Մարգարեթա Գերտրուդա Զելեն ծնվել էր 1876թ. օգոստոսի 7-ին։ Հայրը լքել էր ընտանիքը, իսկ երբ մահացավ մայրը, փոքրիկը մնաց փողոցում։ Թվում էր նա դատապարտված է աղքատության և սովի, բայց ճակատագիրը այս աղջկա առումով բոլորովին այլ պլաններ ուներ։
15 ամյա Մարգարեթան միայնակ էր ամբողջ աշխարհում։ Շատերը, նրա փոխարեն, արդեն վաղուց հանձնված կլինեին, սակայն նա մտադիր էր պայքարել իր տեղի համար արևի տակ։ Մարգարեթան կրթություն է ստանում և ամեն ջանք գործադրում է որպեսզի դպրոցի ուսուցչուհու աշխատանք ստանա։ Մանկուց զրկված լինելով ուշադրությունից և սիրուց, աղջիկը ցանկանում էր ճանաչում և հիացմունք ձեռք բերել։ Եվ հնարավոր է հենց այդ պատճառով 16 ամյա աղջիկը սիրավեպ է սկսում դպրոցի տնօրենի հետ։ Սակայն երբ նրանց սիրավեպը բացահայտվում է, նրան ամոթանքով հեռացնում են աշխատանքից։
ՄԻ քանի տարի անց, 19 ամյա Մարգարետան ամուսնանում է ծովային նավատորմի սպայի հետ։ Ամուսնուն գործուղում են Ինդոնեզիա և նրա երիտասարդ, արկածախնդիր կինը ուղղակի երջանիկ էր նոր կյանք սկսել հեռավոր էկզոտիկ երկրում։ Նա արագ սովորում է տեղի լեզուն և պարերը։ Մարգարեթայի այդ հետաքրքրությունները փրկում էին նրան դաժան իրականությունից, որում նա հարբեցող և սիֆիլիսով հիվանդ նավաստու կին էր։ Նրա երկու երեխաները ի ծնե հիվանդ էին և այդպես էլ չապրեցին մինչև չափահասություն։
Հենց Ինդոնեզիայում կինը փոխում է իր անունը Մաթա Հարի, ինչը մալայերենով նշանակում էր «լուսաբացի աչք»։ Նոր անունը նրան թույլ է տալիս ձերբազատվել ամուսնու ազգանունից և իր ձեռքը վերցնել սեփական կյանքի կառավարումը։
1902թ. լքելով ամուսնուն, նա հաստատվում է Փարիզում։ Գումար աշխատելու համար Մաթա Հարին մոդել և պարուհի էր աշխատում։ Նրա տաղանդն ու էպատաժը չէին կարող աննկատ մնալ և 1905թ. կինը սկսում է համերգային շրջագայություն ամբողջ Եվրոպայով։ Ի շնորհիվ տղամարդկանց գայթակղելու նրա ունակության, շատ շուտով ձեռք է բերում բազմաթիվ երկրպագուներ, որոնք հիանում էին նրա «կատվային նրբաղեությամբ» և «հեզաճկունությամբ»։
Նա ոչ միայն էկզոտիկ էր, այլ նաև շատ էրոտիկ, հատկապես այն ժամանակների չափորոշիչներով։ Մաթա Հարին պարում էր գրեթե մերկ, բարակ, կիսաթափանցիկ կտորներով և մետաղյա զարդարանքներով, որոնք հազիվ էին քողարկում կրծքերը։ Նա հիպնոսացնում էր, տղամարդկանց հասցնում խելագարության և իր անձի շուրջը բազմաթիվ բամբասանքներ և սկանդալներ առաջացնում։
Նրա փառքի աճի հետ զուըգընթաց նա ավելի ու ավելի շատ հետաքրքրություն էր առաջացնում ազդեցիկ տղամարդկանց մոտ և վերջիվերջո դառնում է Եվրոպայի ամենահայտնի կուրտիզանուհին։ Նրա գայթակղելու արվեստը ծնեց մի նոր արտահայտություն՝ «femme fatale», այսինքն ճակատագրական կին։
1915թ. Մաթա Հարին իրեն ծեր է համարում պարուհու կարիերան և ճոխ էկզոտիկ կյանքը շարունակելու համար։ Նա վերադառնում է Հոլանդիա և ցանկանում պարզ կյանք վարել, ամուսնանալով այն տղամարդու հետ, ում սիրում է։ Բայց նրա երազանքներն ու մտադրությունները չկատարվեցին։ Նրա ամուսնուն Առաջին համաշխարհային պատերազմին զորակոչում են ճակատ։ Երբ Մաթա Հարին իմանում է, որ նա վիրավոր է և գտնվում է Ֆրանսիայի հիվանդանոցում, նա վիզա է խնդրում, որպեսզի կարողանա այցելել իր ամուսնուն։ Ֆրանսիայի իշխանությունները նրան գործարք են առաջարկում՝ նա կարող է վիզա ստանալ, միայն եթե իրենց համար լրտեսություն անի գերմանական թիկունքում։ Կինը հուսահատված էր և ընդունում է առաջարկը։
Օգտվելով իր կապերից, Մաթա Հարին կարողանում է մտերմանալ արքայազն Վիլհելմի հետ։ Ցավոք նա այդպես էլ չի կարողանում արքայազնից որևէ արժեքավոր ինֆորմացիա իմանալ՝ ինչպես պարզվեց, արքայազնը շատ քիչ բան գիտեր իր երկրի զինվորական գործից և բոլորովին չէր հետաքրքրվում քաղաքականությամբ։ Բայց ամենավատն այն է, որ գերմանացիները իմանում են, որ Մաթա Հարին լրտես է։ Այդ պահից սկսած՝ կինը դատապարտված էր։ Նրան դարձնում են երկակի լրտես, շախմատային զինվոր՝ երկու համաշխարհային գերտերության քաղաքական խաղերում։
1917թ. փետրվարի 13-ին ֆրանսիական իշխանությունները ձերբակալում են նրան։ Մաթա Հարիի ձերբակալության նորությունը բոլոր թերթերի շապիկներին էին։ Մամուլը լցված էր բամբասանքներով և բացահայտ ստերով՝ ստեղծելով անհեթեթ սյուժեներ այդ կնոջ մասին։ Չնայած նրան, որ բոլոր ապացույցները մակերեսային էին, Մաթա Հարիին մեղավոր են ճանաչում պետական դավաճանության մեջ և դատապարտում մահապատժի։
1917թ. հոկտեմբերի 15-ին, գնդակահարության պատի տակ կանգնած Մաթա Հարին ոչ միայն հրաժարվում է, որպեսզի կապեն իր աչքերը, այլ նաև օդային համբույր է ուղարկում 12 զինվորներին՝ իր դահիճներին։ Հրամանով զինվորները կրակում են, 11 փամփուշտ մխրճվում է նրա մարմնի մեջ, իսկ նոր զորակոչված 12-րդ զինվորը՝ ուշաթափվում է։
41 տարեկանում Մաթա Հարիի կյանքն ընդհատվում է։
Մաթա Հարիի կյանքի պատմությունը ցնցում է և բազմաթիվ հարցեր առաջացնում։ Պատմաբանները մինչ հիմա փորձում են հասկանալ, թե ով էր այդ հանելուկային կինը։ Այժմ դժվար է ասել, իրո՞ք նա փորձառու գայթակղող, սեփական շահի համար տղամարդկանց մանիպուլյացիայի ենթարկող կին էր, թե՞ ուղղակի քաղաքական խաղերի անմեղ զոհ։ Բայց մի բան հայտնի է հաստատ՝ Մաթա Հարին կին էր, ով կարողացավ ստեղծել ինքն իրեն։ Նա հավերժ մտավ պատմության մեջ որպես ճակատագրական կին և սեքսուալ լրտեսուհի։