կապիկի պատմությունը շատ մարդկային է թվում. ահա թե ինչու…

Պանչը վիրուսային դարձավ ոչ թե այն պատճառով, որ պարզապես գեղեցիկ տեսք ուներ փափուկ խաղալիքը գրկած, այլ որովհետև մարդիկ դրանում տեսան շատ հոգեհարազատ ու ծանոթ մի բան՝ բաժանումից հետո մխիթարության և ապահովության կարիք։

Լքվածությունը, հատկապես վաղ տարիքում, խորը հուզական հետք է թողնում։ Անկախ նրանից՝ խոսքը մարդու, թե կենդանու մասին է, հիմնական խնամակալի բացակայությունը խաթարում է անվտանգության զգացումը։ Ինչ-որ փափուկ կամ ծանոթ իրից կառչելու բնազդը պաշտպանական մեխանիզմ է։

Ամիսներ շարունակ Պանչին գրեթե անհնար էր տեսնել առանց իր փափուկ ընկերոջ։ Սակայն ժամանակի ընթացքում նա աստիճանաբար սկսեց ավելի շատ շփվել կենդանաբանական այգու մյուս մակակաների հետ։ Այս դրական տեղաշարժը խոսում է ապաքինման և սոցիալական կապերի դանդաղ վերականգնման մասին։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների մոտ հետծննդյան դժվարություններից ու լքվածության տրավմայից ապաքինման հիմքում ընկած է մեկ կարևորագույն գործոն. անվտանգության և կայուն կապվածության վերականգնումը։ Չնայած միջավայրերի տարբերություններին՝ տարբեր տեսակների հուզական կենսաբանությունը զարմանալիորեն նման է։ Եկեք դիտարկենք ապաքինման ուղիները՝ հոգեբանության տեսանկյունից։

Ձեզ կարող է հետաքրքրել 👉 Աշխարհի ամենամիայնակ և դժբախտ շիմպանզեի տխուր պատմությունը

Ապաքինում հետծննդյան դժվարություններից

Մարդիկ միակը չեն, որ բախվում են հետծննդյան դժվարությունների։ Այս շրջանը ֆիզիկապես հյուծող է, հորմոնալ առումով՝ ինտենսիվ և հուզականորեն չափազանց նուրբ բոլոր կաթնասունների համար։ Երբ սթրեսի, անփորձության կամ շրջակա միջավայրի ճնշման պատճառով կապվածությունը չի ձևավորվում, տուժում են և՛ մայրերը, և՛ ձագերը։

Ահա մի քանի համընդհանուր ռազմավարություններ, որոնք կօգնեն վերականգնել կապվածությունը, վերահաստատել անվտանգությունը և նվազեցնել սթրեսը։

1. Մեծացնել աջակցությունը և նվազեցնել սթրեսը

Լիարժեք հանգիստը, սնուցումը, հուզական աջակցությունը և, անհրաժեշտության դեպքում, մասնագիտական հոգեբանական օգնությունը կենսական նշանակություն ունեն մայրերի համար։ Տագնապը և հետծննդյան դեպրեսիան բժշկական խնդիրներ են և ոչ թե անձնական ձախողումներ։ Կենդանիների դեպքում կայուն միջավայրը, արտաքին սթրեսորների բացակայությունը և հանգիստ մթնոլորտը նույնպես նպաստում են մայրական բնազդների վերականգնմանը։ Սթրեսի մակարդակի նվազմանը զուգահեռ բարելավվում է նաև կապվածությունը։

2. Կապվածությունը վերականգնել աստիճանաբար

Կապվածությունը միշտ չէ, որ ակնթարթորեն է ձևավորվում։ Մարդկանց մոտ այն աստիճանաբար ամրապնդվում է մարմնական (մաշկը մաշկին) շփման, հոգատար խնամքի և կանոնավոր փոխազդեցության միջոցով։ Կենդանիների դեպքում անվտանգ շփումն ու կայուն սոցիալական խմբերը խթանում են մոր կողմից ձագի ընդունումը և մեծացնում ձագի վստահությունը։

3. Ինչպես օգնել ձագերին լքվածությունից հետո

Եթե բաժանումն արդեն տեղի է ունեցել, ապաքինման գործընթացը պետք է կենտրոնանա ձագի կամ երեխայի վրա։

Մարդկային երեխաների համար, որոնք լքվածության պատճառով տագնապ կամ տրավմա են ապրում, անհրաժեշտ է՝

  • Կայուն և հուսալի խնամակալների ներկայություն
  • Հետևողական առօրյա և ռեժիմ
  • Տրավմայի հաղթահարմանն ուղղված թերապիա
  • Մեծահասակների կողմից հանգիստ և հավասարակշռված հուզական դաշտի ապահովում

Փոքրիկ կենդանիների դեպքում պահանջվում է՝

  • Հուսալի և մշտական խնամողներ
  • Ճիշտ և սահուն սոցիալական ինտեգրում մյուս կենդանիների հետ
  • Զարգացնող և խթանող միջավայր
  • Ֆիզիկական հարմարավետություն և ընկերական մթնոլորտ

Անվտանգության կրկնվող ու շարունակական զգացողությունը խթանում է նյարդային համակարգի ապաքինումը՝ անկախ կենսաբանական տեսակից։

Վերջնական մտքեր. սա պարզապես վիրուսային տեսանյութ չէ

Պանչի պատմությունը սոսկ վաղ բաժանումից տրավմա ստացած կապիկի ձագի մասին չէ։ Այն խոսում է այն մասին, թե որքան խորն է բոլոր կենդանի էակների ներսում արմատավորված կապվածության և սիրո պահանջը։

Պանչը կառչել էր մխիթարությունից այնքան ժամանակ, մինչև կարողացավ կամաց-կամաց վերականգնել վստահությունը շրջակա միջավայրի նկատմամբ։ Նրա պատմությունը հիշեցնում է մեզ, որ լքվածությունը, անկասկած, խորը հետք է թողնում, բայց համբերության, կայունության և հոգատարության շնորհիվ ապաքինումը հնարավոր է։

Իսկ դո՞ւք ինչ եք կարծում այս մասին։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Լքվածություն և կապվածություն. Պանչ կապիկի պատմության հուզական ճշմարտությունը
Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»: Մեջբերումներ գրքից
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց