Օրը ոչնչով չէր տարբերվում մնացած բոլոր օրերից: Սովորական ամենօրյա եռուզեռ, սովորական ամենօրյա արև և օդ: Ամեն ինչ կրկին չափից շատ սովորական էր:
Ալարկոտությամբ և դժկամությամբ նա բացեց աչքերը, վեր կացավ անկողնուց և քայլերն ուղղեց դեպի լոգարան: Նա կարծես դեռ երազում էր, կարծես ամբողջովին չէր էլ արթնացել:
Ամենօրյա առավոտյան սովորական և արդեն “ավանդույթ” դարձած գործողություններ. լոգարան, մի փոքր առավոտյան նախաճաշ, սուրճ և ճանապարհ դեպի աշխատավայր: Իսկ երեկոյան արդեն ճանապարհ դեպի տուն, ճաշ, մի քիչ համակարգչի առջև, մի քիչ հեռուստացույցի և անկողին: Առավոտյան կրկին ամեն ինչ նորից….
Այս ամենը այն աստիճան էր ձանձրացրել նրան, որ նա իրեն զգում էր ինչպես մի արհեստական մեխանիզմ, որը ստեղծված է ընդամենը մեկ գործողություն կատարելու համար:
Այնքան էր սովորել այս ձանձրույթին, որ շատ հազվադեպ ընկերական հանդիպումները, քեֆերն ու ուրախությունները նրա համար շատ ծանր էին և ձանձրալի: Նրա մեջ կամաց-կամաց անզգայանում էր կյանքը:
”Իրականում ոչ թե մարդն է պլանավորում իր կյանքը, այլ կյանքն է ծրագրավորում մարդու հետագան”,- մտածում էր նա, բայց ոչ մի կերպ չեր ուզում համակերպվել այս մտքի հետ:
Նա ընդհանրապես հեշտ հանձնվողներից չէր, հեշտ չէր ընկրկում կյանքի դժվարությունների առջև: Կյանքը դեռ շատ ջանք և եռանդ պետք է ծախսեր որպեսզի կարողանար նրան կոտրել: Բայց կյանքը կարծես թե հաջողության հասնելու ճանապարհին էր:
Կյանքը շատ նման է կնոջ. հաճախ դաժան է գտնվում նրանց հանդեպ, ովքեր շատ են սիրում իրեն:
Բայց կյանքը դեռևս շարունակվում էր և նա դեռ երկար պետք է արթնանար առավոտները և կատարեր սովորական “ավանդույթ” դարձած գործողությունները:
Եվ ահա հերթական սովորական օր: Նա արդեն աշխատավայր տանող ճանապարհին է, ամեն ինչ սովորականի պես սովորական է: Նա նույն ռոբոտային շարժումներով տեղավորվում է իր աշխատասեղանի մոտ, մեխանիկորեն, սովորության համաձայն միացնում է համակարգիչը և առաջինը ինչ անում է, դա՝ ստուգում է էլեկտրոնային փոստը: Նորից ոչ մի հետաքրքիր նամակ, նորից անիմաստ սփամեր և մեկ երկու ոչ կարևոր նամակներ: Ոչ մի հետաքրքիր բան. Ամեն ինչ ավելի քան սովորական է:
Իսկ պատուհանից այն կողմ՝ դրսում հրաշալի ամառային եղանակ է. պայծառ արև, կապույտ երկինք, ջերմացնող օդ: Բայց այս ամենը ամենաքիչը նրան էր հետաքրքրում: Չէ որ երբ մարդու հոգում բուն է դնում ձանձրույթն ու թախիծը՝ մարդու աչքերը փակվում են: Նրանք այլևս ի վիճակի չեն տեսնելու և զգալու գեղեցկությունը: Իսկ երբ մարդ երկար ժամանակ չի շփվում և չի տեսնում գեղեցկություն, նրա սիրտը սկսում է կարծրանալ և ի վերջո քարանալ:
Նա արդեն մի քանի ժամ էր ինչ առանց շեղվելու աշխատում էր, կարծես այդպես ուզում էր կտրվել առօրյայից: Բայց հանկարծ նա մի ջերմություն զգաց իր երեսին: Այդ ջերմությունը պարուրեց նրա ողջ մարմինը: Նրա սիրտը սկսեց ավելի արագ դոփել և շնչառությունը արագանալ: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ թե ի՞նչ է կատարվում իր հետ, ինչի՞ց այս ամենը սկսվեց:
Տարակուսանքի ևս մի քանի վայրկյաններ և հանկարծ նրա հայացքը ընկնում է պատուհանին: իսկ պատուհանից նրան էր ժպտում մի փոքրիկ, ջերմ և անչափ գեղեցիկ արևի շող: “Այ սա է երջանկությունը”- ակամայից մտածեց տղան: Եվ նա զգաց թե ինչպես է երջանկությունից կտրվում աթոռից և ճախրում, ճախրում բարձր-բարձր: Դա սերն էր: Տղան սիրահարվել էր այդ փոքրիկ, չարաճճի արևի շողին. չէ որ նա այնքան աննման էր: Սիրահարվել էր մեկ հայացքից: Նա երջանիկ էր, նա սիրում էր կյանքը, երբ արևի շողն իր հետ էր: Նա աշխարհի երջանիկն էր զգում իրեն: Ու կարծես արևի շողը նույնպես լավ էր զգում իրեն տղայի կողքը: Նրանք հասկանում էին միմյանց:
“Չկա ավելի քաղցր բան, քան սերն է”- հառաչեց տղան:
Արևի շողի կողքը նրա րոպեները վայրկայններ էին դարձել, ժամերը՝ րոպեներ: Նա չէր զգում ժամանակը: Իսկ ժամանակը ոչ մեկին ոչինչ չի հարցնում, նա ապրում է ինքն իր համար ու ուշադրություն չի դարձնում ոչ մեկին: Ժամանակը սլանում է երբ ուզում է և ուր ուզում է: Ժամանակը անողոք է ու դաժան:
Ժամերն անցնում էին, իսկ օրը մոտենում էր իր տրամաբանական ավարտին: Եվ երբ մթնեց՝ շողը կորավ, նա կարծես երբևէ չէր էլ եղել: Տղան չէր հավատում իր աչքերին, նա խելագարի պես պտտվելով սենյակում փնտրում էր իր շողին, իր սիրելի և միակ արևի շողին, իսկ շողն այլևս չկար: Նա չէր հավատում, որ կորցրել է իր շողը:
Թախիծը կրկին անգամ մտավ տղայի հոգին, այս անգամ ավելի շատ ու ավելի խորը: Բայց նրա հոգում մի փոքրիկ լույս էր առկայծում, փոքրիկ մի հույս, որ վաղը կրկին կտեսնի իր շողին և կրկին կջերմանա նրանով:
Այդ փոքրիկ լույսը քնքշորեն գրկած՝ տղան հասավ տուն: Արդեն ուշ գիշեր էր: Նա շտապում էր քնել, քնել որպեսզի վաղը շուտ գա, որպեսզի նա կրկին կարողանա տեսնել և զգալ իր սերը:
Բացվեց առավոտը, ոչ սովորական մի առավոտ. առավոտ, որը լեցուն էր հույսի շնչով: Տղան բացեց աչքերը և առանց վարանելու շտապեց պատուհանի մոտ:
Իսկ դրսում հորդառատ անձրև էր: Երկինքն այնքան լեցուն էր սև ամպերով, որ կարծես դեռ գիշեր լիներ:
Իսկ արևի շողը չկար, նա շատ հեռու էր:
Եվ տղան հասկացավ, որ առհավետ կորցրեց իր շողը՝ իր արևի շողը: Կորցրեց այն միակին, որը միակն էր, որ կարող էր կյանք վերադարձնել իրեն, միակն էր, որը կարող էր վերջապես պարգևել այդքան սպասված երջանկությունը:
“Չկա ավելի դաժան բան, քան սերն է”- դուրս թռավ հառաչանքը տղայի շուրթերից:
———————————————–
Արդեն ձմեռ է՝ ցրտաշունչ ու անողոք ձմեռ…
©Արամ Հակոբյան (Արխանգելո)
15.09.2011