fbpx

Արթուր Մեսչյան – Երբ իմաստազուրկ է լինում

Երբ օրերն անցած ճանճի պես մեխվում են
քո օրացույցի դեղին էջերին,
ամիս առ ամիս անիմաստ թափվում են
տերևների պես, քո կյանքի ծառից:

Երբ ժամացույցի լարված զսպանակը
կացինն է ճոճում քո պարանոցին,
անցյալը դանդաղ իմաստազրկվում է,
ներկան էլ թմրած` քո ոտքի տակին:

Կյանքը անիմաստ իմաստազրկվում է,
երբ վերածվում է անվերջ պայքարի,
պայքարն էլ, ավաղ, իմաստազրկվում է,
երբ վերածվում է կյանքի իմաստի:
Իմաստը կորցրած դատարկ պատվանդանը
սպասում է հաջորդ կուռքի քանդակին,
երբ տապալվում է կանգնած արձանը,
ժամանակը միշտ վիժում է նորից:

Փողոց ու այգի իմաստազրկվում են
իմաստազրկված քաղաքի մեջքին,
տները նույնպես իմաստազրկվում են,
Երբ վերածվում են ապաստարանի:

Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
ծնվել երախում բյուր ժողովների,
իմաստը նույնիսկ իմաստազրկվել է՝
այն վազքի նման, որ ավարտ չունի:

Ձեռքերը, պարապ, իմաստազրկվում են,
ամեն օր դարձավ տխուր կիրակի,
գլխուղեղիդ մեջ օրեցօր մեխում են
պատճառները բյուր առանց պատճառի:

Անիմաստության խորտակվող իմ նավը
նորից փրկության ափին է զարնվում,
երբ վերարկույով քնած զավակներս
մեկ-մեկ արթնանում ու ինձ են նայում:

Նրանց աչքերի առկայծող լույսերը
ոգուս սառույցի կեղևն են փշրում,
անկարողության պոկում կապանքները,
և կյանքս նորից իմաստավորում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Արթուր Մեսչյան – Երբ իմաստազուրկ է լինում
Դժվար ԹԵՍՏ․ Ի՞նչ գիտեք Ձեզ շրջապատող աշխարհի մասին