fbpx

Գրում են ընթերցողները. Մարգարիտա Ասլանյան – Հետո ուշ կլինի …

514048_derevya_art_krasnyj_plashh_sneg_zima_les_figura…Հետո ուշ կլինի… Հետո ձմեռը կարծաթի իմ հին փողոցի ճամփաներն անցած, ուր ես չեմ լինի, ուր չես լինի դու և սառցե սավանների սրտում ոտնահետքերս՝ ներկված արյունով, մի օր կդառնան անտես գոլորշի ու կանէանան օրերիս դեմքի խոր կնճիռներից՝ որպես խաբկանքներ մի սին գոյության, որպես մոռացում՝ անմոռաց ցավի… Իսկ փողոցներում՝ դատարկ, ամայի, մենավոր լապտերները ևս մեկ անգամ ծանր կթարթեն ձյունող երկնքի վերքերից թափվող հազար կարոտներ՝ անհասցե ու որբ՝ դանդաղ փաթիլվող մոխրացած հուշի գլխին մշտաբաց, սահուն իջնելով մրսող աշխարհի անծածկ ուսերին …

Հետո ուշ կլինի… Հետո կգժվի իմ կարոտը խենթ ու ես կուչ կգամ ձմռան ցրտերից ինձ փրկել փորձող այս մամռակալած ու կիսախարխուլ պատի տակ մենավոր իմ տան՝ դառնալով մի բուռ, արցունք դառնալով քրտնած ապակու արտասվող դեմքին և խավարելով անհագուրդ քաղցից …

Ոչինչ չի մնա… Օդը կդողա իր թափանցիկ շղարշում անվերջ թևածող ցուրտ ձմեռների անսանձ թռիչքից և կքարանա մարդկանց շուրթերին՝ որպես մի շշուկ՝ համր,անլեզու, որպես խոստովանություն, սակայն ուշացած, որպես մի ներում՝ սարսափ-հանցանքի, որ անդարձություն է բերելու հետո և դառնալու է մեծ դատարկություն …

Հետո ուշ կլինի … Հետո սառած մատներս և կարոտ արտաշնչող օդս լուռ կխարխափեն ձյունոտ մայթերի ցուրտ միջանցքներում՝ հավետ գամվելով մենության սյունին, ընդմիշտ կորցնելով հպանցիկ պահի գրկախառնության բերկրանքն անմոռաց՝ միշտ թափառելով անսիրտ, անմարմին …

Էլի կարտասվեմ … Ինձ ընծա թողած աշխարհն այս անքեզ իմ որբ հայացքում արյուն կդառնա ու թափվող ձյունը կարմիր կհագնի՝ հանդարտ իջնելով սևասքեմ կյանքի ցեխոտ մուտքերին՝ նրա ելքերում ընդմիշտ դառնալով լոկ մի ջրափոս …

Հետո ուշ կլինի … Հետո ես կգրկեմ ձմռան անթափանց մառախուղն ու խելագարի պես ոտնատակ տալով դատարկ աշխարհի անվերջ սահմաններն՝ ամենուր կփնտրեմ քեզ ու կոտրված կյանքս, որ կիսատ կմնա ու նաև թերի, երբ դու չլինես, երբ չլինեմ ես, երբ աշխարհի սիրտն ինձ համար դառնա լոկ մեր այրված հուշերի մոխրով ափեափ լցված մի գորշ մոխրաման՝ անկանոն ձգվող խեղդածին ծխով… Իսկ հետո… Հետո ձմեռը կարծաթի աչքերս՝ քեզանից հետո ոչինչ չտեսնող, կմշուշի լուսամուտներիս սառած ապակիներն, իմ տան օդը, պատերը խարխուլ, իմ ունեցածն ու չունեցածը, դատարկությունն ու մենությունն, այն ամենն, ինչ պիտի մնա առանց քեզ, այն ամենն, ինչ պիտի չունենա ինձ, երբ հետո հանակարծ շատ ուշ կլինի, երբ ցուրտ կլինի, երբ հետո ընդմիշտ ձմեռ կլինի ու ոչի՜նչ, ոչի՜նչ չի լինի …

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Մարգարիտա Ասլանյան – Հետո ուշ կլինի …
Ովքեր են ալֆա-, բետա- և օմեգա-տղամարդիկ: Եվ ո՞ր տիպին է պատկանում ձեր տղամարդը